Հայաստան - Արցախ

«Տաւուշի հետ կապւած իշխանութեան յայտարարութիւնները բացառապէս ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղւած». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տաւուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնութիւնը Զինւած ուժերի Գլխաւոր շտաբից է:

Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինւորականները նման որոշման կը գային, եթէ, իհարկէ, ԳՇ պետին չի յանձնարարւել, այսպէս ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հաւանական տարբերակ է:

Ինքս ցանկութիւն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պէտք է այս վիճակը պարզաբանի, որովհետեւ եթէ իսկապէս այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պէտք է շատ յստակ իմանան, թէ երկրի յանձնման այս գործընթացում ովքեր են յանցակցում քաղաքական իշխանութեանը:

Իրականում ծանօթ ձեռագիր է` փաշինեանը գծում է սցենարը, յանցանքը հաւասարապէս կիսում տարբեր դերակատարների միջեւ, որպէսզի քաղաքական առումով արդարացումներ ունենայ, իսկ հետագայում էլ դատարանում յայտարարի, թէ ԳՇ-ն է նման որոշում տւել եւ ըստ այդմ` նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատւութիւնը:

Եւս մէկ անգամ պարզ լեզւով ասում եմ` Տաւուշի հետ կապւած իշխանութեան յայտարարութիւնները քաղաքական, իրաւական, անվտանգային, բանակցային առումով որեւէ հիմնաւորում չունեն եւ դրանք բացառապէս ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղւած:

Իսկ թէ ով եւ ինչ ծաւալով կը մտնի սրա մէջ` իւրաքանչիւրի խղճի ու ընտրութեան հարցն է` համապատասխան իրաւական հետեւանքներով»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button