Դաշնակցական ԲեմՀարցազրոյցՍփիւռք

Մենք դէմ չենք խաղաղութեանը, բայց ոչ ի հաշիւ մեր գոյութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն աշխուժօրէն շարունակում է գործունէութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում՝ պատասխանատւութիւն ստանձնելով բոլոր այն հարցերում, որոնք կենսական նշանակութիւն ունեն համահայկական շահերի տեսանկիւնից: Կուսակցութեան յարատեւութեան ու զօրութեան գլխաւոր գրաւականը նրա նւիրեալ անդամներն են, ում համար հայրենիքի ու ազգի համար աշխատանքը սուրբ առաքելութիւն է, որ նրանք ստանձնում ու իրականացնում եմ ողջ կեանքում՝ անտրտունջ, սիրով ու հաւատով: ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանն այդ անհատներից է, ով երկար տարիներ ծառայել է ՀՅԴ շարքերում՝ նշանակալի ներդրում ունենալով կուսակցութեան զարգացման ու ծրագրերի կայացման գործում: Խաժակ Մկրտիչեանը ծնւելով Սիրիայում, երկար տարիներ եղել է Դաշնակցական մամուլի աշխատակից՝ այս ոլորտում գործունէութիւնը սկսելով 1989 թւականին Աթենքի «Դրօշակ»ի խմբագրատանը: ՀՅԴ Բիւրոյի հրամանով, այնուհետեւ գործուղւել է Հայաստան, որտեղ առաջին Շրջանային ժողովի ժամանակ, 1991 թւականին, ընտրւել է Հայաստանի Կենտրոնական կոմիտէութեան անդամ, եւ ստանձնել է ուղեկից միութիւնների ու կազմակերպական հարցերի պատասխանատւութիւնը: Նոյն տարում հիմնել է Հայաստանի Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական միութիւնը՝ իր մասնաճիւղերով: 1993 թւականին Խաժակ Մկրտիչեանը վերադարձել է Հալէպ՝ ստանձնելու «Գանձասար» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտօնը, եւ այն վերածել է շաբաթաթերթի: 1997 թւականին նա հրաւէր է ստանում Եգիպտոսից՝ գլխաւորելու «Յուսաբեր» օրաթերթը որպէս խմբագիր: 1999 թւականին, ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի հրաւէրով Մկրտիչեանը ստանձնում է «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագրի պարտականութիւնը մինչեւ 2007 թւականը: Ներկայում Խաժակ Մկրտիչեանը գործում է Հարւարդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնում՝ որպէս ՏՏ ոլորտի մասնագէտ, եւ շարունակում է յօդւածներ հրապարակել հայութեանը յուզող հարցերի շուրջ:

«Ասպարէզ»ի հետ դեկտեմբերի 7ին կայացած զրոյցում, ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանն անդրադառնում է հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին, ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեսակէտները կենսական նշանակութեան հարցերի մասին, խօսում իրականացւող աշխատանքներից ու ծրագրերից:

Պարոն Մկրտիչեան, համայն հայութեան ուշադրութիւնն այսօր ուղղւած է արցախահայութեան խնդիրներին: Արցախի ռազմաքաղաքական մի շարք գործիչներ Բաքւի բանտերում են՝ այդ թւում նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը: Արցախի գերեվարւած ղեկավարների իրաւական պաշտպանութեան առումով ՀՅԴն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

– Բնական է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանի գերեվարւած լինելն առանձնայատուկ նշանակութիւն ունի մեր համար, սակայն չենք ցանկանում նրան զատել միւս գերեվարւածներից, եւ հարցը դիտում ենք ամբողջութեան մէջ: Ութ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման փաստը մեր համար բաւական մեծ հարւած է՝ ուղղւած Արցախի Հանրապետութեան խորհրդանիշին. այդ հեղինակաւոր դէմքերը կանգնած էին Արցախի Հանրապետութեան ծնունդի ակունքներում, եւ շատ մեծ դեր են ունեցել ստեղծելու այն նախանձելի ժողովրդավարական մթնոլորտն ու կացութիւնը, որտեղ արցախահայութիւնը վայելում եւ արարում էր իր հայրենի հողում: Այսօր իրենց գերեվարւածութիւնը մենք ընկալում ենք իբրեւ մեծ հարւած՝ ուղղւած արցախահայութեան ինքնորոշման եւ ժողովրդավարօրէն արտայայտած կամքի ուղղութեամբ: Շատ զայրոյթ պատճառող է, որ ահաբեկչական վարչախումբ ունեցող երկիրն Ալիեւի գլխաւորութեամբ, ուղղակի համարձակւում է Արցախի ժողովրդավարութեան ծնունդ Արցախի ղեկավարներին ինչ-որ ահաբեկչական ամբաստանութիւններ ներկայացնել: Այստեղ նաեւ տարօրինակ, ընդվզեցուցիչ եւ անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների լռութիւնը, որոնք մինչեւ երէկ դեռ ամերիկեան բիւջէներով Արցախի Հանրապետութեանը գումարներ էին յատկացնում, այցելութիւններ էին կատարում Արցախ, Մինսկի խմբի համանախագահները բանակցութիւններ, խորհրդատւութիւններ, հանդիպումներ էին ունենում արցախցի գործիչների հետ: Ադրբեջանի կողմից այդ գործիչներին ուղղւած ահաբեկիչի ամբաստանութիւնն արժէ նկատել նաեւ ուղղւած է նշւած երկրներին, որոնք, ի վերջոյ եթէ եզրակացնենք, նշանակում է, որ ֆինանսաւորում կամ աջակցում էին ահաբեկչական կառոյցի, ինչն այդպէս չէ: Իրենց լռութիւնը զայրոյթ է առաջացնում, քանի որ պէտք է նախ իրենք տէր կանգնեն իրենց սկզբունքներին, որ ժողովրդավարութեան ջատագովներ են, մարդու իրաւունքների պաշտպանութեան կարգախօսներով են սնուցում, իսկ այստեղ՝ ժողովրդավարութեամբ արտայայտւած արցախահայութեան ժողովրդավար կամքի արտայայտութիւն հանդիսացող ղեկավարների գերեվարման հարցում լուռ են: ՀՅԴ-ն փորձում է հանդիպումներում այս փաստն առաջ մղել, եւ ինչ որ ձեւով նրանց պատասխանատւութեան հրաւիրել, որ տէր կանգնեն այդ սկզբունքներին, եւ հնարաւորինս, ճնշամիջոցներով փորձեն ազատ արձակել մեր գերեվարւած անձանց:

Միւս դժւարութիւնն այն է, որ Ադրբեջանի օրէնքը թոյլ չի տալիս դրսից փաստաբան հրաւիրել, եւ պահանջ են ներկայացնում, որ այդ փաստաբանն Ադրբեջանի քաղաքացի պէտք է լինի, որի արդարամտութեան հարցում շատ մեծ կասկած կարող է առաջանալ, թէ ինչպէս կարող է ադրբեջանցի փաստաբանը պաշտպանել արցախահայ ղեկավարի, դա աբսուրդ (անհեթեթ) է: ՀՅԴ-ն փորձում է մարդու իրաւունքների դրօշակակիր կազմակերպութիւններում ճնշումներ բանեցնել, որ կարողանանք Արցախի ղեկավարներին ազատել:

ՀՅԴն Արցախի պետական համակարգի պահպանումը յայտարարել է առաջնայնութիւն, որը կարեւոր լծակ է ե՛ւ արցախահայութեան իրաւունքների ամրապնդման, ե՛ւ հետագայում վերադարձի իրաւունքի համար: Ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում համակարգի պահպանման, Արցախի ապագայի ուղղութեամբ:

– ՀՅԴ-ն Արցախի խորհրդարանում ներկայացւած ուժ է, եւ այսօր Հայաստանում են գտնւում Արցախի Հանրապետութեան նախագահը, գերագոյն դատարանը, եւ առնւազն համակարգը պահպանելու նպատակն ու ճիգը մեր համար շատ կարեւոր են, այն իմաստով, որ արցախահայութիւնը յանկարծ չցրւի, եւ ունենանք այդ ինստիտուտները (հիմնարկները), որոնք լիազօրւած են արցախահայութեան անունով խօսելու: Մեր համոզմամբ, Արցախի խնդրի էջը փակւած չէ, եւ այդ էջը բաց պահելու առաջին նախադրեալը՝ այդ ինստիտուտները պահպանելն է, որպէսզի ժողովրդավարութեամբ ընտրւած այդ օղակները լիազօրւած լինեն Արցախի հարցի արծարծման եւ պահպանման:

Միաժամանակ, այսօր ցաւալիօրէն կարելի է նկատել, որ ՀՀ իշխանութիւնները այդ գծով վերապահ են, եւ տեղ-տեղ նաեւ արհեստական դժւարութիւններ են փորձում առաջացնել, որ մեր համար անընդունելի եւ ապազգային քայլ է, որովհետեւ այդ միտումն առաջնորդում է միայն Արցախի էջի փակման. եթէ արցախահայութիւնը Հայաստանում ցրւի եւ աւելի վատ՝ Հայաստանից էլ դուրս գայ, նշանակում է մէկանգամ եւ ընդմիշտ՝ Արցախը կորցնելու խնդրի հետ հաշտւել ենք: Արցախի պետական ինստիտուտները պէտք է պահպանել, որովհետեւ նրանք դեռ անելիք ունեն արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան հարցում, եւ դա մեր հասկացողութեամբ՝ ինքնորոշման իրաւունքի հարցն է: Ցեղասպանութեան հետեւանքով բռնի տեղահանւած եւ հայաթափւած Արցախի հարցն ամբողջ իրաւական ենթահող կարող է ծառայել վերադարձի իրաւունքի պահանջին, իբրեւ հատուցում, իբրեւ լուծում, եւ Արցախն ամէն իրաւունք ունի իր վերադարձի հարցն արծարծելու, բայց ոչ այն պայմաններում, որ ապրեց շրջափակման տասը ամիսների ընթացքում կամ սեպտեմբերեան յարձակումների ժամանակ:

Այդ բոլոր իրադարձութիւններն եկան համոզելու, որ եղած երաշխիքները չեն ապահովում արցախահայութեան իր հողում մնալու անվտանգութիւնը: Այս պահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան շատ կրաւորական, եւ իրական գետնի վրայ լծակներ չունեցող կարգավիճակում են, իսկ իրական լծակներ ունեցող Ռուսաստանն իր դերը չկատարեց արցախահայութեան անվտանգութեան իմաստով: Ուրեմն, վերադարձի հարցը շատ սերտօրէն առնչւում է միջազգային անվտանգային երաշխիքների ստեղծման հետ: Առանց դրա, որեւէ մէկը չի կարող պատկերացնել, որ արցախահայութիւնը կարող է իր հայրենի բնօրրանի վրայ ապրել Ալիեւի բռնապետական եւ ահաբեկչական վարչախմբի ներքոյ: Որքան էլ վերջինս փորձի իր քարոզչական միջոցներով խօսել համարկման մասին՝ դա որեւէ պայմանով երաշխիք չի կարող լինել արցախահայութեան անվտանգութեան, այն դէպքում, երբ նոյն Ադրբեջանի քաղաքացիները հալածանքի եւ ամէն տեսակ կտտանքի են ենթարկւում:

Եթէ ԵԱՀԿ Մինսկի խումբը չգործեց որպէս անվտանգային երաշխիք, ի՞նչ այլ տարբերակներ էք դիտարկում:

– Մինչեւ այսօր Մինսկի խումբը Արցախի հիմնահարցի լուծման միակ լիազօրւած միջազգային ինստիտուտն է, որը չաշխատեց: Աշխարհաքաղաքական այսօրւայ ընդհանուր դասաւորումներում, Հայաստանի պետութիւնն ու քաղաքական ուժերը ամէն ջանք պէտք է թափեն Մինսկի խմբի աշխուժացման եւ հասնեն նրանց պարտաւորութիւնների ստանձնմանը: Այդ ուղղութեամբ աշխատանք տանելու համար, համոզւած ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան մէջ ճշգրտումներ պէտք է կատարւեն, որովհետեւ այն ինչ-որ ՀՀ իշխանութիւնները ներկայում վարում են իբրեւ արտաքին քաղաքականութիւն՝ բացարձակապէս չի բխում մեր ազգային շահերի հետապնդման ուղղութիւնից, հակառակը՝ քայլ առ քայլ փչացւում են մեր բոլոր յարաբերութիւնները տարածաշրջանում մեր քիչ թէ շատ դաշնակիցների հետ, եւ նրանց փոխարէն, գետնի վրայ այլ ազդեցիկ դաշնակիցներ չկան: Մեր միակ այլընտրանքն այս պարագայում Թուրքիան է, սակայն այս երկրի պատմական վերաբերմունքը Հայաստանի եւ հայութեան նկատմամբ գոնէ մենք սփիւռքահայերս շատ լաւ գիտենք: Դրա համար, Թուրքիան չի կարող որեւէ մէկ պարագայում Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւնների թեկնածու լինել: Այդ ուղղութիւնը մեր համար անհասկանալի է:

ՀՀ արտաքին քաղաքականութեան ի՞նչ ճշգրտումների մասին է խօսքը:

– ՀՅԴ-ն ընդհանրապէս տարածաշրջանը բաժանում է երկու ռազմավարական գծի: Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան՝ հորիզոնական գիծն է, եւ ուղղահայեաց գիծը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան: Մեր համոզմամբ, որը զուտ հայկական կողմնորոշման մեկնակէտն է, ուղղահայեաց գիծը քիչ թէ շատ համընկնում է հայկական շահերի հետ, սակայն դա բացարձակ իմաստով չենք ասում, որ հակադրւի Արեւմուտքի հետ: Մեր պատկերացմամբ, կարելի է հաշտեցումներ գտնել, հաւասարակշռութիւն պահպանել արեւմտեան քաղաքականութեան եւ ուղղահայեաց գծի միջեւ: Մի բան, որ այսօրւայ իշխանութիւնները հակառակն են անում՝ այնպէս են անում, որ այսօր հակադրւող Արեւմուտքի ու Ռուսաստանի կիզակէտը դառնայ Հայաստանը, ինչն աւերիչ հետեւանքների կարող է յանգեցնել: Այն ինչ եղաւ Արցախի պարագայում, կարող է նոյնը պատահել Հայաստանի դէպքում, եթէ այս քաղաքականութիւնը շարունակւի:

Ձեր նշած ուղղահայեաց գծում առկայ Ռուսաստանից հայ հասարակութեան շրջանում մեծ հիասթափութիւն կայ՝ պայմանաւորւած Հայաստանի եւ Արցախի նկատմամբ այդ երկրի վերջին շրջանի կեցւածքից: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Մոսկւան այլ դիրքորոշում կ՛որդեգրի:

– Մեր կարծիքով, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան միակ երաշխիքը կարող ենք լինել մենք, այսինքն՝ մեր սեփական ուժերին վստահելով, մեր շահերը հաշւի առնելով պէտք է առաջնորդւենք: Սակայն չես կարող իհարկէ կղզիացած ապրել, եւ պէտք է առչնւես ե՛ւ տարածաշրջանի հետ, ե՛ւ միջազգային քաղաքական կենտրոնների հետ: Քաղաքականութեան միտքն ու իմաստն է խորքի մէջ փնտրել այն եզրերը, որոնք քո սեփական շահը կը համընկնեցնի այլ շահերի հետ: Այսօր, կարելի է ասել, որ Ռուսաստանը, միւս երկրների նման, իր սեփական շահերն է հետապնդում, եւ ցաւալիօրէն դրանք այսօր համընկնում են Ադրբեջանի շահերի հետ: Սակայն այստեղ կայ նաեւ Ռուսաստանին վանելու ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, եւ սա էլ աւելի է նպաստում Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման, եւ այդ առիթից Ադրբեջանը շատ վարպետօրէն օգտւում է՝ ու այս ամենի արդիւնքն իբրեւ չարիք անդրադառնում է ՀՀ-ի վրայ:

Չի կարելի հարիւր տոկոսով չէզոքացնել Ռուսաստանի հետ շահերի հետապնդման հարցը, ուղղակի խնդիրը պիտի լինի հայկական շահերի համադրումը ռուսականի հետ, իսկ այդտեղ հնարաւորութիւններ կան, եթէ ՀՀ քաղաքականութիւնը հրաժարւի Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնը դէպի Հայաստան բերելուց, կամ Ռուսաստանի համար նոր ճակատ բացելուց: Մինչդեռ ՀՀ իշխանութիւններն իրենց կողմից այն զարգացնելու ճիգ չեն անում, եւ հակառակը՝ ամէն ջանք թափւում է, որ արդէն իսկ գոյութիւն ունեցող Արեւմուտք-Ռուսաստան հակադրութիւնում Հայաստանը բախման թատերաբեմ դառնայ: Գուցէ դէպի Ռուսաստան Հայաստանի նախկին կողմնորոշման վերականգնումը չլինի, որովհետեւ նոր աշխարհաքաղաքական իրականութիւն է, ռուսներն էլ շահեր ունեն Կասպից ծովում, յարաբերութիւններ Թուրքիայի հետ՝ Սիրիայի եւ Լիբիայի տարածքներում: Այդ մեծ քաղաքականութեան մէջ մեր դերակատարութիւնը սահմանափակ է, բայց մեր ազգային շահերից ելնելով, կարելի է Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւնները վերականգնել, եւ դրական դարձնել՝ առանց հարւածելու այն յարաբերութիւններին, որ արդէն ունենք Արեւմուտքի հետ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների:

Արաբաիսրայէլական, ուկրաինական հակամարտութիւնների պայմաններում Հայաստանը շարունակո՞ւմ է բախման հնարաւոր հարթակ հանդիսանալ:

– Գուցէ համաշխարհային լրատւական հոսքերում այս հակամարտութիւններն ինչ-որ չափով աւելի շատ են արծարծւում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում դա հնարաւոր չէ: Ցաւալին այն է, որ հակադրւող ուժերի բախումները տեղի են ունենում Հայաստանի տարածքում եւ Հայաստանի շուրջ՝ սակայն առանց Հայաստանի դերակատարութեան, այսինքն՝ մեր ճակատագիրը որոշւում է առանց Հայաստանի մասնակցութեան, եւ եթէ մեղաւորներ փնտրելու խնդիր կայ, ապա իրավիճակը պարզապէս արդիւնք է մեր վարած քաղաքականութեան: Գարեգին Նժդեհը լաւ խօսք ունէր՝ ասում էր. «Վայ այն ժողովրդին, որ իր գլխին եկած չարիքների պատճառն ուրիշների մէջ էր փնտրում»: Ի վերջոյ, մենք ենք մեր գլխին եկած չարիքների պատճառը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարծես բեկում կայ՝ ՀՀ իշխանութիւնները խօսում են խաղաղութեան պայմանագիր ստորագրելու մասին: ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերեալ:

– Ապշելու է, որ այս կացութեան մէջ, այսքան կորուստներին ի տես, եւ բոլոր կորուստների էջը փակելու ճիգով, կարելի է խօսել խաղաղութեան մասին: Այսինքն, չեմ հասկանում, իրենց համար խաղաղութեան բնութագրումը կամ սահմանումն ինչ է: Մենք կարծում ենք, որ խաղաղութիւն կարելի է հաստատել, երբ ի վիճակի ես քո խաղաղութեանդ սպառնացող վտանգների առաջն առնել, հաշւի առնելով նաեւ, որ այս տարածաշրջանն այն գերզարգացած, մարդու իրաւունքները պաշտպանող միջավայրը չէ: Այս ձեւով խաղաղութիւն չի հաստատւում: Մինչեւ այսօր ինչ նկատել ենք, իրենց թմբկահարած խաղաղութիւնը հայկական կողմի զիջումների շղթայի ձեւակերպում է՝ Արցախը տանք, Սիւնիքն անպաշտպան ձգենք, անկլաւները (միջերկիրները) տանք, հարիւր հազարով ադրբեջանցի վերաբնակեցնենք Հայաստանի տարածքում, որ խաղաղութիւն լինի, բայց սրա անունը խաղաղութիւն չէ, այլ՝ անձնամատուցութիւն է: Մեր պատկերացրած արժանապատիւ խաղաղութիւնը մեր պաշտպանունակութիւնը բարձրացնելով երաշխաւորւած խաղաղութիւնն է: Հայ ժողովրդից աւելի խաղաղասէր ժողովուրդ չկայ, մենք դէմ չենք խաղաղութեան, բայց ոչ ի հաշիւ մեր գոյութեան:

Թուրքիան էլ, պայմանաւորւած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացներով, աշխուժացնում է դերակատարութիւնը Հայաստանին առնչւող հարցերում, հայթուրքական սահմանի բացման հարցը շարունակում է զօրակարգային լինել: Հայաստանն այսօրւայ կացութեամբ, պատրա՞ստ է ըստ ձեզ, որեւէ ձեւաչափի յարաբերութեան թուրքերի հետ:

– Շատ յստակ է, որ Թուրքիան Հայաստանի հետ իր յարաբերութիւնները պայմանաւորել է Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնների արդիւնքով: Եւ այդ նախապայմաններով է Թուրքիան առաջնորդւում Հայաստանի հետ որեւէ տեսակի յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Նախանշաններ կան, որ նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցի արծարծումը Թուրքիայի կողմից նախապայման է ներկայացւում, որի նկատմամբ մենք որպէս ազգային գաղափարախօսութիւն կրող քաղաքական ուժ հարիւր տոկոսով դէմ ենք, եւ չենք կարող հանդուրժել հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացում՝ նախապայմաններով, եւ ի հաշիւ մեր պատմական անժամանցելի իրաւունքների կորուստի:

Սա չի նշանակում, որ մենք դէմ ենք հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատմանը: Տարիներ առաջ, երբ արծարծւել է այս խնդիրը, մենք յստակ դիրքորոշում ենք արտայայտել, որ կողմ ենք, եւ դէմ չենք առանց նախապայմանների բնականոնացման: Յիշում եմ, որ Վահան Յովհաննիսեանն էլ ասում էր, որ մենք չենք, որ սահմանները փակել ենք, իրենք են փակել, իրենք էլ թող բացեն: Դրա համար, նախապայմանների հարցն է, որ մեր համար խնդրոյ առարկայ է:

Երկրորդ կարեւոր խնդիրը, որ մեր մտքում ունեցել ենք, այն է, որ յարաբերութիւնները շատ վտանգաւոր իրավիճակ կարող են ստեղծել Հայաստանի տնտեսութեան համար, եթէ երկիրը դրան նախապատրաստւած չլինի: Հետեւաբար, այդ յարաբերութիւնների բնականոնացմանը պէտք է գնալ այն պահին, երբ Հայաստանը ներքին իրավիճակով գոնէ որոշակի տնտեսական ինքնապաշտպանական խարիսխ է ստեղծել, որպէսզի կուլ չգնանք թուրքական դրամագլխի (դրամագլուխի) հետեւանքով Հայաստանի թուրքացմանը: Սրա կենդանի օրինակն էլ ունենք. Վրաստան-Թուրքիա իրավիճակը, երբ Վրաստանի տնտեսութիւնը բաւական մեծ չափերով կախւածութեան մէջ է թուրքական դրամագլխի եւ թուրքական տնտեսական տիրապետութիւնից:

ՀՅԴն յայտարարել է, որ ստեղծւած ծանր կացութիւնը Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան արդիւնքն է, եւ ելքը իշխանափոխութիւնն է: Ինչպէ՞ս էք պատկերացնում դա, ունէ՞ք յստակ ծրագիր:

– Այստեղ պէտք է մի քիչ ցաւալի փաստ մատնանշեմ, որ այո, իշխանափոխութիւն իրականացնելու համար մենք նախորդ ամիսներին, տարբեր փորձեր արել ենք՝ կազմակերպելով «Հայրենիքի փրկութեան շարժում», «Դիմադրութեան շարժում», բայց ընդդիմութեան ձախողումն է, որ մինչեւ այսօր Հայաստանում իշխանափոխութիւն դեռ տեղի չի ունեցել: Մեր թէզերն արդար են, մեր տեսակէտները ճիշտ են, մեր կեցւածքներն ազգային շահերի մեկնակէտ ունեն, բայց գործնականօրէն, այն ինչ պահանջում էինք՝ չկարողացանք իրականացնել:

Որո՞նք են պատճառները:

– Ես կարծում եմ, որ ընդդիմութեան կազմակերպւածութիւնն էր պատճառը: Այսինքն, նման խնդիրներ, մէկ կամ երկու կուսակցութեան հարց չի կարող դառնալ. անհրաժեշտ է ազգային գաղափարախօսութիւն կրող ամբողջ ուժերի համախմբում գաղափարի շուրջ, այն առաջ մղելու համար՝ «ես եմ, դու ես» հասկացողութիւնը մի կողմ դնելու մօտեցում, եւ ազգն ու հայրենիքը իբրեւ առաջնային մտահոգութիւն պէտք է համարւի: Այդ կազմակերպւածութիւնը, ընդդիմութիւնը ցաւալիօրէն, մինչեւ այսօր չի կարողացել իրականացնել, եւ այդ մէկը կարեւոր պատճառներից էր, որ ընդդիմութիւնը չկարողացաւ նաեւ ժողովրդի մէջ այլընտրանք դառնալ այդ յստակ պատկերացումը ներկայացնելու: Երկրորդ պատճառը, որ գաղտնիք չէ՝ Հայաստանում ազգային արժէքները յարձակման թիրախ են, եւ այդ ուղղութեամբ շատ կազմակերպւած աշխատանք է իրականացւում ու յաջողւում է ժողովրդի համար այդ թէզերը հասանելի դարձնել: Սա էլ նաեւ պատճառ է, որ ընդդիմութիւնն իր գաղափարներով շատ չընկալւի հանրութեան կողմից, որովհետեւ այդ բոլոր արժէքներին հարւածելու յստակ մեքենան ստեղծւած է, եւ շարունակում է գործել: Իշխանութիւններն այնքան ցցուն են դարձրել օրինակ այն թէզը, որ իրենք խաղաղութիւն են ուզում՝ մենք պատերազմ, որը բացարձակապէս իրականութեանը չի համապատասխանում: Դուք խաղաղութիւն էք ուզում, բայց ձեր ուզածի անունն իրականում անձնատւութիւն է, մենք խաղաղութիւն ենք ուզում մեր ինքնապաշտպանութեան արդիւնքով ստեղծւած խաղաղութիւն: Նրանք կարողացել են ժողովրդի մէջ ենթահող գտնել եւ համոզել իրենց տեսակէտում:

Այս հիմնաւոր պատճառներն են, որ կարծում եմ ընդդիմութիւնը չի կարողացել իր առջեւ դրած իշխանափոխութեան խնդիրը լուծել, եւ մինչեւ այդ հարցը չկարողանայ լուծել՝ դժւար է իշխանափոխութիւն իրականացնել Հայաստանում, յատկապէս, որ ներկայ իշխանութիւնը ձեռնտու է ե՛ւ Արեւելքին, ե՛ւ Արեւմուտքին, եւ շահագրգռւածութիւնների հարց կայ նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի (լծակից զոյգի) մօտ, քանի որ նրանք Հայաստանի այս իշխանութիւններից աւելի մեծ նւէր չէին կարող ունենալ: Արդիւնքում, աշխարհաքաղաքական ընդհանուր միջավայրն էլ նպաստում է այս իշխանութեան համար իրենց աթոռների պահպանմանը:

Լուծումը՝ այս բոլոր թերութիւնների վերացումն է, որի ուղղութեամբ ՀՅԴ-ն աշխատում է: Այսինքն, մենք ճիգը անում ենք, բայց այդպէս չէ, որ յաջողելու համար մեզնից է միայն կախւած: Այդուհանդերձ, եթէ չի ստացւում, չի նշանակում, որ չպիտի ստացւի: Ճիգերը պէտք է շարունակել: Սփիւռքում էլ կարաւորականութիւն կայ, ազգային գիտակցութեան եւ այս պարտւածի յուսալքութեան ալիքը փոխելու կարիք կայ: Մենք պիտի շարունակենք աշխատել, որովհետեւ այս պարտութեան հետ անկարելի է հաշտւել, եւ այս պարտութիւնների շղթան շրջելու միակ ձեւը, նոյն ոգով, եւ տրամաբանութեամբ ու գիտակցութեամբ աշխատելն է, բայց՝ տասնապատիկ ջանքերով: Գործընթացը շարունակւում է, եւ երբեմն նաեւ՝ ինքնասրբագրումով, այսինքն՝ օգտւելով նախորդ սխալներից, եւ դրանք շտկելով: Մեր համար յարատեւ պայքարը՝ Քրիստափոր Միքայէլեանից մինչ այսօր իբրեւ ուղենիշ է, եւ մենք շարունակելու ենք պայքարը, եւ հաւատացած ենք, որ անպայման յաջողելու ենք:

Որպէս ընդդիմութիւն, որո՞նք են ՀՅԴ օրակարգի առաջնայնութիւնները:

– Նախ պէտք է վերականգնել մեր դաշնակիցների հետ յարաբերութիւնները: Երկրորդը, մեծ կարեւորութիւն պէտք է տալ բանակի վերականգնմանն ու հզօրացմանը: Պատկերացրէք, կառավարութեան ներկայացւած այս տարւայ բիւջէում բանակին յատկացւած միջոցներում աճ արձանագրւել է, բայց դրա տասնապատիկը յատկացւել է ոստիկանութեանը: Այսինքն, թւում է, թէ իշխանութիւնն արտաքին թշնամի չունի եւ ըստ այդմ՝ բանակը զօրացնելու խնդիր չունի, բայց ներքին թշնամի ունի, եւ այդ պատճառով ոստիկանութեան բիւջէն այդչափ մեծացնում է: Երրորդ, Արցախի էջը փակելու խնդիրն ու Ադրբեջանի հետ այս անընդհատ զիջողական քաղաքականութիւնը 180 աստիճան պէտք է հակառակ ուղղութեամբ գնայ՝ առնւազն բանակցային սեղանին արծարծելու այն ինչ այսօրւայ դրութեամբ իրապաշտօրէն հնարաւոր է՝ արցախահութեան վերադարձ, անվտանգութեան կայուն երաշխիքներ: Այս բոլորը հարցեր են, որ կարելի է ներկայացնել միջազգային հարթակներում եւ բանակցութիւններ վարել:

Իրավիճակը մտահոգիչ է նաեւ Միջին Արեւելքի Հայկական Սփիւռքի համար՝ պայմանաւորւած յատկապէս իսրայէլապաղեստինեան հակամարտութեամբ: Ի՞նչ մարտահրաւէրների առաջ են այդ տարածաշրջանի հայ համայնքները:

– Դժբախտաբար, Միջին Արեւելքի՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի հայ համայքներն արդէն կրել են շատ մեծ վնասներ անկախ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութիւնից: Եթէ այն աշխարհագրօրէն չընդլայնւի, ինչի միտումները կարծես կան այս պահին, մեծ ազդեցութիւն չի լինի հայկական համայքների իմաստով: Իսկ եթէ ընդլայնւի՝ շատ մեծ ազդեցութիւն կարող է ունենալ, եւ այս պարագայում առաջին հերթին Լիբանանի համայնքի համար, որովհետեւ Լիբանան-Իսրայէլ սահմանը Գազայից յետոյ ամենաթէժ կէտերից է, եւ եթէ Լիբանանը ներքաշւի այս հակամարտութեան մէջ՝ լիբանանահայ համայնքի համար նոր կացութիւն կը ստեղծւի: Նաեւ որոշ ազդեցութիւն կ՛ունենայ Սիրիայի վրայ, որովհետեւ Սիրիայի սահմանն էլ թէժանալու միտումներ է ցոյց տալիս: Սա հայ համայնքների դիտանկիւնից: Կը ցանկանայի անդրադառնալ նաեւ մարդու իրաւունքների տեսանկիւնից: Այսօր, այն ինչ տեղի է ունենում Գազայում, շատ աւելի է նմանւում Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացւածին, նոյն պատկերն է, երբ հաւաքական պատժի եւ խաղաղ բնակչութեանը հարւածելը հակամարդկային է եւ ահաբեկչութիւն է: Այս բոլորը մարդկայնօրէն չի կարելի հանդուրժել, եւ Իսրայէլի կատարածը շատ հեռու է այն եզրոյթից, որ ԱՄՆ կառավարութիւնը փորձում է ներկայացնել՝ իբր Իսրայէլն իրաւունք ունի ինքնապաշտպանութեան, այնինչ սա գրոհ է՝ հազարաւոր մարդկային զոհերով:

Սփիւռքի կազմակերպման առումով ՀՅԴն այսօր ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

– Միջինարեւելեան համայքներից վերջերս մեծ թւով հայեր տեղափոխւել են այլ երկրներ՝ քիչ մասը Հայաստան, մեծամասնութիւնը՝ Շւեդիա, Կանադա, փոքր թւով՝ ԱՄՆ, Աւստրալիա: Տեղական մեր կառոյցները շատ արդիւնաւէտ կերպով կազմակերպեցին այդ մարդկանց վերաբնակեցման հարցերը, եւ կարելի է ասել, որ հայութիւնը շատ արագ կարողացաւ ընտելանալ շնորհիւ այդ կազմակերպութիւնների աջակցութեան: Մի շարք համայքներ դիմափոխւեցին, եւ իրենց հայկական կեանքը մի քիչ երկարաձգւել է, ասենք, եթէ յիսուն տարի էր, այժմ՝ հաւանաբար այդ համայնքները հայկականութիւնը կը պահեն եօթանասուն տարի:

Շուրջ հինգ հարիւր տարբեր համայքների համախմբում ենք կարողացել ստեղծել եւրոպական տարբեր երկրներում՝ հիմնականում Արցախի հարցի շուրջ, եւ վերջերս Բրիւսէլում մեծ հանրահաւաք կազմակերպեցինք: Սակայն կազմակերպչական յատուկ աշխատանք ունենք կատարելու Եւրոպայում, եւ այս համախմբումը ծառայեցնելու հայկական այլ օրակարգերի եւս: Փորձում ենք Ռուսաստանում եւս ստեղծել կուռ կառոյց:

Աշխարհում, ՀՅԴ-ի, նաեւ Հայ Դատի գրասենեակների միջոցով գործունէութեան մեկնակէտն ու առաջնորդւելու սկզբունքները մեր քննարկած թեմաներն են, որոնք բխում են հայկական շահերից:

ՀՅԴ Բիւրօն, հոկտեմբերին յայտարարեց, որ ԱՄՆ Արեւմտեան շրջանում վերահաստատւել է շրջանի դաշնակցական ընտանիքի միասնութիւնը: Հայերի համար գոյութենական պայքարի այս փուլում յատկապէս, կենսական այս միասնութիւնը ի՞նչ համաձայնագրի շրջանակներում իրականացաւ:

– ՀՅԴ ԱՄՆ-ի Արեւմտեան շրջանում ցաւալի էջ էր բացւել, ինչն որակում եմ իբրեւ զուտ ներկազմակերպական հարց: Նման հարցերում ներկազմակերպական ճիգերով դիմագրաւելու մօտեցում ենք ցուցաբերել, եւ կը շարունակենք ցուցաբերել: ՀՅԴ Բիւրոյի մօտեցումն այն էր, որ ընկերների ընդհանուր ծիրում, շրջանն ինքն իր մէջ լուծման տարբերակներ գտնի: Բիւրոյի իրականացրածը հովանաւորութիւն էր, մղիչ ուժ դառնալու մօտեցում էր, եւ ուրախութեամբ կարելի է ասել, որ շրջանի ընկերներն իրենց մէջ ուժ գտան երկխօսութեամբ, բացատրութիւններով եւ բարեբախտաբար յաջողեցին՝ Արեւմտեան շրջանում վերահաստատելով դաշնակցական մէկութիւնը: Սա լաւ խթան է շրջանի համար, որ վերագտնի անցեալի իր դերակատարութիւնն ընդհանուր համահայկական կեանքի մէջ, որ նախորդ դէպքերի պատճառով որոշ չափով տուժել էր: Այսօր միասնութիւնը վերականգնւել է, եւ շրջանը կը շարունակի գործել իր առաքելութեան շրջանակներում:

Հարցազրոյցը վարեց Նանէ Աւագեանը

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button