Հայաստան - Արցախ

«Այսօր մենք ունենք անտէր թողնւած ժողովուրդ, անտէր թողնւած ընտրազանգւածներ». Վահէ Յովհաննիսեան

Այսօր մենք ունենք անտէր թողնւած ժողովուրդ, անտէր թողնւած ընտրազանգւածներ։ Ֆէյսբուքեան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը․

«Վտանգաւոր իրավիճակ, անտէր թողնւած ժողովուրդ.

Մի տխմար ձեւակերպում կայ, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացութեան պատճառով՝ «քաղաքացին պէտք է տէր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անէք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագէտ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակութեան, մենեջմենթի ու ինքնազոհողութեան զրոյական պատրաստակամութեան, քաղաքացին ինչպէ՞ս տէր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամէնը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրեայ հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախութիւն ստանալուց յետոյ անկախ պետութեան քաղաքացի ձեւաւորել։ Մեծ հաշւով, մենք ունեցել ենք սխալ հասկացւած պետութիւն, որի միջավայրում է ձեւաւորւել այսօրւայ քաղաքացին։ Եւ հէնց դրա շնորհիւ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացաւ գրաւել «քաղաքացու» սրտերը։

Անտէր թողնւած ժողովուրդ, անտէր թողնւած ընտրազանգւածներ․

Այսօր մենք ունենք անտէր թողնված ժողովուրդ, անտէր թողնւած ընտրազանգւածներ։ Սա ծանր իրողութիւն է, բայց  մենք պէտք է ունենանք խիզախութիւն՝ սա ընդունելու, որովհետեւ դա կը յուշի-կը ստիպի հետագայ ճիշտ քայլերը։

  1. Պէտք է տէր կանգնել ընտրազանգւածներին, եւ ոչ թէ՝ տարւայ մէջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգւածներին պէտք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կը տեսնի իր, իր ընտանիքի, իր գիւղի-քաղաքի, իր պետութեան շահը։ Քաղաքական-հանրային ձեւաչափերի առաքելութիւնը դա է, ոչ թէ ապագայ մանդատի կամ հաստիքի հաշւարկը։
  2. Պէտք է գնալ միջընտրազանգւածային երկխօսութեան։ Սա է լիդերութիւնը, սա է սոլիդութիւնը։ Նիկոլի ընտրազանգւածի 80 տոկոսն արդէն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խօսելու, ընտրութիւն առաջարկելու, համագործակցութեան դաշտ բերելու փոխարէն շարունակում ենք սպառնալ կամ վիրաւորել։ Տաւուշի թեման հէնց բացւեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածւել այդ գիւղերի՝ 2021թ. քւէարկութեան արդիւնքները։ Ինչքա´ն պէտք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տաւուշի խեղճուկրակ գիւղացու կամ քարոզչութեան ճնշման տակ քւէարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագայ սերունդների, հետագայ տասնամեակների կամ հարիւրամեակների խնդիրն է։

Կայ գործ՝ անելու․

Հայաստանին ապագայ է պէտք, իսկ ապագայի մենեջմենթը պէտք է իրականացնեն նոր ձեւաւորւած կամ ձեւաւորւող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախութիւն ունեցան՝ կազմաւորւելու եւ հանրութեան հետ բաց խօսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրաւունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախաւը. «Հայաքւէ», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» եւ այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձեւաւորւելու են նոր ուժեր եւս, նոր ձեւաչափեր, որովհետեւ օբիեկտիւօրէն կայ ընտրազանգւած ու բովանդակութեան բաց։ Բացառիկ դեր պէտք է ունենայ եկեղեցին, եւ կեանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետութիւնը առանձին են» թէզը (սրա մասին  մանրամասն կը խօսւի առաջիկայում)։ Կարեւոր դերակատարում պէտք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անւանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով եւ գրագիտութեամբ ապագայում պէտք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատաւոր երեւոյթները հանրութիւնն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրւայ «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրօք քաղաքական մտածողութեամբ, լուրջ դէմքերը, որոնք նաեւ մարդկային կարեւոր յատկանիշներ ունեն եւ պատրաստ են հետագայ զարգացումներին։ Եւ այդ բանաձեւով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձեւաւորող մարդկանց։ Հայաստանի ապագային պէտք են իրական մարդիկ, ոչ թէ հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, եւ մեզ պէտք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակութիւն, նոր մենեջմենթ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button