Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները եւ քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ»

Ամենեւին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նոյնիսկ սպառնում Բաքւի բարբարոսական վարչախմբին եւ զգուշացնում Թուրքիային։ Այս մասին իր տելեգրամեան ալիքում գրել է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

«Հնդկաստանը պաշտօնապէս արձագանգել է, որ ըմբռնումով է մօտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջէյշ օլ-Ադլ» խմբաւորմանը հրթիռների եւ ԱԹՍ-ների միջոցով հասցւած իրանական հարւածներին, քանի որ պէտք է զրօ հանդուրժողականութիւն դրսեւորւի ահաբեկիչների նկատմամբ։

Պատկերը սակայն աւելի լայն է եւ աւելի հետաքրքիր, որովհետեւ հարւածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաեւ քննարկւել էր հնդկական Հիւսիս-Հարաւ տրանսպորտային հանգոյցի կարեւոր բաղադրիչ իրանական Չաբահար նաւահանգստի ենթակառուցւածքների ընդլայնման հարցը։ Այն պայմաններում, երբ իրանամէտ եմէնեան հութիները փաստացիօրէն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը, հնդկական Հիւսիս-Հարաւն է՛լ աւելի հրապուրիչ եւ արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանեան Գւադարն է, ուստի իրանական հարւածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։ Ուղերձը շատ յստակ է եւ խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն եւ ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետութիւն է, իսկ Թեհրանը հաշւի չի նստում նոյնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսւող եւ Իրանի տարածքով անցնող Հիւսիս-Հարաւն է դառնալու Հնդկական թերակղզին Եւրոպային կապող ամենակարճ եւ անվտանգ միջազգային ուղին։

Թուրանական «Միջին միջանցք» կոչեցեալն էլ այս ծրագրի հակոտնեան է, եւ Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիօրէն հակասում է թէ՛ հնդկական, թէ՛ իրանական շահերին, ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նոյնիսկ սպառնում Բաքւի բարբարոսական վարչախմբին եւ զգուշացնում Թուրքիային։ Հետեւաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները եւ քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հէնց Հիւսիս-Հարաւի մասնակից եւ այս հարցում լրջագոյն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյեան Պակիստանի եւ Իրանի թշնամի Իսրայէլի հետ»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button