Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արամ Ա Կաթողիկոս. «Գնահատելով Իրանի զօրակցութիւնը Հայաստանի եւ Արցախի գծով, կը սպասենք աւելին»

Օգոստոսի 22 -ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը երկար հանդիպում է ունեցել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մոջթաբա Ամանիի հետ:

Քննարկումներում յատուկ շեշտւել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցը: Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ տեղեկութիւններ է ներկայացրել դեսպանին, յատկապէս անդրադառնալով շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած մարդասիրական ճգնաժամին եւ դրա ծանր հետեւանքներին: Ապա, Վեհափառ Հայրապետը նշել է, որ երկու հիմնական հարցեր են ծառացած Արցախի դիմաց՝ շրջափակման անյապաղ դադարեցումը եւ Արցախի ինքնորոշման ճանաչումը: Արագ ակնարկ նետելով Արցախի պատմութեանը՝ Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ յիշեց Իրանի ցուցաբերած զօրակցութիւնը ընդհանրապէս Հայաստան-Ադրբեջան ճգնաժամին եւ յատկապէս Արցախի հարցին քաղաքական լուծման՝ արդարութեան ու ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի վրայ հիմնւած: Շարունակելով իր խօսքը՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ հայ ժողովուրդը աւելին է սպասում Իրանից, յատկապէս Արցախի ճգնաժամային այս ճակատագրական փուլում:

Դեսպանը մօտկից ծանօթ լինելով Արցախի հարցին, խոստացաւ Վեհափառ Հայրապետի մտահոգութիւններն ու սպասումները փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետութեան պատասխանատուներին:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկւել է Լիբանանի նախագահական ընտրութիւններին առնչւող հարցեր եւ այս ուղղութեամբ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները՝ տեղական, շրջանային եւ միջազգային մակարդակներում: Դեսպանը ողջունել է Վեհափառ Հայրապետի ու Լիբանանի հայ համայնքի տարած աշխատանքները եւ որդեգրած դիրքորոշումները նախագահական ընտրութիւնների գործում:

Հանդիպման աւարտին, Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է նաեւ առաջիկայում Իրանի հայութեանը տալիք իր հովւապետական այցելութեան մանրամասներին:

Aztagdaily.com
(Արեւելահայերէնի վերածած)

Առնչւող Յօդւածներ

Back to top button