Հայաստան - Արցախ

Լիլիթ Գալստեան. «Ի՛նչ երջանիկ ենք ու հարուստ, որ Սօսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտութիւնն ենք ունեցել»

«Եթէ կայ մէկը, ում կարող ես ամէն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես»,- ասում էր Սօս Սարգսեանը։

Ես հաստատ երջանիկ եմ՝ գրեթէ քսաներկու տարի իմ կեանքում ունեցել եմ Սօս Սարգսեանի ներկայութիւնը, ոչինչ չեմ թաքցրել նրանից՝ խոստովանութեան, ինքնամաքրումի, ինքնաճանաչման, մոմ վառելու ու շնչելու պէս՝ անքննելի… Նա այսպիսին էր շատերի համար…

Մեր վերջին հանդիպումը Վարպետի մահից մի քանի օր առաջ էր, Ձորաղբիւրի ամառանոցում: Անբառ ու դառը համաձայնութեամբ՝ հայեացքներս միմեանցից փախցրած, նստել էինք պատշգամբում ու ծանր լռութեան մէջ լսում էինք կէսօրի ձայնը, աշխարհի անվերջ ու անընդհատ շնչառութիւնը… գիտէինք, որ մեր վերջին հանդիպումն է: Երկար լռութիւնից յետոյ, ծանրացած օդը ճաքեց Սօսի խորը, շատ խորը ձայնից.

-Աղչի՜, արեւմտահայերէնին տիրութիւն կանէք, մեռնում ա:

Պատասխանելու բառեր չգտայ, չէի կարող, թաքցրած արցունքները սեղմում էին կոկորդս. մեր հայեացքներն հանդիպեցին… ու արդէն հաստատ վերջին անգամ..

Սօսի հետ հիմա էլ եմ խօսում, մտքիս մէջ կամ բարձրաձայն․․․ Նա չափանիշ էր, նշաձող, ոնչով չլցւող անապակ տարածք՝ մեր հանճարների երակից սերած:

Համաձայն չեմ, թէ չկան անփոխարինելի մարդիկ։ Կան անփոխարելիներ: Սօսն հէնց այս տեսակն էր, եւ որքան հեռանում եմ նրա բացակայութիւնից՝ զգացողութիւնս առաւել զգալի է դառնում, նրա բացը՝ չլրացւող ու տխուր։

Իհարկէ, կարող ենք մխիթարւել Սօսի ժառանգութեամբ, նրա անունը կրող «Համազգային»-ի պետական թատրոնով։ Այն թատրոնով, որ հիմնեց քսանեօթ տարի առաջ: Պատերազմի ամենօրեայ ցաւով ու տագնապով ապրող Հայաստանում Սօսը թատրոն ծնեց, որովհետեւ հին աշխարհի իմաստունների պէս գիտէր՝ թատրոնը պետութիւն է կերտում։

Թատրոնը կայ՝ երիտասարդ, թրթռուն, արարող, Սօսի ժառանգութիւնն ու նրան սիրողներն էլ կան, բայց ՍՕՍ-ը չկայ, ՍՕՍ-ի տեսակը չկայ։

Եթէ անկեղծ՝ գիտեմ, թէ ինչու է այսօր Սօսի բացակայութիւնն առաւել քան զգալի, չլրացւող ու դառնացնող։

Որովհետեւ նրա կողքին ամուր էինք ու վստահ. նրա աչքերում ու հայեացքում մեր պատմութեան թանկ բեռն ու լոյսն էին, որ մեզ լաւատեսութեան էին դրդում։

Որովհետեւ նրա կողքին ազնւականօրէն բարձրանում էինք. նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնութեան ու բարոյականութեան էր դրդում։

Որովհետեւ նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ. նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատւութեան ու ուղիղ մէջքով ապրելու էր դրդում։

Որովհետեւ կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սօսի խօսքը. այն մեր աղօթքից էր սերում ու մեզ յոյսի ու սիրոյ էր դրդում։

Գնաց Մեծը, Սօսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ՝ մինչեւ կեանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով։

Մեր թիկունքից մի ծանր բերդ է ընկել, նոսրացել է մեր խղճի ձայնը: Չկայ այսօր մտաւորական-քաղաքացու այդ տեսակը՝ ՆԱՀԱՊԵՏ տեսակը, որ իր անխառն, անկաշառ, ազնիւ ներկայութեամբ մեզ մեր հոգու ու խղճի տեղը յիշեցնի, մեզ դրդի ապրել յաղթանակած երկրի երազանքով, մեզ թոյլ չտայ իջնել ինքնանւաստացման ճղճիմ յատակը, թոյլ չտայ այսքան աղքատացնել մեր ինքնութեան կենսական սահմանները։

Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացերը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ։

Հայոց հանճարին հաւատացող Սօսը մեզ հետ է նաեւ հզօր ու յաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տէր կանգնելու իր տեսակի պարտադրանքով։

Ի՛նչ երջանիկ ենք ու հարուստ, որ Սօսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտութիւնն ենք ունեցել։

Լիլիթ Գալստեան,

Հասարակական, քաղաքական գործիչ, հրապարակախօս

2013

Խօսքս զետեղւել է Սերգէյ Առաքելեանի հեղինակած, օրերս լոյս տեսած «Նահապետը» ժողովածուում՝ հրատարակւած ԼՈՒՍԱԿՆ-ում, «Համազգային»-ի եւ ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ հիմնադրամների հովանաւորութեամբ։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Առնչւող Յօդւածներ

Back to top button