Հայաստան - Արցախ

Քրիստինէ Վարդանեան. «Սահմանադրութեան 4 կէտեր, որոնք խնդրայարոյց են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինեանի համար»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրութեան այն 4 կէտերին, որոնք խնդրայարոյց են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինեանի համար:

«1․ Սահմանադրութեան նախաբանը, որտեղ յղում է կատարւում ՀՀ Անկախութեան հռչակագրին։

Խնդրայարոյց է համարւում Անկախութեան հռչակագրի նախաբանի ձեւակերպումը, որտեղ կայ յղում ԼՂՀ եւ ՀՀ վերամիաւորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ»:

2․ Խնդրայարոյց է դիտարկւում նաեւ Անկախութեան հռչակագրի 11-րդ կէտը, որտեղ ասւում է. «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

3․ ՀՀ Սահմանադրութեան յօդւած 18-ը, որը վերաբերում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Յօդւածի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում»:

4․ ՀՀ Սահմանադրութեան յօդւած 21-ը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան խորհրդանիշերին։

Յօդւածի 2-րդ մասը յստակ սահմանում է ՀՀ զինանշանի տեսքը․

«Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրայ, պատկերւած են Արարատ լեռը՝ Նոյեան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւնների զինանշանները։ Վահանը պահում են արծիւը եւ առիւծը, իսկ վահանից ներքեւ պատկերւած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ եւ ժապաւեն»»,- գրել է Վարդանեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button