Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ԱԳՆ. «Ադրբեջանը պատրւակներ է փնտրում սահմանային էսկալացիաներ ծաւալելու համար»

Ադրբեջանական կողմի ագրեսիւ գործողութիւններն ի ցոյց են դնում, որ սահմանային էսկալացիաներ ծաւալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրւակներ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշւած է Հայաստանի Հանրապետութեան ԱԳ նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ:

«Փետրւարի 13-ի առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի, Կապան խոշորացւած համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինւած ուժերի հերթական սադրանքի եւ ուժի կիրառման արդիւնքում հայկական կողմն ունի 4 զոհ եւ մէկ վիրաւոր:

Չնայած ՀՀ իրաւասու մարմինների՝ փետրւարի 12-ի հաղորդագրութեանը, որը նոյն օրն ադրբեջանական լրատւամիջոցների կողմից հրապարակւած կադրերը եւ տեղեկութիւնները, թէ Կապանի հատւածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինւորի են վիրաւորել, հետաքննւում են, ադրբեջանական կողմը փետրւարի 13-ի առաւօտեան ագրեսիւ գործողութիւններ է իրականացրել։ Սա ի ցոյց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծաւալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրւակներ:

Ուժի կիրառման այս գործողութիւններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները, ինչպէս նաեւ վերջին օրերի տեղեկատւական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարութիւնը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարաւային Կովկասի կայունութեամբ եւ անվտանգութեամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները:

Խստօրէն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողութիւնները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից եւ վերադառնալ բանակցութիւնների:

Եւս մէկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիւ հնչեցրած առաջարկները՝ իրականացնելու սահմանային անվտանգութեան բարձրացմանն ուղղւած յուսալի միջոցառումներ»,- ասւած է ՀՀ ԱԳՆ-ի տարածած յայտարարութեան մէջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button