Հարցազրոյց

«Արեւմուտքի կամ այլ դերակատարների հետ համագործակցութիւնը չի կարող այլընտրանք լինել Իրանի հետ համագործակցութեան». Արմէն Պետրոսեան

Բրիւսէլում կայացած հանդիպումը համագործակցային նոր ձեւաչափի  մեկնարկն էր, որը բնականաբար բաւականաչափ կարեւոր է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմակայման եւ նոր հնարաւորութիւնների  ստեղծման ուղղութեամբ յատկապէս քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ էներգետիկ ոլորտներում:

Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց քաղաքագէտ Արմէն Պետրոսեանն անդրադառնալով Բրիւսէլում կայացած եռակողմ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների վրայ բրիւսէլեան ձեւաչափի ազդեցութեանը, քաղաքագէտը մասնաւորապէս նշեց, որ Իրանը չափազանց կարեւոր երկիր է մեզ համար, եւ անգնահատելի տեղ ունի: Հետեւաբար անգամ Արեւմուտքի կամ այլ դերակատարների համագործակցութիւնները չեն կարող այլընտրանք լինել Իրանի հետ համագործակցութեան եւ յարաբերութիւններին»,- շեշտեց նա:

«Նոր ձեւաչափն աւելի է թուլացնում Հայաստանի կաշկանդւածութիւնը եւ ստեղծում է նոր հնարաւորութիւններ: Հանդիպումը կարելի էր գնահատել, որպէս ակնկալւող իրատեսական սպասումների նւազագոյն մակարդակի իրականացում է չնայած նրան, որ  նոր պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել տնտեսական, ֆինանսական աջակցութեան ոլորտներում սակայն կարելի էր աւելի ակնկալիքներ ունենալ եւ չպէտք է սահմանափակւել ձեռք բերածով»,- նշեց նա:

Ըստ Պետրոսեանի՝ կարելի էր ակնկալել աւելի լայն արտօնութիւններ առեւտրի ուղղութեամբ եւ ներդրումներ ունենալ փախստականների եւ բռնի տեղահանւած անձանց աջակցութեան տրամադրման ուղղութեամբ, եւ այդ ոլորտներում եւս կարող էին լինել աւելի մեծ ծրագրեր:

«Աւելի լայն ֆինանսական, տնտեսական, էներգերտիկ ոլորտներում աջակցութիւններ էր ակնկալւում աւելի շօշափելի ծրագրերի իրականացման ուղղութեամբ որովհետեւ այս պահին համագործակցութեան եռակողմ ձեւաչափը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ փոխշահաւէտ է ՀՀ-ի համար եւ իւրաքանչիւրը լուծում է իր առջեւ դրւած խնդիրները: Հայաստանի մասով մեր տնտեսական, քաղաքական, անվտանգային դիմակայնութիւնը ընդլայնելու մակարդակում»,- նշեց նա:

Անդրադառնալով միւս կողմերի դիրքորոշումներին, Պետրոսեանը նշեց, որ այս տարածաշրջանում ի հակակշիռ իրենց հակառակորդների Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն փորձելու են ամրապնդել իրենց իրավիճակը փոխադարձ համադրելի շահերի հանգամանքը հաշւի առնելով:

Հետեւաբար նրա խօսքով՝ պէտք է փորձել զգոյշ լինել, ճիշտ, գրագէտ ու հաշւարկւած քայլերով գնալ առաջ եւ պահանջել գործընկերներից առաւելագոյնը:

Այս հանդիման ձեւաչափի հետ կապւած, Պետրոսեանը համոզմունք յայտնեց, որ յաճախ կարելի էր հանդիպել անիրատեսական եւ ուռճացած ակնկալիքների, այն յատկապէս ձեւաւորւում էր հայ հասարակութեան այն հատւածի կողմից, որոնք Հայաստանի ապագան կապում էին միայն Արեւմուտքի հետ եւ շտապեցնում էին ՀՀ կառավարութեանն Արեւմուտքի հետ համագործակցութեան հարցում այդ ուռճացւած ակնկալիքների ձեռքբերման համար, որը վերաբերում էր անվտանգութեան ոլորտին, յանուն որոշակի անվտանգային մեխանիզմների ձեւաւորման կամ երաշխիքների տրամադրման համար ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, որը բնականաբար տեղի չունեցաւ:

«Այդ ակնկալիքները նաեւ մինչեւ բուն հանդիպումը որոշակի հակազդեցութիւն էին ստեղծել՝ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Թուրքիայի կողմից. բնականաբար իւրաքանչիւրն իր շահերի տիրոյթում անդրադառնում էր հանդիպմանը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ապա այդ երկիրը բրիւսէլեան հարթակը տեսնում է, որպէս ՀՀ-ի հնարաւորութիւնների ընդլայնման սպառնալիք Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցութեան ընդլայնում մասնաւորապէս  Թուրքիայի կողմից, որի տարբեր պաշտօնեաներ դէմ են դուրս գալիս մեր տարածաշրջանում Արեւմուտքի դիրքերի ամրապնդման փորձերին:

Քաղաքագէտը փաստեց, որ այդ համագործակցութիւնը նախեւառաջ տեղի ունեցաւ աշխարհաքաղաքական դիմակայութեան եւ տարածաշրջանային նոր իրողութիւնների համատեքստում եւ եռակողմ համագործակցութիւնն անխուսափելիօրէն կունենար հակառակորդներ ինչպէս տարածաշրջանում այնպէս էլ տարածաշրջանից դուրս, այդպէս էլ եղաւ, յատկապէս Ադրբեջանի կողմից, որը փորձում է կանխել եւ թոյլ չտալ Հայաստանի հնարաւորութիւնների ընդլայնման ցանկացած փորձ եւ խախտւած անվտանգային եւ ուժային հաւասարակշռութիւնը վերականգնելու ուղղութեամբ:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից եւս ականատես եղանք կտրուկ հակազդեցութիւնների»,- յիշեցրեց քաղաքագէտը:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը բրիւսէլեան ձեւաչափին Արմէն Պետրոսեանը նշեց, որ Իրանը պաշտօնական մակարդակում կտրուկ հակազդեցութիւն չցուցաբերեց, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը յատկապէս փորձագիտական դաշտը բոլոր հնարաւոր մակարդակներով փորձում էր բացատրել եւ ներկայացնել Հայաստանի նպատակները այդ ձեւաչափի գործարկման, որն է ՀՀ-ի առջեւ եղած մարտահրաւէրները չէզոքացնել եւ այն միտւած չէ որեւէ երրորդ կողմի դէմ:

Հարցին թէ ինչու բրիւսէլեան ձեւաչափը արժանացաւ ՌԴ-ի կտրուկ հակազդեցութեանը, Պետրոսեանը նշեց, ակնյայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը պէտք է զգայուն լինէր, որովհետեւ մենք փաստացի ականատեսն ենք լինում տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանն ու տարածաշրջանի երկրների հետ համագործակցութեան տեսանկիւնից Ռուսաստանի կատարած ընտրութեան հետեւանքներին:

Ինչու է Արեւմուտքը կարողանում աւելի մեծացնել տարածաշրջանի իր ազդեցութիւնը, քաղաքագէտը պատասխանեց, որ այն ուղիղ արդիւնքն է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման. որովհետեւ վերջին տարիներին ընթացքում յատկապէս այս տարածաշրջանը տարբեր դերակատարների կողմից դիտարկւել է, որպէս Ռուսաստանի աւանդական ազդեցութեան գօտի եւ տարբեր դերակատարներ այս տարածաշրջանում իրենց քաղաքականութիւնը մշակել եւ հիմք են դարձրել հէնց այդ մօտեցումը, փորձել են որեւէ կերպ չկատարել քայլեր, որը կարժանանայ Ռուսաստանի հակազդեցութեանը, բայց 2022 թւականի Ուկրաիանայի պատերազմից յետոյ արդէն տեսնում ենք հիմնովին փոփոխւող տարածաշրջան նաեւ աշխարհաքաղաքական ազդեցութեան մասով:

Պետրոսեանը փաստեց, որ Ռուսաստանի գերկենտրոնացումը ուկրաինական պատերազմին, այդ երկրի կատարած ընտրութեան գերակայութիւնը թուրքական պետութիւնների մասով մասնաւորապէս Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղութեամբ եւ ունեցած շահերի հակադրութիւնները մեծ հաշւով առաջացել է անվտանգային վակում, որից փորձում են օգտւել Ռուսաստանի հակառակորդները, որի հետեւանքով էլ իր առջեւ ծառացած մարտահրաւէրները լուծելու ուղղութեամբ փորձում է այլընտրանքներ գտնել Հայաստանը եւ այդ այլընտրանքների փնտրտուքը բերում է նոր դերակատարների ազդեցութեան  մեծացմանը մեր տարածաշրջանում:

Արմէն Պետրոսեանն անդրադառնալով բրիւսէլեան հանդիպման ֆոնին՝ Իսրայէլ-Իրան յարաբերութիւնների լարւածութիւնը, նշեց, որ այն կարող է նաեւ ռազմական էսկալացիայի յանգեցնել:

«Հայաստանի համար բաւականաչափ մտահոգիչ է այդ լարւածութիւնն առնւազն երկու տեսանկիւնից: Առաջինը այդ լարւածութեան տարածաշրջանային հակամարտութեան վերածւելու հնարաւորութիւնն է, որ չնայած դրան որ Իրանը առնւազն վերջին տարիներին ձգտել է խուսափել եւ  չներքաշւել ռազմական էսկալացիայի մէջ, ձախողելով իր հակառակորդների պլանները: Բայց կայ նման հնարաւորութիւն, որովհետեւ Իսրայէլը կոպտագոյն սխալ է գործել թիրախաւորելով Իրանի դեսպանութիւնը Դամասկոսում եւ դա պէտք է ունենար  իր հետեւանքները:

Իրանը իր միջազգային իրաւունքով ապահովող հնարաւորութիւնը իրացնելու եւ իր հեղինակութիւնը պաշտպանելու համար պէտք է համաչափ պատասխան տայ բայց լրջագոյն խնդիրն այն է, որ այդ պատասխանը չվերածւի լայնամասշտաբ պատերազմի: Իսրայէլի նպատակը միանշանակ դա է, բնականաբար այդ նպատակը կարող են կիսել նաեւ Իրանի տարածաշրջանի մրցակիցները՝ Թուքիան, Սաուդական Արաբիան եւ այլք:

Միւս մտահոգութիւննեից ըստ Պետրոսեանի՝ Մերձաւոր Արեւելքում ընթացող հակամարտութիւններն են Գազայում ընթացող պատերազմը, Հութիների գործողութիւնները Կարմիր ծովում եւ «Հեզբօլլահ»-ի պարբերաբար Իսրայէլի թիրախաւորումը Սիրիայում, Իրաքում:

«Բնականաբանար այս ամէնի համատեքստում մեծանում է լարւածութիւնը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ եւ այս լարւածութեան աճը խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար եւ Հայաստանի հետ կապւած խնդիրներում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ու Իրանի շահերի համադրելիութեան առումով, որովհետեւ հաւաքական Արեւմուտքը եւ Իրանը Հայաստանի հետ կապւած ունեն բաւականաչափ մօտ դիրքորոշումներ եւ փաստացի Հայաստանը կարող է յաջողել, եթէ կարողանայ իր մարտահրաւէրների չէզոքացման ուղղութեամբ առաւելագոյնս համադրել Հայաստան-Իրան-Արեւմուտք շահերը: Հէնց այս երեք դերակատարներն են, որ ունենում են շատ մօտ շահեր Հայաստանի հետ:

«Սակայն, ցաւօք Մերձաւոր Արեւելքում ընթացող զարգացումները բարդացնում են բոլոր շահակիցների միջեւ համագործակցութեան եւ շահերի համադրման Հայաստանի հնարաւորութիւնները»,- նշեց նա:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button