Միջազգային

Լուիս Մորենօ Օկամպօ. «Անհրաժեշտ է ադրբեջանական գերութիւնից անյապաղ ազատել Արցախի նախկին ղեկավարներին»

Լաչինի միջանցքի շրջափակումից յետոյ Ցեղասպանութեան կոնւենցիայի մասնակից պետութիւնները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցութիւններին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայէլը եւ Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանութեան լուրջ ռիսկի մասին ճշգրիտ եւ մատչելի տեղեկատւութիւնը, ասւում է Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի զեկոյցում։

«Փոխարէնը, մեծամասնութիւնը ցանկանում էր նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանաւորւածութեան ձեռքբերմանը՝ նոր ռազմական գործողութիւններից խուսափելու եւ կոնկրետ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ազգային շահերին հասնելու համար: Իսրայէլը, օրինակ, շահել է Ադրբեջանին զէնքի զգալի վաճառքից: Կոնւենցիայի մասնակից պետութիւնները չպէտք է օգուտ քաղեն ցեղասպանութիւնից:

Ցեղասպանութիւնը կանխելու նրանց յանձնառութիւնը պահանջում է շարունակել գնահատել Հայաստանի վրայ յարձակւելու նախագահ Ալիեւի ցեղասպանական մտադրութիւնը, փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղում իրենց կեանքն ու ունեցւածքը կորցրածներին, երաշխաւորել էթնիկ խմբի իրաւունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց նախնիների հողը եւ ազատ արձակել «հայ բանտարկեալներին», – նշել է ՄՔԴ նախկին դատախազը։

Ըստ Օկամպոյի՝ սա ցեղասպանութեան կանխարգելման ամենահրատապ ասպեկտն է՝ վերջ դնել ցեղասպանութեան աւելի քան քսան զոհերի «լուրջ ֆիզիկական եւ հոգեկան վնասին» (Ցեղասպանութեան կոնւենցիայի յօդւած II բ), այդ թւում՝ Արցախի երեք նախկին նախագահները եւ հինգ այլ հասարակական գործիչներ, որոնք բանտարկւած են Ադրբեջանի կողմից։

«Նրանց գերութիւնը ցեղասպանութեան մի մաս է եւ ուղերձ՝ իրենց համայնքին. եթէ վերադառնաս Լեռնային Ղարաբաղ, քեզ սովամահ կանեն, կը բանտարկեն կամ կը սպանեն: Նրանք պատանդ են դարձել։

Որպէս Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արտակ Բեգլարեանը սեպտեմբերի 19-ի յարձակումից առաջ եւ յետոյ հետապնդւել է ադրբեջանական ուժերի կողմից։ Սակայն, ի տարբերութիւն միւսների շատերի, նա կարողացել է փախչել դժւարին հանգամանքներում՝ չնայած վատ տեսողութեանը։ Նրա ցուցմունքը՝ կից այս փաստաթղթին, մատնանշում է ողջ էթնիկ խմբին հասցւած լուրջ հոգեկան վնաս, ինչպէս սահմանւած է Ցեղասպանութեան մասին կոնւենցիայի II յօդւածի բ) կէտով:

2023 թւականի դեկտեմբերի 12-ին աւելի քան 100 համաշխարհային գործիչներ, այդ թւում՝ նախկին պետութիւնների ղեկավարներ, Նոբէլեան մրցանակակիրներ, բիզնեսի եւ մարդասիրական ոլորտի առաջնորդներ, պահանջել են անյապաղ եւ անվերապահ ազատ արձակել «հայ բանտարկեալներին»։ Ճանաչումը, որ ցեղասպանութիւն է իրականացւել, կը խթանի մասնակից պետութիւնների պարտաւորութիւնների իրականացմանը՝ կանխելու դա եւ օգնելու ապահովել նրանց ազատ արձակումը», – ընդգծել է ՄՔԴ նախկին գլխաւոր դատախազն իր զեկոյցում:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button