Հայաստան - Արցախ

Հաստատւեցին Գառնիկ Դանիէլեանի նախազգուշացումները. ի՞նչ ասաց Փաշինեանը Տաւուշի մասին բառախաղերով

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գառնիկ Դանիէլեանը եւ Քրիստինէ Վարդանեանը Տաւուշի մարզ կատարած յատուկ այցից յետոյ մի քանի օր շարունակ ահազանգում էին Տաւուշի 4 գիւղերը թշնամուն յանձնելու Փաշինեանի իշխանութեան մտադրութեան եւ դրա կործանարար հետեւանքների մասին։

Հրաւիրած ասուլիսում Նիկոլ Փաշինեանը քողարկել է իրականութիւնը՝ պնդելով, որ Տաւուշի մարզի որեւէ գիւղ յանձնելու մասին խօսք չի եղել ու խօսք չի կարող լինել։ Բայց Փաշինեանի մանիպուլեատիւ խօսքերը հարկաւոր է աւելի ուշադիր վերծանել։

Փաշինեանը նշել է, որ այդ հարցի շուրջ կայ որոշակի շփոթ ու թիւրըմբռնում. «Եկէք նախ արձանագրենք, թէ որն է Հայաստանի Հանրապետութիւնը, որպէսզի կարողանանք յստակ ձեւակերպել, թէ որտեղ ու ինչպէս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ ու որտեղ է, որ չունի կամ հնարաւոր է չունի: Ո՞րն է ՀՀ-ն»:

Փաշինեանի խօսքից կարելի է եզրակացնել, որ այդ տարածքները, որոնց մասին Ադրբեջանը յաւակնութիւններ է ներկայացնում, իր համոզմամբ՝ կարող է եւ դելիմիտացիայով պարզւի, որ Հայաստանի Հանրապետութեան սահմաններից ներս չեն։

Փաշինեանը ՀՀ-ի քարտէզն էր իր հետ ասուլիսի տարել ու այն ցուցադրելով՝ ասաց. «Հայաստանի Հանրապետութիւնը սա է»:

4 գիւղերի յանձնման մասին՝ նա յայտարարել է. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խօսք չի եղել ու խօսք չի կարող լինել Տաւուշի մարզի որեւէ գիւղ յանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գիւղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գիւղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդորում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլեւ դրանից յետոյ: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դէ իւրէ ամրագրւած տարածքն է»: Նա նշել է 3 սկզբունքները, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դէ իւրէ գոյութիւն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատւել է Պրահայում, դարձել է միմեանց տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու հիմք. «Դելիմիտացիայի գործընթացում մենք պէտք է աշխատենք այդ սահմանը վերարտադրել: Մենք պէտք է ելնենք իրողութիւնից՝ այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Հայաստան չէ, Ադրբեջան է՝ Ադրբեջան է»:

Փաշինեանը չի բացառել, որ սահմանագծման գործընթացը կարող է սկսեն հէնց Տաւուշի մարզից: Փաշինեանը նշեց, որ բանակցային գործընթացում քննարկել են, որ սահմանները գծելուց յետոյ կարող են տարածքների փոխանակում անել. «Բայց ես տեսնում եմ, որ նման հնարաւորութիւնները մեծ չեն կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը եւ լրացուցիչ ռիսկեր բերել»:

Նա շատ նուրբ կերպով յայտարարել է, որ կան կոմունիկացիաներ, որոնք ՀՀ դէ իւրէ սահմաններից ներս չեն գտնւում։ «Այդ պատճառով կարծում եմ, առաջիկայում պէտք է գործողութիւններ անենք հետեւեալ տրամաբանութեամբ՝ այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները դէ իւրէ սահմաններից դուրս են, այդ հատւածները վերակառուցենք, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցկացնենք ՀՀ դէ իւրէ սահմաններով, որպէսզի խնդիրներ չունենանք: Ես այցելութիւն կունենամ Տաւուշի մարզ՝ տեղում հնարաւոր խնդիրներին ծանօթանալու համար: Այս պահին որոշումներ չունենք, բայց կարծում եմ, մենք պէտք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանութեամբ»:

Այսինքն՝ նոյնը, ինչ տեղի ունեցաւ Գորիս-Կապան ճանապարհի հետ, սպասւում է նաեւ Տաւուշում, իսկ եթէ այդ կոմունիկացիաները վերահսկի Ադրբեջանը, հետեւանքները պատկերացնելը բարդ չէ։ Տարբերութիւնը միայն այն է, որ ի տարբերութիւն Սիւնիքի մարզում տեղի ունեցածի, Տաւուշում թշնամուն կը յանձնւի թէ՛ միջպետական նշանակութեան մայրուղին, թէ՛ Ռուսաստան ֊Հայաստան գազատարը։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button