Հայ ԴատՔաղաքական

Հրաչ Վարժապետեան. «Հայ Դատի պահանջատիրութիւնը յաղթելու է՝ հակառակ ներսից եկող դաւադիր ապտակների»

Ապրիլի 14-ին «Ազատութեան» հետ կիրակնօրեայ զրոյցում ՀՀ ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը յայտարարել էր, որ Նիկոլ Փաշինեանը նպատակ ունի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած իրական հիմքեր կառուցել՝ աւելի առարկայական դարձնել ցեղասպանութեան ենթարկւած հայրենակիցների ամբողջ ցանկը:

«Մենք այդ խնդիրը տասնեակ տարիներով չենք լուծել, այ հիմա պէտք է կենտրոնանալ, իրական Հայաստանը տալիս է այդ հնարաւորութիւնը նաեւ՝ ցեղասպանութեան այդ բացթողումը դարձնել իրականութիւն։ Շատ պարզ է, չէ՞, երբ որ ասում ենք՝ միլիոնուկէս հայ է կոտորւել, պէտք է միլիոնուկէս ազգանուն ինչ-որ արխիւներում մենք կարողանանք հանենք, դնենք, եւ Ցեղասպանութեան թանգարանի էդ պատը պէտք է լրացւած լինի էդ ազգանուններով։ Ես էլ երկու կողմից Ցեղասպանութեան արդիւնքում եմ տեղաշարժւել այսօրւայ Հայաստան, եւ այս Հայաստանն է, որ տւեց հնարաւորութիւն նաեւ հետագայում՝ 46 թւականին, ունենալ ներգաղթ եւ լուծել կարեւոր դեմոգրաֆիական խնդիր»,- լրատւամիջոցի փոխանցմամբ՝ նշել էր Քոչարեանը: Յաջորդ օրը նոյն միտքը նա կրկնել էր ԱԺ ճեպազրոյցների ժամանակ:

Իսկ ապրիլի 16-ին Անդրանիկ Քոչարեանը յանկարծ յիշեց, որ դա ոչ թէ Փաշինեանի, այլ իր անձնական մօտեցումն է։

Ցեղասպանութեան ենթարկւածների ցուցակների ամբողջականացման մասին յայտարարութիւնն իմ անձնական մօտեցումն է, քաղաքական որոշում չկայ, Նիկոլ Փաշինեանը դրա հետ կապ չունի»,- դարձեալ «Ազատութեան» ասել էր Քոչարեանը:

168.am-ի հետ զրոյցում ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը նշեց, որ Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը փաշինեանական կլանի քաղաքականութիւնն է:

«Անդրանիկ Քոչարեանը կամ Զարեհ Սինանեանը, որն իր հերթին շտապեց իրենց չարաբաստիկ թէզը պաշտպանելու, առանց Փաշինեանի կողմից «կանաչ լոյսի»՝ մի ծպտուն անգամ չէին կարող հանել: Սա իրենց պաշտօնական քաղաքականութիւնն է, իրենց ուղեգիծն է, ապազգային քաղաքականութիւնն է»:

Իսկ թէ ինչ կերպ է սա ընկալւել Ֆրանսիայում կամ տեղի հայ համայնքի կողմից, Հրաչ Վարժապետեանն ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքի կողմից, թերեւս, չի կարող բացասական չընդունւել այսօրինակ յայտարարութիւնը:

«Ֆրանսիայի համայնքը, ինչպէս Սփիւռքի որեւէ համայնք, որ ամբողջ մի դար պայքարել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար՝ 1.5 միլիոն զոհերի փաստի գիտակցմամբ, բնական է, որ պիտի չընդունի, մերժի այս ազգադաւ թէզը: Իսկ թէ ինչ վտանգ է այն պարունակում, նախ նշեմ՝ Ցեղասպանութեան ենթարկւածների ցուցակ կազմելու եւ, առհասարակ, Ցեղասպանութիւնն ուրանալու այս գաղափարը թրքական պետութեան, պաշտօնական Անկարայի ժխտողական թէզերից մէկն է: Նրանք միշտ էլ ասել են, որ հայերն այս հարցում ստել են, եւ, որ ինչո՞ւ ցուցակ կամ ցանկ չենք ներկայացրել՝ ապացուցելու հայկական պնդումները: Եւ հիմա Հայաստանի ՔՊ-ական կլանն է, որ իւրացրել է թրքական այս թէզը, որ միշտ ասւել է՝ թողենք այս հարցը պատմաբաններին:

Եւ սա ասւում է Ապրիլի 24-ից օրեր առաջ: Պէտք է ասեմ, որ զուգադիպութիւն չէ Հայաստանի ներսից ապրիլքսանչորսեան ոգեկոչմանը պատրաստւող հանրութեանը տրւած այս ապտակը: Սա զարմանալի չէ, 3-4 տարի է՝ Դաշնակցութիւնը զգուշացնում է, որ ՔՊ-ի ձեռքը հասնելու է Հայոց Ցեղասպանութեանը, եւ փաստօրէն հասաւ»,- շարունակեց Վարժապետեանը` վստահեցնելով, որ Անդրանիկ Քոչարեանի դաշտ նետած դաւադիր թէզի դէմ պայքարելու են ամէն կերպ:

«Ո՛չ Փաշինեանը, ո՛չ նրա մանկլաւիկները, առհասարակ, որեւէ մէկն իրաւունք չունի հայութեան անունից նման բան արտայայտելու: Ապրիլի 23-ին ջահերով երթի դուրս եկող եւ ապրիլի 24-ին դէպի Ծիծեռնակաբերդ բարձրացող հոծ բազմութիւնը, կամ աշխարհով մէկ այդ օրը 1.5 միլիոն զոհերի յիշատակը ոգեկոչող հայութիւնը լաւագոյն պատասխանն է տալիս եւ տալու այս իշխանութիւններին ու նրանց ազգադաւ գաղափարին: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի կառուցումից յետոյ նոր էջ է բացւել պահանջատիրութեան: Եւ անգամ Խորհրդային Հայաստանը 1.5 միլիոն զոհերի թէզով է առաջնորդւել: Աւելին, 1965-ին ժողովուրդը «Մեր հողերը, մեր հողերը» գրութիւնը կրող մեծատառ պաստառներով եւ վանկարկումներով փողոց էր դուրս եկել, այսինքն՝ այդ ժամանակ հնչեց նաեւ մեր հողային իրաւունքը»,- յիշեցրեց Հրաչ Վարժապետեանը՝ նշելով, որ դրան զուգահեռ՝ սկսւեց Հայ դատի միասնական աշխատանքն աշխարհի տարբեր հատւածներում, եւ գրեթէ բոլոր մեծ պետութիւններն ընդունել են Հայոց Ցեղասպանութեան փաստը, եւ նրանք բոլորը 1.5 միլիոն զոհերի թւական փաստն են առաջ բերում:

«Ֆրանսիայում պետական ցուցանակներ կան զոհերի 1.5 միլիոն հասկացողութեամբ: Եւ հիմա Անդրանիկ Քոչարեանը, Նիկոլ Փաշինեանը, Զարեհ Սինանեանը կամ որեւէ նման մանկլաւիկ թրքական թէզն են եկել պաշտպանելու: Աբսուրդ է, եւ վստահ եղէք՝ չի ընդունւելու, նրանց անունները մնալու է դաւադիրների ցանկում:

Իսկ 1.5 միլիոն թիւը Վատիկանում է հնչում, տարբեր երկրների նախագահների, պետական բարձաստիճան այրերի շուրթերից է հնչում: Եւ միայն թրքական եւ թրքամոլ ճտերն են, որ հակառակն են պնդում, բայց ձախողելու են: Եւ ամբողջ Հայ Դատի պահանջատիրութիւնը յաղթելու է՝ հակառակ ներսից եկող դաւադիր ապտակների»,- նշեց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը եւ յաւելեց. «Պատկերացրէք՝ Իսրայէլում կամ հրէական աշխարհի մէջ ինչ-որ անկիւնում որեւէ հրեայ համարձակւի Հոլոքոստի մասին ժխտական բան ասել: Պատկերացրէք՝ ինչ կը լինի այդ հրեայի վիճակը, ինչ միջամտութիւն կը լինի: Կը ցանկանայի, որ մենք այս տրամաբանութեամբ շարժւէինք Ցեղասպանութեան կամ Հայ Դատի նկատմամբ որեւէ դաւադիր բան ասող եւ կատարող հայ կոչւածի նկատմամբ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button