Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Նիկոլ Փաշինեանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. այս երթից վախենում են»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթէ Տաւուշից գիւղեր տայ: Այս մասին, երէկ՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրոյցում նշել է Բագրատ արք. Գալստանեանը:

«Ես չեմ ուզում, որ այդպէս վարւի, բայց ինքն այդպէս ասել է: Եթէ ինքն իր խօսքը չի անում, ո՞նց է մեզ կամ որեւէ մէկին մեղադրում ինչ-որ բաների մէջ:

Մենք ասել ենք՝ հաշտութեան օրակարգ, խաղաղութեան օրակարգ, յաղթանակած խաղաղութեան օրակարգ, ոչ թէ ծնկաչոք: Ասել ենք հոգեւոր մեղքից ազատագրութեան օրակարգ: Այս երթը ինքնամաքրւելու, ինքնաճանաչողութեան մասին է: Ինչի՞ են վախենում այդ մարդիկ, մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրւելով»,- ասել է նա:

Հարցին՝ իշխանութիւնն իրենցից վախենո՞ւմ է, Բագրատ Սրբազանը պատասխանել է. «Բա որ չեն վախենում, ինչու են այդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մէջ են մեզ մեղադրում: Պատերազմ հրահրելո՞ւ: Ախր պատերազմի մունետիկը ինչպէ՞ս կարող է պատերազմ հրահրելու մէջ մարդկանց մեղադրի: Իմ գործը քայլելն է, քարոզելը, խօսելը»:

Անդրադառնալով նրան, որ մարդիկ իրենից քաղաքական ակնկալիք ունեն, Սրբազանն ասել է. «Բայց չէ որ մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում: Ես քայլում եմ, հաշտութեան մասին եմ խօսում: Մենք իշխանութիւն ունե՞նք, որ իշխանափոխութեան պահանջ հնչի: Իշխանութեան գոյութիւնը պայմանաւորւած է երկրի անվտանգութեամբ, բանակցութիւնների սեղանին իրենց ջանքը դնել, որ երկիրն անվտանգ լինի, ճիշտ ճանապարհով գնանք, որ մարդիկ նւաստացած, ստորացած չլինեն, իրենց սրտով զգան այս երկրի տէրը: Դա է իրենց սեպուհ պարտականութիւնը: Եթէ անում են՝ լաւ, եթէ չեն անում, ուրեմն չկայ: Մի բան, որ չկայ, ի՞նչը փոխես: Իշխանութիւնը ժողովրդինը չէ՞ր, հիմա ժողովրդին են փոխելո՞ւ: Ժողովուրդն ինչ կասի, դա էլ կանենք: Երեւի ինքը կը գայ, հրապարակում ելոյթ կունենայ, ինչպէս խոստացել է, եւ կասի իր խօսքը:

Մենք ոչ մի ակնկալիք չունենք իրենից եւ որեւէ մէկից, ինքն է ասել՝ ձեռքս կը կտրեմ, ես յիշեցնում եմ, ասել է՝ կը գամ, հրապարակում ելոյթ կունենամ, ես յիշեցնում եմ: Ես վատ բան չեմ ասում»:

Սրբազանը չի համաձայնել Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ իր այսօրւայ (մայիսի 7) ասուլիսը եւս ելոյթ է ժողովրդի հետ. «Ոչ դա ելոյթ չի, էկրանից այն կողմ, թիկնապահներով շրջապատւած, դա ելո՞յթ է: Եկել էր ոսկեպարցիների վրայ յոխորտում էր, Կիրանցի ժողովրդին խաբում էր: Մենք ասում ենք՝ պէտք է ինքնամաքրւենք, մեղքերից ազատւենք, զղջանք ու ապաշխարենք»:

«Մեր պայքարը ճշմարտութեան համար է, յամենայն դէպս 2021 թւականին ես չեմ գնացել Ոսկեպար, Կիրանց ու ասել՝ խնդիր չկայ։ Պարզ ճշմարտութեան ու ստի մասին եմ ասում, 3 տարի յետոյ նոյն մարդը գնում է նոյն գիւղեր եւ ոչ միայն ստելով  ասում է, որ չկար նման հարց, այլ ահաբեկում է ։ Ստի համար պատասխան էք տալու»,- խօսքն ուղղելով իշխանութեանն ասել է Բագրատ Սրբազանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button