ԳաղափարականԴաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը։

– «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումն ինչպէ՞ս էք տեսնում, այն համահայկական դառնալու հեռանկար ունի՞, որ իշխանափոխութեան հիմք դառնայ։

– Իսկապէս անհրաժեշտ է, որ համահայստանեան դառնայ շարժումը, որովհետեւ Տաւուշի հարցը միայն Տաւուշի հարցը չէ՝ Հայաստանի անվտանգութեան հարց է։ Տաւուշը եթէ զիջենք, Նիկոլ Փաշինեանը կը շարունակի զիջումների շղթան, եւ մենք պէտք է փաստենք, որ դիմադրութիւն կայ, եւ մերժում ենք Հայաստանի մի մասը թշնամուն յանձնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ շարժումը համահայաստանեան բնոյթ ստանայ։

Եկեղեցու դէմ արշաւն ինչո՞վ էք պայմանաւորում՝ օրինակ, Բագրատ Սրբազանին ռուսական ԿԳԲի գործակալ ներկայացնելու փորձերը, վտա՞նգ են տեսնում նրա անձի մէջ։

– Դա շատ էժան քարոզչութիւն է իշխանութիւնների կողմից, որպէսզի փորձեն վարկաբեկել բոլոր այն գործիչներին, ովքեր դիմադրութեան մէջ են։ Նրանք հասկանում են, որ շարժումն աւելի է լրջանում եւ զօրակցութիւն ստանում, եւ այդպիսով փորձում են վարկաբեկել եկեղեցին։ Վաղը կը վարկաբեկեն այլ անձանց կամ կազմակերպութիւններին, կուսակցութիւններին, որ դիմադրութեան մէջ են։ Սա նշանակում է, որ իշխանութիւններն իրենց վտանգւած են զգում, եւ շատ էժան, շատ վատ եւ շատ աղքատ քարոզչութիւն է սա։

Երբ հետեւում էք Տաւուշի շուրջ նախաձեռնութեանը, ընդհանուր ընդդիմադիր դաշտի գործողութիւններին, տեսնո՞ւմ էք միաւորւածութիւն, թէ՞ դեռ որոշակի պառակտւածութիւն կայ։

– Ես բաւական լաւատես եմ, տեսնում եմ, որ այսօր տարբեր շրջանակներ համաձայնում են միասնաբար, որովհետեւ այնքան վտանգաւոր է Հայաստանի համար եւ Հայաստանի ժողովրդի համար Նիկոլ Փաշինեանի քաղաքականութիւնը՝ ի նպաստ թշնամիներին, որ այսօր իսկապէս լուրջ գիտակցութիւն կայ, որ պէտք է համախմբել բոլոր ուժերին, որոնք կարող են դիմադրել եւ ընդդիմանալ այս յանձնվողական քաղաքականութեան դէմ։ Ես բաւական լաւատես եմ եւ շատ եմ վստահում Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովուրդը կարող է արթնանալ, ոտքի կանգնել եւ արգելել, որ յանձնւի Հայաստանը թշնամուն, որովհետեւ ապագան այդ է։ Երբ մենք ասում էինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, եւ եթէ Արցախը յանձնւի, վաղը Հայաստանը կը վտանգւի, ճիշտ այդ սցենարն է, որ տեղի է ունենում, Արցախը Փաշինեանը յանձնեց Ադրբեջանին, եւ հիմա մաս-մաս Հայաստանի տարբեր հատւածներ սկսեցին յանձնել թշնամուն։ Այսօր Հայաստանի գոյութիւնը հարցականի տակ է, Հայաստանի ժողովրդի ապագան հարցականի տակ է, եւ այս վտանգի առջեւ միասնականօրէն բոլոր ազգային հայորդիները, ամբողջ ժողովուրդը պէտք է ոտքի կանգնեն, որ արգելեն երկիրը յանձնել թշնամուն։ Ես տեսնում եմ, որ քայլերը դրական են եւ կարող են յաջողել այսօր, որովհետեւ տարբեր շրջանակներ գիտակից են այս վտանգին, եւ ես լաւատես եմ, որ Հայաստանի ժողովուրդը ոտքի կը կանգնի եւ կը վայելի սփիւռքի զօրակցութիւնը։ Նախ համահայաստանեան ծաւալ պէտք է ստանայ, եւ երբ դա լինի, համահայկական բնոյթ կը տանք այս շարժմանը։

Ֆրանսիայի հայկական համայնքը կիսո՞ւմ է Ձեր կարծիքը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցողի վերաբերեալ։

– Դժւար է պատասխանել, բայց շատ կարեւոր մաս կայ, որ այսօր զօրավիգ չի կանգնում Փաշինեանի քաղաքականութեանը, որովհետեւ Արցախի համար պայքարել է Ֆրանսիայի համայնքը եւ Սփիւռքն ընդհանուր առմամբ, որպէսզի Արցախը մնայ հայկական, եւ Արցախը յանձնւեց։ Նաեւ Հայկական Սփիւռքը աշխատանք է տանում Հայաստանի անվտանգութեան մասով, ու երբ Հայաստանի տարբեր հատւածներ փոխանցւում են թշնամուն, Սփիւռքը միայն կարող է դատապարտել ու չի կարող համաձայնել այս քաղաքականութեանը։

Որոշակի շրջանակներ քննադատում են եկեղեցուն, մասնաւորապէս Բագրատ Սրբազանին, որ հոգեւորականը գործ չունի քաղաքականութեան մէջ։

– Ով որ նման բան է ասում, ծանօթ չի հայոց պատմութեանը։ Եկեղեցին միշտ ունեցել է ազգային դեր եւ երբ որ եկեղեցին նաեւ դիմադրութեան մաս է կազմում եւ ժողովրդի թիկունքին է կանգնում, նշանակում է, որ հայ ժողովուրդն ուժ է ստանում իր պահանջներով, ուրեմն շատ լաւ հասկանալի է, որ կառավարութեան շրջանակները կամ կառավարութիւնն ինքը, կամ վարչապետն ինքը, փորձում են վարկաբեկել Բագրատ Սրբազանին, բայց Բագրատ Սրբազանն ազգային մարդ է, եւ ինքը դիմադրութեան առանցքային կերպարն է։ Ընդհակառակը, պէտք է զօրակցել Բագրատ Սրբազանին, եւ պէտք է այդ շարժման ղեկավարն այդ ուժը ստանայ եւ բոլորի զօրակցութիւնը վայելի։ Բնական է, որ երբ փորձում են վարկաբեկել, նշանակում է՝ հասկանում են, որ նոր թափ է ստացել դիմադրութիւնը, եւ սա մեզ պիտի քաջալերի, նշանակում է՝ ճիշտ ուղղութեան մէջ ենք։

Առնչւող Յօդւածներ

Back to top button