Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Իրականում Փաշինեանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրոյցում խօսելով Նիկոլ Փաշինեանի՝ Հանրային հեռուստաընկերութեանը տւած դեկտեմբերի 19-ի հարցազրոյցի մասին, ասաց՝ Նիկոլ Փաշինեանից ո՞վ է բան հասկանում, որ ինքն էլ հասկանայ։

«Իրականում Նիկոլ Փաշինեանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորութիւն չկար, ուղղակի ատելութեան խօսքեր արցախահայութեան, Արցախի նկատմամբ, հանրային տրամադրութիւններում գեներացնում է հակառուսական տրամադրութիւններ։ Բայց կուզեմ շատ աւելի կարեւոր բանի անդրադառնամ՝ մայիս ամսից Հայաստանը չունի սահմանապահ զօրքերի հրամանատար։ Մեր երկրի անվտանգութեան հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկեանը։

Պատգամաւորի խօսքով՝ ՀՀ-ում սահմանապահ զօրքերն այսօր սահմանի որոշակի հատւածում մարտական խնդիր են կատարում։

Նա նաեւ տեղեկացրեց՝ մայիսից թափուր է նաեւ հայ-ռուսական միացեալ զօրախմբի ղեկավարի պաշտօնը, ինչն անկիւնաքարային պաշտօն է։

«Միայն մտածւած քանդող մարդը կարող է նման անկիւնաքարային երկու պաշտօնների չնշանակել պաշտօնապէս որեւէ մէկին։ Բազմաթիւ այլ բարձրաստիճան զինւորական պաշտօններ թափուր են, սա հետեւողական գործողութիւններ է, ոչ թէ կադրերի բացակայութեան խնդիր։ Հայաստանի անվտանգութեան խնդիրն է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական յարաբերութիւններին եւ իշխանական պատգամաւորների յայտարարութիւններին, որ գնում են հայ-ռուսական յարաբերութիւնների կարգաւորման, Գեղամ Մանուկեանն ասաց, որ բազմաթիւ հարցեր կան ուղղւած ռուսական կողմին, բայց այդ հարցերը լուծւում են խօսակցութեամբ։

«Հարցերը լուծւում են՝ փաստարկներ բերելով, երկխօսելով, ոչ թէ մանկապարտէզի երեխայի նման խռով պահելով եւ ամիսներ շարունակ քէն քշելով։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերեալ Փաշինեանի յայտարարութեանը, տեսէք՝ Հայաստանն ինչ արեց, ինչ-ոչ պահի ձեռքերը լւաց եւ այնտեղ եղած երեք ստորագրութիւններից՝ ասաց, որ միայն Պուտինի ստորագրութիւնն է կարեւոր։ Հայաստանը զլացաւ տէրը լինել այն պարտականութիւններին, որն ունէր Ադրբեջանը։ Նման ձախողումներն են, որ յանգեցրեցին այս իրավիճակին»,- շեշտեց Գեղամ Մանուկեանը։

Նա նաեւ ասաց, որ այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, պաշտօնը թափուր է, հետեւաբար՝ ՀՀ քաղաքացին պէտք է գիտակցի, որ այս իշխանութիւնն իր անվտանգութիւնն ապահովելու համար գիտակցաբար քայլեր չի իրականացնում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button