ՄիջազգայինՍփիւռք

Հնարաւոր է ապամոնտաժւի Քեօլնում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը

Թուրքական մամուլում տարածւած լուրերի համաձայն՝ Քեօլնում թուրքական «Վաթան» կուսակցութեան մղած պայքարի հետեւանքով հնարաւոր է՝ ապամոնտաժւի տեղի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը։ Ըստ թուրքական լրատւամիջոցների՝ «Վաթան» կուսակցութեան՝ Գերմանիայի ներկայացուցիչ Դենիզ Եըլդըրըմն իր ելոյթում թուրքերէն շնորհաւորել է Քեօլնի քաղաքապետարանի կայացրած որոշման կապակցութեամբ։ Այդ մասին յայտնում է Akunq.net-ը։

Աղբիւրի համաձայն՝ մասնաւորապէս «Այդընլըք» պարբերականը գրում է, որ «Վաթան» կուսակցութեան ներկայացուցչութեան կոչը մեծ արձագանգ է գտել տեղի թուրքական համայնքի կողմից, եւ Թուրքիայի Հանրապետութեան 100-րդ տարելիցի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Քեօլնում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանն ապամոնտաժելու ակցիա է իրականացւել, որն ապարդիւն չի անցել թուրքերի համար։

Քեօլնի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ՝ 2023 թ. դեկտեմբերի 7-ին նախատեսւող քաղաքապետարանի խորհրդի ժողովում յայտարարւելու է յուշարձանն ապամոնտաժելու անհրաժեշտութեան մասին։ Մինչ օրս այդ հարցին հետամուտ են եղել Թուրքական միութիւնների նախաձեռնութեան հարթակը եւ «Վաթան» կուսակցութեան՝ Գերմանիայի ներկայացուցչութիւնը։

Դենիզ Եըլդըրըմը նաեւ հանդէս է եկել Գերմանիայի թուրքական համայնքին ուղղւած կոչով՝ խնդրելով, որ 2023 թ. դեկտեմբերի 7-ին համայնքի ներկայացուցիչները հաւաքւեն Քեօլնի քաղաքապետարանի մօտ եւ իրենց աջակցութիւնը յայտնեն Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի ապամոնտաժման համար պայքարող թուրքական կազմակերպութիւններին, որպէսզի քաղաքապետարանի որոշումն անբեկանելի լինի։ https://www.aydinlik.com.tr/haber/kolndeki-iftira-aniti-kaldiriliyor-437110

Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Akunq.net

Առնչւող Յօդւածներ

Back to top button