Հայ Դատ

Եկէք Սփիւռք ու դիտեցէք ցանկացած սփիւռքահայի դէմքը

Տ. Սերոբ քհնյ. Ազարեան

 

Հայոց Ցեղասպանութեան նահատակներից ու սուրբերից առաջ, չի՞ փափագում որեւէ «հետաքրքրասէր» գնալ ու պրպտել, իմանալու համար 1894-96 թւականների համիդեան ցեղասպանութեան ընթացքում զանգւածապէս կոտորւած 300,000 հայերի անուն-ազգանունները, կամ 1909-ի Ադանայում ողջակիզւած 30,000 հայերի անունները, կամ Շուշիում 1920 թւականի յօշոտուած 20,000 հայերի անուն-ազգանունները։

Կամ զ՞րն ասեմ ու նշեմ. անապատներում, գիւղերում անհետ կորած մարդկանց, կանանց ու երեխաների, պատերազմից յետոյ 100,000 հայ յետ մնացած այն կանանց որոնք բռնադատւեցին Թուրքիայում։ Կամ գնացէք իմացէք անունները այն 2800 եկեղեցիների, վանքերի որոնք այրւեցին, քանդւեցին, հողին հաւասարւեցին։ Կամ գոնէ իմացէք անունները Բաքւոմ, Սումգայիթում, 44-օրեայ պատերազմի նահատակներին կամ հազարաւոր այլ զոհերին որոնք ցեղասպանւեցին թուրքի ձեռքով։ Գոնէ այդ նահատակներից քանիսի՞ անուններն են յայտնի ձեզ։

Եթէ շատ հետաքրքրւածներ կան ինչ որ մի տեղում, կարժէ՞ր միթէ աչքի անցկացնել Թէոդիկի «Գողգոթա հայ հոգեւորականութեան» գիրքը, ուր կան աւելի քան 6000 հայ հոգեւորականութեան՝ քահանաների, եպիսկոպոսների, վարդապետների անուն-ազգանունները, որոնք խողխողւեցին, մորթւեցին, խաչւեցին, անասելի չարչարանքների ենթարկւեցին, գնդակահարւեցին, անդամահատւեցին, ողջ-ողջ այրւեցին թուրք ամբոխների դիմաց։ Կարդացէք թէ ինչ արեցին բանտերում այդ քահանաների անձերի դէմ…։ Ուզո՞ւմ էիք նրանց անունը ունենալ։

Ուզո՞ւմ էիք ունենալ անունները այն հազարաւոր ձեռագիրների, սրբութիւնների, մատեանների, որոնք ոչնչացւեցին ու պղծւեցին, էջ առ էջ պատռւեցին։ Քանի՞ հայկական գերեզմանոցի անուն գիտէք արեւմտահայաստանում այսօր…։

Նրանց համար պա՞տ էիք ուզում կառուցել,…. դուք նրանց, այդ նահատակների եկեղեցին անգամ չէք մտնում այսօր… նրանց հաղորդութիւնը եւ Քրիստոսի դրոշմը ոտնակոխում էք, ուրացել էք հաւատք եւ Քրիստոս, ուր 2000 տարի ձեր խօսքերով, «շոու» պատարագ են մատուցում…։

Եթէ Հայոց Ցեղասպանութեան նահատակների անուն ազգանուններն էք ման գալիս, եկէք Սփիւռք, եկէք ու միայն դիտեցէք ցանկացած աւանդական սփիւռքահայի դէմքը, նայէք որեւէ քահանայի, հօր կամ մօր դէմքերին, այնտեղ այդ թոռների ու ծոռների դէմքերին կարող էք կարդալ այդ անմոռանալի նահատակների բոլոր անունները…։

Նրանց բոլորի անունները գրեալ են կենաց գրքի մէջ.. Աստուծոյ դիմաց։

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք…»։

Իսկ Քրիստոսի խօսքը թող անսասան մնայ մեզ հաւատացեալներիս մէջ, հզօրացնի մեզ, պահի ամէն փորձութեանց դիմաց։

Առնչւող Յօդւածներ

Back to top button