Հայաստան - Արցախ

Այդ հոգեւորականը Բագրատ Սրբազանն էր

«ԱԼԻՔ» – Գրող, գրականագէտ Յովիկ Չարխչեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ յիշելով իր ծանօթութիւնն ու առաջին շփումը Բագրատ Սրբազանի հետ:

«Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտութեան արարողութիւնը Սեւանի կղզու եկեղեցում անել: Առաւօտեան մի քանի մեքենաներով ճամբայ ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի եւ… այ քեզ անակնկալ, պարզւեց՝ ոչ մի հոգեւորական չկայ: Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտէի, թէ ինչ էր պէտք անել:

Յանկարծ ինչ-որ մէկն ասաց, որ ներքեւում՝ «Վազգէնեան» դպրանոցում, մի հոգեւորական կայ, բայց նա էլ հիւանդ է: Որոշեցի, այնուամենայնիւ, գնալ նրան տեսնելու: Մտայ իր կացարանը: Իսկապէս պառկած էր: Ասացին՝ ամբողջ մարմնում ցաւեր կան, շարժւել ընդհանրապէս չի կարողանում: Ներողութիւն խնդրեցի, արդէն դուրս էի գալիս, հիւանդն ինձ ձայն տւեց: Մօտեցայ: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կայ: Բացատրեցի կացութիւնը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթէ կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողութիւնը կանեմ»:

Ընկերս՝ Վահրամը, հրաշալի վարորդ է: Ասաց. «Ես իմ նիւայով կը բարձրացնեմ մինչեւ կղզու գագաթը»: Եւ իսկապէս, բարձրացրեց: Մկրտութիւնը կայացաւ: Ողջ ընթացքում նայում էի, թէ ինչպէս էր Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցաւը: Դէմքը քրտինքով էր պատւել: Նայում էի ու ինձ անսահման մեղաւոր էի զգում:

Երբ աւարտից յետոյ փորձեցինք վճարել ծառայութեան համար, շատ նեղացաւ: Ընդամէնը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգեւորականը Բագրատ Սրբազանն էր»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button