Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը Հայաստանի խնդիրները կեղծօրէն բարդում է 1915 թւականի ցեղասպանութեան հոգեցնցման վրայ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի` Հայաստանի ազգային շահերին հակասող յայտարարութիւններն օրէցօր գնալով աւելի տագնապալի են դառնում։

Սկզբում Փաշինեանը նսեմացրեց Արարատ լեռը՝ հայոց ամենակարեւոր խորհրդանիշը։ Այնուհետեւ ծաղրեց Հայաստանի զինանշանը՝ հարցադրելով, թէ ինչու է այնտեղ առիւծ պատկերւած՝ պնդելով, որ Հայաստանում առիւծներ չկան։ Այս յայտարարութեամբ Փաշինեանը երեք փաստական սխալ թոյլ տւեց.

1) Նա կարծես չէր հասկանում, որ առիւծը խիզախութեան եւ ուժի խորհրդանիշ է: Այն որեւէ կապ չունի Հայաստանում առիւծներ լինել-չլինելու հետ.

2) Կան մէկ տասնեակից աւելի երկրներ, որոնք իրենց զինանշանի վրայ առիւծ ունեն՝ առանց իրենց երկրներում որեւէ առիւծ ունենալու.

3) Նա նաեւ ճիշտ չէ, որ Հայաստանում առիւծներ չկան։ Յայտնի օլիգարխը երկար տարիներ մի քանի առիւծ ունէր իր առանձնատանը։

Վարչապետն այնուհետեւ վիրաւորական արտայայտութիւններ արեց Հայաստանի պետական օրհներգի վերաբերեալ՝ պատճառաբանելով, որ այն պարունակում է «թշնամի» բառը։ Կան մի քանի այլ երկրներ, որոնց պետական օրհներգում եւս առկայ է թշնամի բառը:

Փաշինեանը շարունակեց դժգոհել, որ այն, ինչ այժմ կոչւում է «Հայոց Բանակ», պէտք է լինի «Հայաստանի բանակ», իսկ «Հայոց պատմութեան» դասագրքերը պէտք է կոչւեն «Հայաստանի պատմութիւն»։ Նա նաեւ ցանկանում է հեռու պահել այսօրւայ Հայաստանն իր անցեալից՝ հակադրելով «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանին»։ Այնուհետեւ, նախագահ Ալիեւի պահանջին համահունչ, նա առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրութիւն՝ վերացնելով Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակումները։

Անցեալ շաբաթ ես գրել էի Փաշինեանի գլխաւոր օգնականներից մէկի անհաւանական առաջարկի՝ Հայոց Ցեղասպանութեան բոլոր 1,5 միլիոն զոհերի ցուցակը կազմելու մասին։ Սա Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնելու անուղղակի միջոց է։

Այս բոլոր յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Փաշինեանը նահանջում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգայնական դիրքերից՝ Ադրբեջանին եւ Թուրքիային գոհացնելու համար։

Իրավիճակն աւելի վատթարացնելով, 2024 թւականի ապրիլի 24-ին վարչապետը յայտարարութիւն տարածեց՝ լի շփոթեցնող բառերով, որոնք արտացոլում են նրա անկայուն հոգեվիճակը։ Նա Հայոց Ցեղասպանութիւնը 11 անգամ անւանեց Մեծ Եղեռն եւ ընդամէնը չորս անգամ՝ Ցեղասպանութիւն։ Մեծ Եղեռնը մի եզրոյթ է, որը հայերն օգտագործել են մինչեւ 1940-ական թւականները՝ նկարագրելու համար ցեղասպանութիւնը, նախքան Ռաֆայէլ Լեմկինի կողմից ցեղասպանութիւն եզրոյթի ստեղծումը։ Այդ ժամանակից ի վեր, ճիշտ եւ իրաւական եզրոյթը, որը պէտք է գործածւի, գենոցիդն է կամ ցեղասպանութիւնը՝ հայերէն։

Զարմանալի չէ, որ Փաշինեանն ապրիլի 24-ի իր յայտարարութեան մէջ եւս մէկ անգամ աղաւաղեց ցեղասպանութիւն եզրոյթի իմաստը՝ շարունակելով հայկական ազգային խորհրդանիշներն ու տերմինաբանութիւնը նսեմացնելու իր փորձերը։

Փաշինեանը դժգոհեց, որ Մեծ Եղեռնի պատճառով Հայաստանը յաճախ այլ երկրների հետ առնչւում է հոգեցնցման կամ ցնցման վիճակում. «այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողութիւններն ու գործօնները, պատմական ընթացքներն ու կանխատեսւող հորիզոնները։ Գուցէ նաեւ սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց Ցեղասպանութեան հոգեցնցումը վերապրելով արդէն որպէս ժառանգութիւն եւ որպէս աւանդոյթ»:

Նման յայտարարութեամբ Փաշինեանն իր անկարող որոշումների եւ պետութեան սխալ կառավարման մէջ մեղադրում է 1915 թւականի ցեղասպանութեան հոգեցնցումը։ Թէեւ ճիշտ է՝ գոյութիւն ունի միջսերնդային հոգեցնցում, սակայն ես խորհուրդ կը տայի վարչապետին աւելի շուտ դիտարկել իր իշխելու անկարողութիւնը, քան Ցեղասպանութեան հոգեցնցումը:

Այնուհետ Փաշինեանը զարմանալիօրէն առաջարկեց հայերին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ մենք գտել ենք այդ հայրենիքը, մեր Աւետեաց երկիրը, որտեղ կաթ եւ մեղր է հոսում»։

Պարզւում է, որ Փաշինեանը կորցրել է իրականութեան բոլոր ընկալումները։ Նա Հայաստանն իր գոյաբանական խնդիրներով բնութագրում է որպէս «Աւետեաց երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում…»։ Աւելի հաւանական է, որ նա եւ իր ընտանիքը շքեղ կեանքով են ապրում հայ հարկատուների հաշւին։

Փաշինեանի ապրիլի 24-ի ուղերձը գոհացրել է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս հաճոյքի վկայութիւնն էր թուրքերի բազմութիւնը, որն ապրիլի 24-ին հաւաքւել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ հայ ցուցարարների երեսին վանկարկելով «Փաշինեա՛ն, Փաշինեա՛ն, Փաշինեա՛ն»:

Թուրքիայի նախագահը, ինչպէս դա արել է 2014 թւականից ի վեր ամէն ապրիլի 24-ին, յայտարարութիւն տարածեց՝ փորձելով խաբել միջազգային հանրութեանը, թէ ինքը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը։ Նա իրականում միախառնեց հայերին ու թուրքերին եւ բոլոր միւսներին, որոնք «Առաջին համաշխարհային պատերազմի» ընթացքում «մահացել կամ նահատակւել են զինւած հակամարտութիւնների, ապստամբութիւնների, աւազակախմբերի բռնութեան եւ ահաբեկչական գործողութիւնների հետեւանքով»։ Այդպիսով նա նենգափոխել է ցեղասպանութեան հայ զոհերին որպէս պատերազմի զոհեր: Էրդողանը «1915 թւականի իրադարձութիւնները» որակել է ոչ թէ որպէս ցեղասպանութիւն, այլ մի «ողբերգութիւն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել»։

Փաշինեանին ուղղւած ուղերձում Էրդողանը յայտարարել է, որ «Թուրքիայի յարաբերութիւնները Հայաստանի հետ… կարծես թէ կախւած են [ցեղասպանութեան] հարցում Երեւանի դիրքորոշումից… Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատւում, եւ ժամանակն է մի կողմ թողնել անհիմն պահանջները։ Ժամանակն է առաջ շարժւել իրողութիւններով, որն աւելի լաւ է, քան կեղծիքով, հեքիաթներով առաջ շարժւելը»։ Սա շատ նման է նրան, ինչ փորձում է անել Փաշինեանը։ Էրդողանն աւելի ակնյայտ դարձրեց իր ուղերձի նպատակը, երբ ասաց. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հասկանում է սա [իրականութիւնը]»։ Որպէս վերջին ապտակ, Էրդողանը յայտարարեց. «Յուսով եմ, որ Հայաստանը կազատւի այն խաւարից, որի մէջ իրեն ներքաշել է Սփիւռքը եւ կընտրի նոր նախաձեռնութիւնների ուղին»:

Էրդողանի խօսքերի իրական իմաստը բացայայտւեց, երբ Ստամբուլի նահանգապետարանը հերթական անգամ արգելեց ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը: Գործերն աւելի է խօսուն են, քան խօսքերը…

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button