Հայաստան - Արցախ

Լիլիթ Գալստեան. «Դա հրապարակային խոստովանութիւն է, ցուցմունք թէ՛ սեփական թիմի նկատմամբ, թէ՛ իր»

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

Դուք գրառում էիք արել Յովիկ Աղազարեանի՝ մեր թերթին տւած հարցազրոյցի հետ կապւած, որ ասել էր՝ եթէ ընդդիմադիրները խելօք մնան, իրենք ընդդիմադիրներին այլեւս չեն ծեծի: Աղազարեանի այս «մեծահոգութիւնը» զայրացրել էր Ձեզ:

– Սա ոչ թէ «մեծահոգութեան», այլ քաղաքական տգիտութեան եւ տհասութեան նշան է՝ վարկաբեկող ոչ միայն սեփական թիմն, այլեւ Հայաստանի քաղաքական համակարգն առհասարակ։ Բայց սա իրականութիւն է, շատ ցաւալի իրականութիւն, ինչի մէջ թաղւած է երկիրը։ Խօսել ժողովրդավարութիւնից, բայց գործել փողոցայինի, հոտային արարածի վարքով։ Ես, վստահ եմ, որ սա անգամ քննարկման չի արժանանայ ՔՊ-ում։ Ի վերջոյ, արժէքային այս համակարգով եւ ցեղախմբային այս մտածողութեամբ իր քարոզարշաւն անցկացրեց նրանց քաղաքական առաջնորդը։

Խօսել էիք իրաւապաշտպան ՀԿների լռութեան մասին: 2018-ից առաջ այդ նոյն ՀԿները չէին լռում, երբ նմանաբնոյթ դէպքեր էին տեղի ունենում: Նրանց լռութիւնն այժմ ինչո՞վ կը բացատրէք:

– Այս խնդրին անդրադառնալու առիթ էլի եմ ունեցել։ Պարզւեց՝ Հայաստանում գործող, մանաւանդ դրսից սնւող ՀԿ-ների ճնշող մեծամասնութիւնն, ընդամէնը վարձկաններ էին․ երկրի հիմքերը թուլացնող վարձկաններ։ Նրանց թիրախում ոչ թէ իրական ժողովրդավարութիւնն էր կամ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումն, այլ այդ արժէքների ներքոյ ներազգային համերաշխութիւնը փսորելու գործիք, ազգային պետականութիւնը նսեմացնելու եւ իրապէս առկայ թերութիւնները հրէշայնացնելու քարոզչական հնարքներով սեփական երկրից ու արժեհամակարգից հասարակութեանը օտարեցնելու միջոց։ Նրանց ազգային, պետական շահը չի հետաքրքրել։ Պարզւում է նրանք օտար շահեր սպասարկող գործակալներ էին՝ հմտօրէն թաքնւած ժողովրդավարութեան շղարշի տակ… Կոռուպցիան, բռնութիւնն ու ամենաթողութիւնը համատարած են, նրանք չկան… որոշները ԱԺ-ում են։

Ստացւում է, որ Աղազարեանն ընդունում է իշխանութիւնների ծեծող լինելու հանգամանքը: Ընդդիմադիրներն այս մասով ի՞նչ քայլեր են պատրաստւում ձեռնարկել:

– Ըստ էութեան, այո, դա հրապարակային խոստովանութիւն է, ցուցմունք թէ՛ սեփական թիմի նկատմամբ, թէ՛ իր։ Այս մարդիկ այնքան հեռու են իրական քաղաքական եւ ազգային արժէքներից, պետութիւն կառուցելու գիտակցումից, քաղաքական մարդու խօսքի պատասխանատւութիւնից։ Քաղաքական բոլշեւիզմը հաւանաբար գլխապտոյտ է առաջացրել, այս քստմնելի վարքագիծը համատարած է. ուրանալ, մերժել, ստել, անվերջ ստել… ամէն օր ենք բախւում սրան։ Սրանք բարոյական արժէքներ ու կարմիր գծեր չունեն։ Ցաւալին նաեւ այն է, որ հասարակութիւնն էլ է անտարբեր դարձել քաղաքական այս ամբարոյ վարքագծին։ Բայց պատմութիւնը հօ արձանագրում է։ Ըստ էութեան, իրենց համար հաւանաբար կարեւորը շէֆին հաճոյ լինելն է։ Սրանք նաեւ յայտարարութիւններ են անում հայ-ադրբեջանական համատեքստում, որոնք աւելի քան վտանգաւոր են, ադրբեջանական նարատիւին ծառայող։ Անկեղծ վստահ չեմ, թէ «քաղաքական մտքի այդ գիգանտի կապակցութեամբ» քայլեր կը ձեռնարկենք… ախր այս պահին անվտանգային այնպիսի առաջնահերթութիւնների ենք բախւած, ներառեալ պատերազմի սպառնալիքը։

ԿԳՄՍ նախարարն իր դիմումի համաձայն հեռացաւ պաշտօնից: Ժաննա Անդրէասեանը յաւակնում է նախարար դառնալ: Այս փոփոխութիւնն ի՞նչ կարող է տալ մեզ:

– Լաւ է, որ Դումանեանը հեռացաւ կամ հեռացրին։ Մի քաղաքական աղէտ էլ այս մտածողութեամբ, կասէի ոչ համարժէք, ադեկւատ պատասխանատւութեամբ, նախարարի գոյութիւնն էր։ Ոչ մի անձնական վիրաւորանք չեմ ուզենայ հնչեցնել։ Բայց նրա հետ իմ բոլոր շփումները մի եզրակացութեան են յանգեցրել․ ողբերգութիւն է, երբ երկրիդ մշակութային /կրթական/ քաղաքականութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանման թիւ մէկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթէ ձեւացնում է, թէ չի հասկանում/ ոլորտները։ Չեմ կարծում, թէ աշխատանքից ազատելու պատճառը մասնագիտական է… Կարծում եմ թէ՛ Դումանեանի, թէ՛ Համբարձում Մատթէոսեանի պաշտօնանկութիւնները պայմանաւորւած են Բրիւսովի համալսարանի ձախողւած օպերացիայով: Մէկը ԿԳՄՍ նախարար էր, միւսը՝ ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ասեմ, նաեւ, որ Հայաստանի պէս երկրի համար ռազմավարական սխալ է մշակոյթի եւ կրթութեան ոլորտների միացումը մէկ տանիքի տակ։ Մշակոյթը բոլորովին արհամարհւած է՝ մնացորդային գիտակցումով եւ վերաբերմունքով։

Իրականում, ինչ էլ լինի, սա քաղաքական նշանակում է եւ ապագայ նախարարը թիմի արժէքային համակարգի կրողը կամ կիսողն է լինելու։ Համակարգ, որը կառուցւած է ազգային արժէքներն ուրանալու կամ մերժելու վրայ։ Ես լաւատես չեմ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button