Հայ Դատ

Պայքարը ճշտարիտ է

ՀԱՄԲԻԿ ՇԱՀԻՋԱՆԵԱՆ

 

«Ո՞րն է վերջապէս ճշմարիտ ազատագրութեան եւ իրական փրկութեան ուղին,- հայապահպանո՞ւմն ու Հայ Դատի լուծո՞ւմը, թէ՞ ուրացումն ու մերժումը մէկուն եւ միւսին հաւասարապէս»,- 53 տարի, կամ մօտաւորապէս կէս դար առաջ նման հարցադրում է կատարել դաշնակցական մտաւորական Սարգիս Զէյթլեանը եւ անմիջապէս պատասխանել.

«Առողջ մտածողութեան եւ առողջ երիտասարդութեան միակ ուղին Հայ Դատի հետապնդումն է: Այս է նաեւ հայապահպանման հիմնական միջոցը»:

Առաջին հայեացքից, գաղափարը խօսքից գործի վերածելը հեշտ է թւում, բայց պէտք է անկեղծ խոստովանենք, որ այսօր այդ ճանապարհի կէսին դեռ չհասած, ունենք շատ լուրջ, եւ նոյնիսկ այդ բոլորի էութիւնը սպառնացող մարտահրաւէրներ, որոնց համար պէտք է ելքեր գտնենք: Բնականաբար, ոչ այս գրութիւնը եւ ոչ էլ միւս նմանատիպ գրութիւնների շարանը չեն կարող անմիջական ելքեր առաջարկել, բայց կարելի է փորձել մտքի ընդհանուր եզրերը գծելով աւելին մտածելու առիթ ստեղծել:

Հայ Դատի եւ հայապահպանման փոխկապակցութեանն անցնելուց առաջ, անդրադառնանք մասնաւորապէս վերը նշւած նպատակին ու առաջադրւած միջոցին: Մեզ համար առաջին հերթին հարց է առաջանում, թէ «հայապահպանում» ասելով ինչ ենք հասկանում:

«Հայապահպանում»-ը պարզ ասաց նշանակում է հայ մնալ, կամ աւելի յստակ՝ «Հայի տեսակ»-ը որպէս «ազգ» կոչւող ընդհանրութիւն պահպանել: Իսկ ժողովուրդների այսօրւայ խառնաշփոթում ազգ համարւելու համար, թէկուզ եւ վիճահարոյց, բայց գոյութիւն ունեն նախապայման հանդիսացող մի քանի ընդհանրութիւններ, որոնցից կարելի է նշել նոյն լեզւով խօսելը եւ գրելը, նոյն սովորութիւններ եւ աւանդոյթներ կիսելը, հաւաքական նոյն պատմական անցեալը սեփականութիւն համարելը, եւ, իհարկէ, նոյն ժողովրդի իշխանութեան իրաւազօրութեան ներքոյ գտնւող տարածքներում բնակւելը:

Իսկ ինչ է նշանակում «Հայ Դատ».

Հայ Դատն ընդհանրութեան մէջ նշանակում է արդարութեան հաստատում հայերի դէմ կատարւած պատմական ոճռագործութիւնների հանդէպ, ինչն աւելի մանրամասն բնութագրւել է 1998 թւականին ՀՅԴ 27-րդ Ընդհանուր ժողովի կողմից հաստատւած ՀՅԴ Ծրագրում:

Ըստ այդմ, «Հայ Դատը ունի պատմական, բարոյական, իրաւական եւ քաղաքական էական կողմեր ու հիմնաւորումներ եւ կենտրոնանում է հետեւեալ կէտերի վրայ.

ա. Ամբողջական Հայաստանի ստեղծում` Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարածքներում: Արցախի հարցի արդար լուծումը հանդիսանում է Հայ դատի հանգրւաններից մէկը:

բ. Սփիւռքի տարագիր հայութեան համախմբում` իր հայրենի հողերի վրայ:

գ. Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում:»

Միգուցէ ոմանք փորձեն մեզ համոզել, թէ Հայ Դատի գաղափարը եւ սահմանած նպատակներն Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթումով արդէն իսկ ձախողման եզրին են, եւ այլեւս հետապնդման ոչ արժանի: Բայց ոչ, այդպէս չէ: Որպէս պատմական ակնարկ արձանագրենք, որ Հայ Դատը դեռեւս 1878 թւականին «Հայկական հարց» անւան տակ շօշափւել է Սան Ստեֆանոյի պայմանագրի մէջ: 1878-ից առաջ եւ տասնամեակներ յետոյ ոչ հայկական անկախ պետականութիւն կար, ոչ «կորուսեալ հայրենիք» հասկացողութիւն, եւ ոչ յստակ պատկերացում, թէ որ տարածքներում պէտք է ստեղծւի հայկական պետականութիւնը: Այս անորոշութիւնը, ինչպէս նաեւ համիդեան հալածանքները հային չպարտադրեցին հրաժարւել իր ազգ-երկիր դառնալու նպատակից:

Հարց. ընձեռնւած առարկայական հնարաւորութիւնները եւ ձեռքբերումները նկատի ունենալով, այժմ ի՞նչն է մեզ խանգարում:

Միւս կողմից այսօրւայ մեր ունեցածը, այն որ «տուն ու տեղ» ունենալու մտայնութիւնից անցնելով, հասել ենք իրական «անկախ հայրենիք» ունենալուն, եւ ինչու չէ նաեւ «ամբողջական հայրենիք» կերտելու տեսլականին, ժամանակի ընթացքում մեծ հաշւով ձեռք է բերւել եւ պահպանւել է հէնց յանուն Հայ Դատի եւ Հայկական հարցի մղւած պայքարի ու դրանից բխող ձգտումի: Ուստի վերջնական հանգուցալուծմանը հասնելուց առաջ Հայ Դատի հետապնդումից հրաժարւելը՝ նշանակում է ամէն ինչ կորցնել:

Հայ Դատը ձգտում է, պայքարելու կամք, որին չի կարող խանգարել ժամանակաւոր ձախողումները, եւ, ընդհակառակը, դրանք պէտք է խթան հանդիսանան պայքարի ռազմավարական եւ մարտավարական վերանայումների, որոնց արդիւնքում յաջորդիւ պայքարը այնպէս տանել, որ դրան խոչընդոտելը անհնարին լինի:

1878 թւականին մեր նախնիները հայրենիքի սահմաններից յստակ պատկերացում չունէին, բայց ընդամէնը 20-30 տարի անց պատմական եւ իրական փաստերի հիման վրայ յստակ բարձրաձայնեցին, թէ որտեղից է սկսւում եւ մինչեւ ուր է ձգւում մեր հայրենիքի սահմանները: Մի խօսքով «Հայկական հարց»-ը էւոլուցիոնալ զարգացման ենթարկելով՝ այն վերաիմաստաւորեցին ըստ օրւայ զարգացումների, հրամայականների ու պահանջի, այն ինչ, որ մենք դեռ չենք համարձակւել լիակատար անել մեր օրերում:

Վերջում եզրակացնենք, որ հենց նոյն պատճառներից ելնելով է, որ ասում ենք Արցախի թեման փակւած չէ, եւ միակողմանի զիճումները կործանարար են լինելու: Անկախ գործադրւելիք միջոցներից եւ դրանց տեսակից, Արցախի հարցը լուծւելու է միայն եւ միայն Հայ Դատի հանգուցալուծոմով, եւ այստեղ չափազանց կարեւոր է այն գիտակցումը եւ դրա փոխանցումը յաջորդ սերունդներին, որ այս պայքարը դիտարկւի «ազգի կեանքի տեւողութեան» սահմանների մէջ, այլ՝ ոչ թէ «մէկ սերունդի կեանքի տեւողութեան» սահմաններում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button