Մշակութային

Միքայէլ Ոսկանեանը փակագծեր է բացել «Օսկար»-ի ընտրացանկում յայտնւած հայկական ֆիլմի մասին

Յայտնի եւ սիրւած թառահար Միքայէլ Ոսկանեանը փակագծեր է բացել «Օսկար»-ի ընտրացանկում յայտնւած հայկական ֆիլմի մասին։

«Առաջին անգամ պաշտօնապէս հայկական ֆիլմն անցել է «Օսկար»-ի ընտրացանկ՝ Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ անւանակարգում, որտեղ ընդամէնը 15 ֆիլմ է ընդգրկւած:

Սա իրապէս մեծ նւաճում է, ինչի համար շնորհաւորում եմ բոլոր-բոլորին, ով աշխատել է ֆիլմի վրայ:

Ինձ համար ոգեւորութիւնը կրկնակի է, քանի որ պատիւ եմ ունեցել ֆիլմի մաս կազմել՝ աշխատելով յաւելեալ երաժշտութեան վրայ եւ Յովիկ Կեուչկերեանին սովորեցրել թառ նւագել: Աւելին, ֆիլմում տեղ է գտել ոչ միայն իմ երաժշտութիւնը, այլեւ ես ինքս՝ փոքրիկ կամեոով։

Լաւ առիթ է, շնորհակալութիւն յայտնեմ իմ թիմի երաժիշտ ընկերներին, հնչունային ռեժիսորին, «Կարին» համոյթի երգչախմբին՝ ում շնորհիւ այդքան սիրուն հայկական երաժշտութիւն ենք ստացել:

Յուսանք՝ սա դեռ սկիզբն է: Նորանոր նախագծեր եւ յաջողութիւններ եմ մաղթում»,-գրել է Ոսկանեանը։

Նա նաեւ մի քանի լուսանկարներ է հրապարկել, որոնք արւել են ֆիլմի նկարահանման ընթացքում ու դրանից առաջ։

«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխութեան խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջեանի «Ամերիկացի» ֆիլմը։ Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական ֆինանսական աջակցութիւն, հայկական կողմի պրոդիւսեր՝ Արման Նշանեան, արտադրող ընկերութիւն՝ People Of Ar Productions:

Միջազգային խաղարկային ֆիլմ անւանակարգի երկար ցուցակում ընդգրկւած է եղել ֆիլմեր 88 երկրներից եւ տարածաշրջաններից:

«Օսկար»-ի մրցանակաբաշխութեան անւանակարգերը կը յայտարարւեն՝ 2024 թ. յունւարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողութիւնը տեղի կունենայ 2024 թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում եւ կը հեռարձակւի ABC ուղիղ եթերով:

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button