Հայաստան - Արցախ

Այս երկու գործերը կարեւոր նշանակութիւն ունեն սփիւռքահայերի իրաւունքների պաշտպանութեան տեսակէտից

Մամուլի ասուլիս՝ Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի գործով

Օրերս ՀՀ վարչական դատարանը բաւարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի դատական հայցերն ընդդէմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտաւորեցնելով ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի վերաբերեալ տւեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից։

Այս առիթով, յունւարի 25-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին գործով ներգրաււած փաստաբան Ռուբէն Մելիքեանը եւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

«Հրապարակւած որոշմամբ դատարանը շատ յստակ եւ համակարգային վերլուծութիւնների միջոցով ճանաչել է իրաւայարաբերութեան բացակայութիւնը եւ ԱԱԾ-ին պարտաւորեցրել է, որպէսզի հանեն Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի տւեալներն անցանկալի անձանց ցուցակից»,- լրագրողների հետ հանդիպմանն յայտնեց Արծւիկ Մինասեանը։

Նրա խօսքով՝ ամենեւին չնսեմացնելով ԱԱԾ-ի դերակատարութիւնը, այս երկու գործերը կարեւոր նշանակութիւն ունեն սփիւռքահայերի իրաւունքների պաշտպանութեան տեսակէտից։

Բացի Փափազեանից եւ Աբրահամեանից, ՀՀ-ի համար անցանկալի անձիք էին ճանաչւել նաեւ Ասլան Ասլանեանը, Արթուր Նժդեհ Քարաքաւորեանը եւ Սիւնէ Աբրահամեանը։ Նրանց վերաբերեալ գործերը, Մինասեանի խօսքով՝ գտնւում են իրաւական տարբեր գործընթացներում։

Փաստաբան Ռուբէն Մելիքեանն էլ յայտնեց, որ շատ բարձր է գնահատում դատարանի որոշումը։

«Յոյս ունեմ, որ այս գործով վէճը շարունակելու առիթ չի լինի, թէպէտ հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կը դիմի Վերաքննիչ դատարան։ Բայց նաեւ յոյս ունեմ, որ ԱԱԾ-ն խորապէս ծանօթանալուց յետոյ կը փորձի լուծումներ գտնել նման իրավիճակների համար։ Շատ կարեւորելով որոշումը, տեսնում ենք զարգացման հնարաւորութիւն, որ յատկապէս կասկածի տակ չդրւի այն մարդկանց Հայաստան վերադառնալու իրաւունքը, ում համար Հայաստանը հայրենիք է»,- ասաց Ռուբէն Մելիքեանը։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button