Քաղաքական

Հոլիվուդն առաջարկել է Ալիեւի եւ Էրդողանի մասին քարոզչական ֆիլմեր նկարահանել գումարի դիմաց

«Կազմակերպւած յանցաւորութեան եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացայայտել է, որ հոլիվուդեան պրոդիւսերներից մէկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնաւոր դոլարների դիմաց։

Ուկրաինական ծագումով, այժմ ԱՄՆ քաղաքացի Իգոր Լոպատեօնոկը, օսկարակիր կինոռեժիսոր Օլիւէր Սթոունի հետ համագործակցութեամբ, սկզբում նկարահանել է երկու վաւերագրական ֆիլմ Ուկրաինայի մասին, որոնք բնութագրւել են որպէս «կրեմլամէտ քարոզչութիւն» եւ ութ մասից բաղկացած չափազանց գովասանական մինի-սերիալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին։

Բացի այդ, Լոպատեօնոկը նախատեսել է նկարահանել մի քանի քարոզչական վաւերագրական ֆիլմեր՝ դրական լոյս սփռելով Ադրբեջանի եւ Թուրքիայի բռնապետ ղեկավարների վրայ, ի թիւս այլոց: Այնուամենայնիւ, պարզ չէ, թէ արդեօք Սթոունը ներգրաււած է եղել առաջարկւող նախագծերից որեւէ մէկում: Այդ վաւերագրական ֆիլմերից ոչ մէկը չի նկարահանւել:

OCCRP-ն յայտարարել է, որ Ալիեւը, Պուտինը եւ Լուկաշենկօն «մեղադրւում են իրենց ղեկավարած երկրների քաղաքացիների դէմ սարսափելի յանցագործութիւների մէջ… Սակայն այնտեղ, որտեղ աշխարհը դաժան բռնապետեր է տեսնում, Իգոր Լոպատեօնոկը տեսնում է [փող աշխատելու] հնարաւորութիւն»: Քանի որ բռնապետ ղեկավարները պէտք է վճարէին իրենց քարոզչական վաւերագրական ֆիլմերի համար, նրանց դաժան կառավարման մասին խօսք անգամ չէր կարող լինել:

«Լոպատեօնոկի փայլուն առաջարկներից մէկը՝ «Օլիւէր Սթոունի անվերնագիր վաւերագրական ֆիլմը» կամ «Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի մասին», խոստանում է, որ Սթոունը «դէմ առ դէմ կը նստի» ադրբեջանցի ուժեղ մարդու [Ալիեւի] հետ եւ կը պատմի ոչ միայն «նախագահի՝ պետութեան ղեկավար դառնալու, այլեւ Ադրբեջանի գունեղ ու հրապուրիչ պատմութեան բոլոր հարցերի մասին», հաղորդում է OCCRP-ը:

«Լոպատեօնոկը, կարծես, գտել էր խոստումնալից բանաձեւ։ Նա հաւաքել էր սցենարիստների եւ պրոդիւսերների մի փոքր խումբ, որոնք յօրինում էին ֆիլմի գաղափարներ բռնապետերին ներկայացնելու համար, եւ գրաւիչ առաջարկ էին անում՝ երկար ժամանակով յայտնւել էկրանին աշխարհահռչակ ռեժիսորի [Օլիւէր Սթոունի] հետ: Գործընթացը «դրամայնացնելու» բանալին պարզ էր, ասաց թիմի հետ աշխատող աղբիւրը՝ համաձայնելով խօսել լրագրողների հետ գաղտնի մնալու պայմանով: Լոպատեօնոկը հասկացաւ, թէ ինչպէս առաջարկել հզօր մարդկանց մի բան, որին նրանք չէին կարող դիմադրել. օրինականութիւն համաշխարհային հարթակում»,- գրել է OCCRP-ը:

«Օլիւէր Սթոունի վաւերագրական ֆիլմի համար Ալիեւին առաջարկում Լոպատեօնոկն ընդգծում է, որ նախատեսւած ֆիլմը «եզակի դրական ազդեցութիւն կունենայ նախագահի եւ Ադրբեջանի գովազդի վրայ»։ Թէեւ պարզ չէ, արդեօք Ալիեւը երբեւէ զբաղւած է եղել այդ առաջարկով, Եւրասիայի հարցերով փորձագէտը նշել է, որ դա համահունչ կը լինի ուժեղ մարդու նախկին ջանքերին՝ իր վարչակարգը ներկայացնելու որպէս տարածաշրջանում դինամիկ, արդիականացնող ազդեցութիւն ունեցող: «Կարծում եմ, որ սա տեղաւորւում է իմիջի մաքրման բոլոր այս պոտենցիալ ուղիների մէջ՝ մշակոյթ, սպորտ, աւելի կարեւորներից են համաշխարհային իրադարձութիւններ, համաշխարհային համաժողովներ»,- ասաց Նիւ Եօրքի Բարնարդ կոլէջի քաղաքագիտութեան պրոֆեսոր եւ Եւրասիական անդրազգային ցանցերի փորձագէտ Ալեքսանդր Քուլին»։

Ակնյայտ է, որ հոլիվուդեան կինոռեժիսորների կողմից Ալիեւի մեծութեան մասին նկարահանւած վաւերագրական ֆիլմը շատ աւելի հաւաստիութիւն կունենայ, քան Ադրբեջանում արտադրւած էժանագին քարոզչութիւնը։

«Երբ բռնապետ ղեկավարները հոլիվուդեան փայլ են ստանում, դա յաճախ լինում է այն մարդկանց հաշւին, որոնց վրայ նրանք իշխում են», ասում է Քէյսի Միշէլը, Մարդու իրաւունքների հիմնադրամի աւազակապետութեան դէմ պայքարի ծրագրի ղեկավարը: Հիմնադրամը տարիներ շարունակ քարոզարշաւ է իրականացրել, որպէսզի Հոլիվուդեան աստղերը դադարեն աշխատել բռնապետական վարչակարգերի հետ: «Ես չեմ կարող պատկերացնել, թէ ինչքան հիասթափեցնող պէտք է լինի Ղազախստանի նման երկրի քաղաքացիների համար… տեսնելով, թէ ինչպէս է այս ամերիկացի ռեժիսորը գալիս եւ դառնում քարոզչական խոսափող իրենց բռնապետերի համար», ասել է Միշէլը: Այս մարդիկ գիտեն, թէ որքան սարսափելի են իրենց վարչակարգերը, իսկ յետոյ դիտում են այս ամերիկացին պարաշիւտով իջնում է, եւ կուլ տալիս դիկտատորների բոլոր քարոզչական խօսքերը, առանց նոյնիսկ անհանգստանալու եւ յետ մղելու»,- նշեց OCCRP-ը։

Այս վաւերագրական ֆիլմերի արտադրութեան ֆինանսաւորումը պէտք է տրամադրւի բռնապետերի «կամ նրանց մերձաւոր մարդկանց կողմից»: 2019 թւականին, երբ Սթոունը եւ Լոպատեօնոկը նկարահանեցին «Ղազախ. ոսկեայ մարդու պատմութիւնը» վաւերագրական ֆիլմը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին, նրա կողմից վերահսկւող բարեգործական հիմնադրամը երկուսին վճարեց առնւազն 5 միլիոն դոլար»,- հաղորդում է OCCRP-ը:

OCCRP-ի լրագրողների կողմից ձեռք բերւած փաստաթղթերը ցոյց են տւել, որ Լոպատեօնոկի «խումբը պատրաստել է առնւազն վեց այլ բռնապետական կառավարութիւնների մասին պոտենցիալ ֆիլմերի սցենարներ ներառեալ Չինաստանը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները եւ Ռուսաստանի Թաթարստանի հանրապետութիւնը, ինչպէս նաեւ Ալիեւին ու Լուկաշենկոյին ուղղւած առաջարկներ, խոստանալով, որ Սթոունը հարցազրոյց կը վարի նրանց ղեկավարների հետ եւ կօգնի պատմել նրանց «ճշմարիտ պատմութիւնը»։

Լոպատեօնոկի խումբն առաջարկել է, որ Ալիեւի հետ հարցազրոյցի ընթացքում Սթոունը քննարկի «երկրի յաջողութիւնը» Ալիեւների ընտանիքի «ժառանգական իշխանութեան» ներքոյ եւ նրա շարունակական հակամարտութիւնը «Հայաստանի հետ, որը կորցնում է իր կայունութիւնը եւ տատանւում է անդունդի եզրին»։ Առաջարկւող ֆիլմի ամփոփումից պարզ է դառնում Լոպատեօնոկի մօտեցման ուղղւածութիւնը. այն Ալիեւին նկարագրում է որպէս իր հօր՝ նախորդ նախագահի «արժանի ժառանգորդ», որը նրան սովորեցրել էր լինել «իմաստուն ղեկավար»: «Կարո՞ղ էք արդեօք Ադրբեջանում գոյութիւն ունեցող պետական համակարգը անւանել «անձի պաշտամունք», թէ՞ դա պարզապէս ժողովրդի յարգանքի տուրքն է մի ղեկավարի նկատմամբ, որը կարողացաւ երկիրը աղքատութիւնից վերածել ծաղկող եւ բարգաւաճող երկրի»։ Ըստ OCCRP-ի՝ Ալիեւի մասին ֆիլմը կարժենայ 15 միլիոն դոլար։

Լոպատեօնոկը 2021 թւականին Բաքու կատարած այցի ժամանակ ասաց ադրբեջանական լրատւամիջոցներին. «Այս երկիրը [Ադրբեջանը] ունի շատ հարուստ եւ գունեղ մշակոյթ։ Երբ ես այստեղ էի 2012-2013 թւականներին, սովորեցի տարբերել ղարաբաղեան գորգերը միւսներից՝ նոյնացնելով [դրանք] իրենց զարդանախշերով։ Ադրբեջանի մասին լաւ ֆիլմ կը նկարահանէի»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող ֆիլմի մէկ այլ սցենար կար, որը «նրան հնարաւորութիւն էր տալու պաշտպանել թուրքական շահերը»: Ահա թէ ինչ է ասւում սցենարում. «Էրդողանը թուրք է, եւ դժւար թէ նրան անհրաժեշտ լինի իր գործողութիւնները հիմնաւորել այլ երկրների շահերով։ Բայց ի՞նչ շահեր ունի նա։ Կարո՞ղ է նա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը: Եւ արդեօք նա ծաւալապաշտական ծրագրեր ունի՞։ Ինչի՞ է փորձում հասնել Էրդողանը։ Այս հարցերին ինքը պէտք է պատասխանի։ Եւ միայն ինքնը: Մենք չպէտք է փորձենք գուշակել [Էրդողանի ծրագրերը] սուրճի մրուրից, նոյնիսկ եթէ դա հիանալի թուրքական սուրճ է, որը նրանք գիտեն պատրաստել միայն Ստամբուլում»:

«2018 թւականին տւած հարցազրոյցում Իբրահիմ Քալինը, որն այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսնակն էր, հաստատեց, որ իրենք Էրդողանի մասին վաւերագրական ֆիլմի առաջարկ են ստացել, մօտաւորապէս այն ժամանակ, երբ Սթոունը գտնւում էր Թուրքիայում: «Մենք քննարկում ենք այն, մենք գնահատում ենք այն», ասաց նա»,- հաղորդում է OCCRP-ը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button