Հայաստան - Արցախ

«Հերթական ապօրինի գործընթացը՝ ԿԳՄՍՆ տիրոյթում»․ Լիլիթ Գալստեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրել է․

«Օրերս երկու ուշագրաւ դատական վճիռներ հրապարակւեցին։

Դրանցից մէկով Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քաղաքացիական դատարանն անվաւեր ճանաչեց Բրիւսովի անւան պետական համալսարանի ժամանակաւոր պաշտօնակատար Դաւիթ Գիւրջինեանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպեանին աշխատանքից ազատելու հրամանը։

Միւսով՝ Երեւանի քաղաքացիական դատարանի մէկ այլ վճռով անվաւեր ճանաչւեց ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասեանի որոշումը, որով Յովհաննէս Թումանեանի թանգարանի տնօրէն Անի Եղիազարեանն ազատւել էր աշխատանքից։

Ըստ մօտաւոր հաշւարկների՝ հանրային միջոցներին հասցւած վնասը 10 մլն ՀՀ դրամի շրջանակում է։ Բայց խնդիրը կամ խնդրի հիմնական էութիւնը ոչ այնքան նիւթականն է, որքան հանրութեանն ու պետութեան վարկանիշին հասցւած բարոյական ու քաղաքական վնասը։

Ըստ էութեան, անդրդւելի զինիզմով հանրային կարծիքն ու ՀՀ օրէնսդրութիւնն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատւութեան ու վարկի հետ խաղալը, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը սրանց մօտ ձեռագիր է, հիւանդագին սեւեռում։

Օրերս պաշտօնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրիւսովի անւ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրեանին՝ պարզաբանելու, թէ որքանով է օրինական Բրիւսովի անւ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտօնի համար յայտարարւած բաց մրցոյթը։

«Բարձրագոյն եւ յետբուհական մասնագիական կրթութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 15-րդ յօդւածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրութիւններ կարող են նշանակւել նախորդ ընտրութեան արդիւնքներն անվաւեր ճանաչելու դէպքում։

Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրութեան արդիւնքներն այս պահին վիճարկւում են դատարանում, իսկ կառավարութեան կողմից դրանք անվաւեր ճանաչելու որոշում չի կայացւել։

«Բարձրագոյն եւ յետբուհական մասնագիտական կրթութեան մասին» օրէնքի ակնյայտ խախտումով երէկ Բրիւսովի անւան համալսարանի ռեկտոր է ընտրւել նախորդ ընտրութիւններում պարտւած եւ, այդուհանդերձ, իշխանութիւնների հովանաւորեալ միակ թեկնածուն։

Լրագրողի հարցին, թէ արդեօք անօրինակա՞ն չեն ընտրութիւնները, երբ դատարանի որոշմամբ չեն չեղարկւել նախորդ ընտրութեան արդիւնքները, փոխվարչապետը նախ պատասխանում է, որ այդտեղ է ոչ թէ որպէս փոխվարչապետ, այլ որպէս խորհրդի նախագահ: Յետոյ պատասխանում է, որ  ինքն իրաւասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք  չի ստորագրել, իսկ ինչ վերաբերում է «այս  ընտրութեանը», նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրէնքի տառին համապատասխան։

Եւ..․ իրաւական այսպիսի գիտելիքներով ու համոզումներով, քաղաքական այսպիսի պատասխանատւութեամբ անձը փոխվարչապետ է․․․

Եթէ սեպենք, թէ պարոն փոխվարչապետը կրթական օրէնսդրութեանը չի տիրապետում կամ ժամանակ չունի տիրապետելու, բա ինչո՞ւ է ստանձնել եւ մատների արանքով է նայում բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին, եթէ անգամ օգնականները չեն զեկուցել, որ խնդիր կայ․․․ չէ՞ որ նախօրէին պաշտօնական նամակով անդրադարձել եմ եւ բարձրաձայնել դատական վէճի առկայութեան մասին ․․․

Չէ, իրականում  սա ո՛չ ժամանակի, ո՛չ իմացութեան, ոչ էլ շարքային ապօրինութեան խնդիր է, սա յստակ եւ անթաքոյց ցինիզմով՝ պետականութեան, պետական ինստիտուտների եւ օրէնքի գերայութեան վրայ թքած ունենալու, ամենաթողութեան և անպատժելիութեան վարքագիծ է։

Այս համատարակ վարքագիծը մեզ համար Հարենիքի ու Պետականութեան կորստի գին ունի։

Եւ, այնուամնայնիւ, գալու է պատասխան տալու ժամանակը։

Յ․Գ․ – Անցեալ տարի «Բրիւսով» օպերացիան ձախողելուն անմիջապէս յաջորդեցին նախարար Դումանեանի եւ փոխվարչապետ, Բրիւսովի անւան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթէոսեանի պաշտօնանկութիւնները։

Իսկ ՀՀ բուհերը ո՜չ քաղաքականացւած են, ոչ էլ՝ կուսակցականացւած, ո՛չ, իհարկէ՝ ո՛չ․․․

Քարեր նետելու եւ քարեր հաւաքելու ժամանակը․․․անխուսափելի ժամանակը․․․»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button