Հայաստան - Արցախ

Հաւատացեալները կանխեցին ՀՀ գործող իշխանութիւնների հերթական արշաւը Եկեղեցու դէմ

Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ հերթական արշաւը Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը որոշել է իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը փետրւարի 24-ին նախատեսում էր բողոքի ակցիա իրականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի դէմ: Նշել էինք նաեւ, որ մեր ունեցած տեղեկութիւններով, Մայր Աթոռի մուտքի մօտ մեծաթիւ հայ քրիստոնեաներ են լինելու, որոնք թոյլ չեն տալու հերթական յարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու դէմ:

Եւ ահա, փետրւարի 24-ին բազմահազար մարդիկ էին այցելել Էջմիածին՝ ի աջակցութիւն Վեհափառ Հայրապետի ու Եկեղեցու: Բաւական տպաւորիչ արշաւ էր կազմակերպել «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»՝ Արթուր Ասատրեանի գլխաւորութեամբ: Մեր տեղեկութիւններով, աւելի քան հինգ հազար «խաչակիրներ» են մասնակցել այս քայլերթին:

Ակցիա էին իրականացնում նաեւ Էջմիածնի աւագանու «Էջմիածին» խմբակցութեան անդամները, Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբեանն իր համախոհների հետ եւ այլն: Էջմիածնում էին նաեւ բազմաթիւ այլ հայ քրիստոնեաներ, որոնք պարզապէս եկել էին աջակցելու Հայ Առաքելական Եկեղեցուն:

Այստեղ կարեւոր է նշել, որ ազգային արժէքների, այս դէպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբման արդիւնքում հնարաւոր եղաւ տապալել ՀՀ գործող իշխանութիւնների նախաձեռնած հերթական արշաւը Եկեղեցու դէմ: Ի դէպ, անկարեւոր չէ նշել, որ վերջին շրջանում, որքան իշխանութիւններն առաւել ինտենսիւ են պատերազմում Եկեղեցու դէմ, այնքան շատ են ակտիւանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող, սատարող նախաձեռնութիւնները, ինչը թոյլ է տալիս յուսալ, որ ինչպէս պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում, ներկայ բարդագոյն փուլում եւս Եկեղեցին կարող է համախմբող գործօն դառնալ:

«Փաստ»

Առնչւող Յօդւածներ

Back to top button