Հայաստան - Արցախ

Նիկոլ Փաշինեանի «սահմանադրական ռեւոլիւցիաները». Բանակը չպէտք է անվտանգութիւն ապահովի

Նիկոլ Փաշինեանը յունւարի 18-ին Արդարադատութեան նախարարութիւնում յայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրութեան կարիք ունի:

 «Առաջինը, որ ես կարծում եմ, որ, այնուամենայնիւ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձեւերով լուծել, Հայաստանի Հանրապետութիւնը, ի վերջոյ, պէտք է ունենայ Սահմանադրութիւն, որը կասկածի տեղիք չտւող քւէարկութեան արդիւնքներով ընդունւել է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմութեան հետ կապւած, իմիջիայլոց, կարեւոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պէտք է ունենանք Սահմանադրութիւն, որը Հայաստանի Հանրապետութիւնն աւելի մրցունակ եւ աւելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա:

Յիշեցնենք, որ 2021 թւականի սեպտեմբերի 27-ին թուրքական «Անադոլու» գործակալութեանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ Հայաստանը պէտք է նոր Սահմանադրութիւն ունենայ, քանի որ ՀՀ գործող սահմանադրութիւնը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, դրանից պէտք է հրաժարւել: Իհարկէ, նաեւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ Հայաստանը չպէտք է առաջ քաշի:

«Հայաստանը պէտք է ճիշտ ընկալի նոր ձեւաւորւած իրականութիւնը եւ քայլեր ձեռնարկի այդ իրականութեանը համապատասխան»,- շեշտել էր Ալիեւը՝ յաւելելով, որ միայն այդ դէպքում կարող է տարածաշրջանում լայնամասշտաբ համագործակցութիւն լինել:

Այս ընթացքում ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ Փաշինեանին յիշեցրել է իր այս պահանջի անհրաժեշտութեան մասին, ինչի մասին 168.am-ը գրել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պնդել ՀՀ սահմանադրութիւնը փոխելու կամ նորը մշակելու անհրաժեշտութիւնը:

Մասնաւորապէս, 2023 թւականի հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատւամիջոցներից մէկին ասել էր.

«Փաշինեանը յայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականութիւնը: Լաւ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, ըստ էութեան, ճանաչւել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրութեան համաձայն՝ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար իրաւական հիմք գոյութիւն չունի:

Աւելի վաղ մէկ այլ առիթով ադրբեջանցի դիւանագէտը շեշտել էր, որ «Ալմաաթեան հռչակագրում ամրագրւած չէ այս կամ այն սահմանի որեւէ կօօրդինատ»:

Իսկ Նիկոլ Փաշինեանը շարունակում է պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի գործընթացը պէտք է տեղի ունենայ 1991 թւականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրայ:

ՀՀ սահմանադրութեան փոփոխութեան մասին մէկ անդրադարձ էլ արւել էր 2023 թւականի դեկտեմբերին: Ադրբեջանական լրատւամիջոցներից մէկում հրապարակւած յօդւածից եւ դրանում ներառւած փորձագէտների տեսակէտներից կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը թէեւ չի հրաժարւում ՀՀ սահմանադրութիւնը փոխելու «պահանջից», բայց դրա հետ կապւած որոշակի վախեր ունի այս պահի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը հնարաւոր ներքին սպառնալիքների առումով:

Մասնաւորապէս, մի կողմից՝ ադրբեջանցի յօդւածագիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ ՀՀ տարածքային ամբողջականութեան հաստատման համատեքստում գրել էր, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէ նախաձեռնի, որին, չգիտես՝ ինչու, չի գնում՝ առաջ բերելով մտահոգութիւններ, թէ հնարաւոր է՝ մի օր ՀՀ յաջորդ իշխանութիւնները հրաժարւեն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Միւս կողմից՝ ուկրաինացի վերլուծաբան Օլեգ Կուպչիկի միջոցով գեներացրել էր միտքը, թէ ՀՀ սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնելու համար հանրաքւէի գաղափարը կարող է օգտագործւել Կրեմլի կողմից, աւելին՝ բարենպաստ պայմաններ ստեղծել նոր եւ թէժ բողոքի ակցիաների համար: Ուստի, ըստ Կուպչիկի, Փաշինեանը չպէտք է շտապի հանրաքւէի անցկացման հարցում:

Վերլուծաբանն այս համատեքստում նշում է, որ ՀՀ կառավարութեան արեւմտամէտ քաղաքական կուրսը, ըստ էութեան, ձեռնտու է Ադրբեջանին, իսկ ՀՀ ղեկավարութեան մէջ ռուսամէտ գործիչների յայտնւելը կարող է յանգեցնել ռեւանշիստական քաղաքականութեան՝ տարածքային նկրտումների առումով:

Ադրբեջանական լրատւամիջոցի յօդւածում յիշատակւել էր 1990 թւականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախութեան մասին հռչակագիրը եւ 1989 թւականի դեկտեմբերի 1-ի Հայաստան-Արցախ վերամիաւորման ակտը։

Յիշեցնենք, որ 2023 թւականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, նշել էր.

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծութիւնն ի ցոյց է դնում, որ մենք ի վերջոյ ընտրել ենք այնպիսի խօսոյթ եւ բովանդակութիւն, որի հիմքում դրւած է մեզ Խորհրդային Միութեան մաս դարձրած բանաձեւը. խօսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խօսոյթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մէջ էր պահելու մեր հարեւանների հետ:

Անկախութեան հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թէ՝ 20-րդ դարավերջին ընդունւած Անկախութեան հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդէն իսկ բերել էր անկախութեան կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թէ ինչպիսին կը լինէին եւ ինչի կը յանգեցնէին միւս ճանապարհները, բայց արդէն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թւականին ՀՀ վարչապետի պաշտօնը ստանձնելուց առաջ եւ դրանից յետոյ Հայաստանի անկախութեան Հռչակագրին վերաբերւել եմ ինչպէս «աստւածաշնչեան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ունէր եւ կարիք ունի խորը քննութեան, որովհետեւ, այնուամենայնիւ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետեւութիւններով: Եւ հիմա, Անկախութեան Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարութեան որդեգրած խաղաղութեան օրակարգը՝ անկախութեան օրակարգն է, որովհետեւ եթէ ունենանք խաղաղութիւն, կունենանք անկախութիւն: Քանի դեռ չունենք խաղաղութիւն, ԽՍՀՄ ուրւականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Ի դէպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ Փաշինեանը հաստատել է վերեւի պնդումը, որ Ադրբեջանն իրենից լրացուցիչ երաշխիքներ է ուզում, որ թաքցրած տարածքային պահանջներ եւ նկրտումներ չունենանք, «որովհետեւ դիւանագիտական տեքստերը իրենք միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր եւ տողատակեր են ունենում»:

Այսինքն, Ալիեւը յստակ պահանջ է դրել, որ Փաշինեանը չպահանջի նաեւ 2021-2022 թւականներին ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զօրքի դուրսբերո՞ւմը, քանի որ Ալիեւը յստակ յայտարարել է՝ դուրս չեն գալու: Հայաստանը պիտի համակերպւի՞ սրան, միւս կողմից՝ ադրբեջանական կողմը շարունակելու է մեր նկատմամբ տարածքային պահանջները: Եւ այս ամէնը Փաշինեանն անւանում է առկայ աշխարհաքաղաքական իրողութիւններին համահունչ գործելաոճ: Սա ստիպում է ասել, որ եթէ մինչ այսօր դեռ ենթադրութիւնների մակարդակով կարող էինք ասել, որ ՀՀ անկախութեան հետ կապւած հռչակագրային եւ սահմանադրական փոփոխութիւնների հարցում Նիկոլ Փաշինեանի եւ Ալիեւի դիրքորոշումները համընկնում են, ապա այսօր ոչ միայն սա յստակ կարող ենք ասել, այլ նաեւ, որ կոնկրետ պահանջ կայ Նիկոլ Փաշինեանին՝ խաղաղութեան պայմանագրի ստորագրման տրամաբանութեան մէջ: Փաշինեանն այն ստորագրելու լեգիտիմ իրաւունք պիտի ձեռք բերի, որին եւ գնում է:

Այս համատեքստում մի քանի յիշեցում անենք, թէ Փաշինեանն ինչով էր մինչ այս պայմանաւորում սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը, եւ թէ ոնց է ժամանակի ընթացքում փոխւել դրա շարժառիթն ու նպատակը:

Փաշինեանի՝ սահմանադրութիւն փոխելու մտադրութիւնների եւ շարժառիթների ռեւոլիւցիան

2018, օգոստոսի 17 – Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանը, խօսելով ներքաղաքական իրավիճակի մասին, յայտարարել էր.

«Մարդիկ շարունակում են չհասկանալ, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, բայց քանի որ չեն հասկանում, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, մենք կանենք հետեւեալը. մենք կը նախաձեռնենք սահմանադրական փոփոխութիւններ, որի իմաստը կը լինի հետեւեալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եւ ուրեմն, այդ փոփոխութիւնները պէտք է ընդունի այդ նոյն խորհրդարանը, ինչը տեղի կունենայ միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներդ, դա ձեւակերպէք ձեր կողմից՝ որպէս յստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպէք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»:

2019, մարտի 19 – Լրագրողների հետ հանդիպմանը խօսելով սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութեան մասին, Փաշինեանը նշել էր, որ սահմանադրական փոփոխութիւնների շուրջ որոշակի քննարկումներ կան: Նա անդրադարձել էր նաեւ կառավարման համակարգը փոխելու եւ նախագահական կառավարման մոդելի անցնելու կարծիքներին:

«Գիտեմ, որ կան քննարկումներ, որ խորհրդարանական կառավարման համակարգը յետ փոխենք նախագահականի: Ես այն կարծիքին չեմ, որ մենք նման անհրաժեշտութեան առաջ ենք կանգնած: Պէտք է հասկանանք՝ այս համակարգն իրենից ինչ էր ներկայացնում, յետոյ հետեւութիւններ անենք: Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտութիւն չունենք, քանի դեռ դրա վերաբերեալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք աւելի շատ տնտեսական յեղափոխութեան վրայ պէտք է կենտրոնանանք, քան՝ սահմանադրական փոփոխութիւնների»,- ընդգծել էր նա:

2019, մայիսի 20  Կառավարութիւնում դատաիրաւական համակարգին վերաբերող խորհրդակցութեան ժամանակ Փաշինեանն ասել էր.

«Ազգային ժողովում պէտք է տեղի ունենայ օրէնսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կեանքի կոչելու եւ Հայաստանում իրապէս, երաշխաւորւած անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթէ սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխութիւններ, մենք պէտք է գնանք նաեւ այդ քայլին, եթէ պէտք լինի դա անել համաժողովրդական հանրաքւէով, մենք պէտք է գնանք նաեւ նման լուծումների»:

Այնուհետեւ նա շարունակել էր.

«Հայաստանի սահմանադրութեան ոչ փոփոխելի երկրորդ յօդւածը յստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանութիւնն իրականացնում է ազատ ընտրութիւնների, հանրաքւէների, ինչպէս նաեւ Սահմանադրութեամբ նախատեuւած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտօնատար անձանց միջոցով»: Հետեւաբար, երկրում չի կարող գոյութիւն ունենալ իշխանութիւն, այդ թւում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանութիւնը չի բխում ժողովրդից»:

2019, յուլիսի 17 – «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում Փաշինեանը սահմանադրական փոփոխութիւնների հարցի մասին խօսելիս՝ նշել էր.

«Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրութիւնները երկրում յաճախակի փոխւեն, եւ նաեւ կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պէտք է շանս ստանայ Հայաստանում, որպէսզի մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա»:

Այնուհետեւ Փաշինեանն արձանագրել էր, որ չենք ունեցել ժողովրդի լեգիտիմ քւէն ստացած սահմանադրութիւն:

«ՀՀ-ում պիտի լինի Սահմանադրութիւն, որի օգտին ժողովուրդն իրօք գնայ ինքը քւէարկի՝ «ես ունեմ Սահմանադրութիւն, սա իմ Սահմանադրութիւնն է»։ Որպէսզի ամէն անգամ, երբ որ մենք շնորհաւորենք Սահմանադրութիւնը, մեզ չյիշեցնեն՝ բա չէ՞ք յիշում՝ 96 թւականին դա ոնց ընդունւեց։ Յետոյ չյիշեցնեն, բա չէ՞ք յիշում՝ 2005 թւականին ինչ եղաւ։ Յետոյ չյիշեցնեն՝ 2015 թւականին ինչ եղաւ։ Այսինքն, էս քաղաքական կեղծիքից ազատւելու էդ կոմպոնենտը, մէկ ա, մթնոլորտում կայ։ Դա պրոբլեմ է»,- յաւելել էր նա՝ բայցեւ չէր բացառել «ՍԴ-ի հարցը լուծելու համար» սահմանադրութեան մէջ կոնկրետ փոփոխութեան գնալը:

2021, մարտի 1 – 2021 թւականի փետրւարի 25-ին Գլխաւոր շտաբի հրաժարականի պահանջից յետոյ Փաշինեանը Հանրապետութեան հրապարակում հրաւիրւած հանրահաւաքի ժամանակ Զինւած ուժերի յայտնի յայտարարութեանն անդրադառնալով՝ չէր շրջանցել նաեւ սահմանադրական փոփոխութիւնների հարցը:

«Իրականում պէտք է, ի վերջոյ, խոստովանել, որ 2015 թւականի Սահմանադրութիւնը, որն ուժի մէջ մտաւ 2018 թւականին, այս ընթացքում ի ցոյց դրեց բազմաթիւ թերութիւններ: Եւ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրութիւնը, ցաւօք, բազմաթիւ ճգնաժամային հնարաւորութիւններ եւ ռիսկեր է ստեղծում, եւ մենք, ի վերջոյ, սա պէտք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարւայ հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքւէով ընդունենք նոր Սահմանադրութիւն կամ Սահմանադրական փոփոխութիւններ եւ, ի վերջոյ, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարաւոր տարբերակներից մէկը պէտք է լինի:

…Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրութեան մէջ կան յօդւածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքւէ, եւ դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քւէարկութեան միջոցով:

Առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում մենք պէտք է նոյն ֆորմատներով՝ Ազգային ժողով-Կառավարութիւն-Հանրապետութեան նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք՝ լաւարկելու համար այն յօդւածները, որոնք լաւարկելու հնարաւորութիւն կայ՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քւէարկութիւնների եւ խորհրդակցութիւնների արդիւնքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք:

…Մեր մեծագոյն խնդիրը պէտք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձեւաւորումը, որը կերաշխաւորի կայունութիւնը, անվտանգութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում եւ կը բացառի այսպիսի ճգնաժամերի ձեւաւորումը»,- յայտարարել էր Փաշինեանը եւ նկատել. «Զինւած ուժերը եւ դատական համակարգը քաղաքական գործընթացների մէջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրաւէրներ: Այդ մարտահրաւէրներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնոյթ, եւ այդ մարտահրաւէրների կառավարումից է կախւած մեր երկրի եւ ժողովրդի ապագան: Հիմա արդէն հասել ենք մի կէտի, որ սպառում ենք սխալւելու մեր հնարաւորութիւնները»:

Իսկ հիմա Փաշինեանը ցանկանում է, որ նոր Սահմանադրութիւն ունենանք, որ լեգիտիմութեան հարց լուծի, եւ, որ այն թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանութեան մէջ տեղաւորւի: Ի դէպ, եթէ մօտ 2 տարի առաջ Փաշինեանն այն կարծիքին է եղել, որ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարաւոր տարբերակներից մէկը պէտք է լինի, ապա 2023 թւականի յունւարի 18-ին Արդարադատութեան նախարարութիւնում շեշտել է.

«Ես համոզւած եմ եւ ժամանակը, իհարկէ, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջոյ ապացուցեց, որ ինձ համար գոնէ եւ մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշւի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները եւ ռազմավարութիւնները, ամենայարմարն է Հայաստանի Հանրապետութեան համար: Ընդորում, ես հիմա աւելի եմ համոզւել, որ եթէ 2020 թւականի յետպատերազմեան շրջանում մենք կառավարման հէնց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականութեան հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցէ շատերն ուզում էին, որ տեղի ունենայ»:

Իշխանափոխութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը խոստովանել էր մի առիթով, որ 2015 թւականի սահմանադրական փոփոխութիւնները բարենպաստ պայմաններ ստեղծեցին իրենց «թաւշեայ յեղափոխութեան» համար, եւ հիմա փաստօրէն խոստովանում է նաեւ, որ գործող խորհրդարանական կառավարման մոդելի շնորհիւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ ինքը շարունակեց մնալ իշխանութեան ղեկին:

Ինչ վերաբերում է, թէ թուրք-ադրբեջանական տանդեմի եւ Նիկոլ Փաշինեանի ցանկացած նոր սահմանադրութեան մէջ ինչ չի լինելու՝ գործողի համեմատ, ապա մասնագէտներն արդէն հասցրել են ասել, որ հանւելու է ամէն ազգայինը, նւազեցւելու է Հայ Առաքելական Եկեղեցու դերը, եւ այլն:

Հաշւի առնելով բանակին առնչւող Փաշինեանական քաղաքականութիւնն ու անվտանգային տեսլականը, թերեւս, կունենանք զինւած ուժերի դերի նւազեցում եւս, յատկապէս, երբ վերջին տարիներին արդէն իսկ զինւած ուժերի պահպանելիք հատւածներից ինչ-որ բան վերցւել եւ տրւել է սահմանապահ ուժերին, երբ ամէն առիթի Փաշինեանը խօսում է զօրքի յետքաշումից եւ ապառազմականացումից:

Մասնաւորապէս, 2021 թւականի օգոստոսին ՀՀ կառավարութեան նիստի ժամանակ Փաշինեանն ասել էր.

«Մեր ծրագիրը եւ պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զօրքերն աւելի ու աւելի շատ տեղամասեր ընդունեն Հայաստանի զինւած ուժերից: Այսինքն՝ սահմանապահ ծառայութեան պատասխանատւութեան տարածքները կընդլայնւեն: Այս առումով՝ սահմանապահ զօրքերը պիտի ընդլայնւեն, վերափոխւեն, բարեփոխւեն: Իմիջիայլոց՝ սա նաեւ խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը եւ նպատակադրումն է արտայայտում: Որովհետեւ, ինչպէս գիտէք, սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատւութիւնը, որը համարւում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գօտի»:

2022 թւականի ապրիլին էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր.

«Ասում են՝ ժամկէտայիններին յետ բերէք, պայմանագրայիններին տարէք: Իսկ կը ներէք՝ եթէ պատերազմ սկսւեց, այդ ժամկէտայինները, բոլորը պէտք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկէտայիններին տանել, պայմանագրայիններին բերել, յետոյ պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին յետ բերել, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ սահման եւ սահմանապահներ:

Յարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղութիւն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինւոր է կանգնած, դա խաղաղութիւն չէ: Խաղաղութիւնն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, եւ հարցերը կարգաւորւում են սահմանային նշանների եւ ոչ թէ՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգոյշ լինելու միջոցով: Մօտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղութեան ասւող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղութիւն չէ»: Աւելին, չմոռանանք, որ որքան էլ օրէնսդրական փոփոխութեան արդիւնքում ԳՇ պետն այսօր համարւում է ՀՀ պաշտպանութեան փոխնախարար, ՀՀ գործող սահմանադրութեան համաձայն՝ «Զինւած ուժերի զինւորական ամենաբարձր պաշտօնատար անձը գլխաւոր շտաբի պետն է»: Այսինքն, այն սահմանադրական պաշտօն է, եւ Փաշինեանը, բնականաբար, վերացնելու է այս կէտը:

Իսկ տարբեր ժամանակներում Փաշինեանը երկրի անվտանգութեան ապահովման տարբեր հիմքեր եւ գրաւականներ է տեսել:

Ով եւ ինչն է ՀՀ անվտանգութեան երաշխաւորը. Փաշինեանի գաղափարական ռեւոլիւցիան

2019, յունւարի 26 – Նիկոլ Փաշինեանն այցելել էր ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն եւ ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ Զինւած ուժերի բարձրագոյն սպայակազմի հետ խորհրդակցութեան ժամանակ յայտարարել.

«Մեր քաղաքական շեշտադրումը հետեւեալն է, եւ այդ շեշտադրման մէջ որեւէ նորութիւն չկայ. Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի անվտանգութեան թիւ մէկ երաշխաւորը Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերն են եւ Արցախի պաշտպանութեան բանակը»:

2023, ապրիլի 29 – Նիկոլ Փաշինեանը Քաղաքացու օրւայ առթիւ իր ուղերձում շեշտել էր.

«Քաղաքացիութիւնն ինքնութիւն է, անվտանգութեան երաշխաւորը խաղաղութիւնն է, եւ այս յենասիւների վրայ պիտի կառուցւի Ապագան»:

2023, մայիս – Ժողովրդավարութեան հայկական ֆորումին, իհարկէ, ոչ այնքան հաստատակամ, Փաշինեանն ասել էր. «…Իսկ հարցը հետեւեալն է՝ արդեօք ժողովրդավարութիւնն ի վիճակի՞ է նաեւ ապահովել անվտանգութիւն: Սա իսկապէս հարց է, որի դրական պատասխանին մենք հաւատում ենք, բայց դա դեռ պէտք է ապացուցել: Ես յոյս ունեմ, որ մենք ի վիճակի կը լինենք, եւ ինչ-որ տեղ համոզւած եմ, որ ի վիճակի կը լինենք այս հարցին դրական պատասխան տալ»:

2023, հոկտեմբերի 17 – Եւրոպական խորհրդարանում իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինեանն այս առումով առաւել հաստատակամ էր.

«Հայաստանի Հանրապետութիւնում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձութիւններ առաջ են բերում հետեւեալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդեօք ժողովրդավարութիւնն ապահովել անվտանգութիւն, խաղաղութիւն, միասնականութիւն, բարեկեցութիւն եւ երջանկութիւն: Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանը «Այո» է աներկբայ»:

Ի դէպ, 2018 թւականի յեղափոխութիւնից յետոյ Փաշինեանը եւ իր թիմը մանիպուլիացրել էին հանրութեանը, թէ ժողովրդավարութիւնը կարող է լինել ոչ միայն անվտանգութեան երաշխաւոր: Բայց Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ մէկ ժողովրդավարութիւնը համարած չլինէր Ադրբեջանի համար թիրախ՝ պատերազմ սկսելու, մէկ պնդած, որ, օրինակ, 44-օրեայ պատերազմը որեւէ կապ չունէր ՀՀ-ի ժողովրդավար լինելու հետ:

Նիկոլ Փաշինեանի տարբեր մանիպուլիացիաներին ժողովրդավարութեան եւ պատերազմի մասին 168.am-ը մանրամասն անդրադարձել է։

Իսկ հիմա Փաշինեանը հասկացել է՝ «Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնն ապահովելու անկիւնաքարը լեգիտիմութիւնն է»:

«Մենք անվտանգութիւն ասելով՝ սովորաբար հասկանում ենք բանակ, Զինւած ուժեր, հասկանում ենք դիւանագիտութիւն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն՝ այստեղ խնդիր չկայ, բայց մոռանում ենք անվտանգութեան ապահովման համար հէնց լեգիտիմութիւնը…»,- յունւարի 19-ին Արդարադատութեան նախարարութիւնում ընդգծել է նա:

Այսինքն, Փաշինեանը Զինւած ուժերին չի տեսնում երկրի անվտանգութեան հիմնական երաշխաւոր, եւ սա վաղուց, հէնց սա է պատճառը, որ 44-օրեայ պատերազմից յետոյ լրջագոյն քայլեր չեն արւել Զինւած ուժերի կարողութիւնների վերականգնման, վերազինման ուղղութեամբ՝ բերելով տարբեր պատճառաբանութիւններ:

Նշենք, որ 2023 թւականի նոյեմբերի 8-ին հրթիռների գործով անցնող եւ շուրջ երկու տարի անազատութեան մէջ գտնւող ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տոնոյեանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրոյց էր տւել 168.am-ին, որի ժամանակ, մասնաւորապէս, ասել էր.

«Տեղեակ չեմ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) անցկացման վերաբերեալ, որը պահանջւած է նաեւ օրէնսդրութեամբ, եւ որը կապահովի ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձեւակերպումը: Այդ վերանայումն այսօր անհրաժեշտ է եւ անյապաղ պէտք է իրականացւի»:

Տոնոյեանը նշել էր, որ Զինւած ուժերը կը կարողանան ձերբազատւել գծային-խրամատային հիւծող ստատիկ պաշտպանութեան կազմակերպումից, քանի որ համոզւել ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների եւ, մասնաւորապէս, ռոբոտացւած համակարգերի օգտագործման պայմաններում պաշտպանութեան կազմակերպման այդ մեթոդն անարդիւնաւէտ է եւ ժամանակավրէպ:

Պաշտպանութեան նախարարութիւնից 168.am-ին յայտնել են, որ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չկայ. պաշտպանութեան պլանաւորումն այլ գործիքակազմով է իրականացւում: Թէ ինչ գործիքակազմ, պարզ չէ, մի բան յստակ է՝ մենք ոչ ազգ-բանակ տրամաբանութեամբ բանակաշինութեան մէջ ենք, ոչ էլ դասական իմաստով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհին:

Ի դէպ, Փաշինեանը տարբեր ժամանակներում եղել է նաեւ պատերազմի հրձիգի փնտրտուքի մէջ, եւ ամէն անգամ մի պատճառ է նշւել, որոնց մենք եւս մանրամասն անդրադարձել ենք։

Իսկ նոր պատերազմից, մեղմ ասած, երաշխաւորւած չենք, եւ Փաշինեանի նշած անվտանգութեան ոչ մի հիմք չի փրկելու, որովհետեւ Ալիեւին զսպողը եւ խաղաղութիւն պարտադրողը միայն հայկական բանակն է եղել…

Առնչւող Յօդւածներ

Back to top button