Հայաստան - Արցախ

Գերագոյն հոգեւոր խորհուրդը ընդգծել է բռնի տեղահանւած արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը:

Այս մասին հաղորդագրութիւն է տարածել Մայր Աթոռի տեղեկատւական համակարգը։

«Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատւիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:

Հայրենական կեանքում ստեղծւած կացութեան, աշխարհաքաղաքական առկայ իրավիճակի եւ այդ համատեքստում Հայաստանի Հանրապետութեան անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանւած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, նրանց կեցութեան ապահովման եւ հումանիտար աջակցութեան ծրագրերի, ԼՂ հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ իրականացւող աշխատանքների վերաբերեալ զեկոյցներով հանդէս են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գէորգ Դանիէլեանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայութեան վարչական խորհրդի ատենապետ Տ. Գէորգ եպիսկոպոս Սարոյեանը եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի տնօրէն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծել է բռնի տեղահանւած արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան կենսական անհրաժեշտութիւնը։ Խիստ կարեւորւել արցախցիներին ուղղւած հոգեւոր խնամատարական, հումանիտար եւ հոգեբանական աջակցութեան ծրագրերի շարունակական իրագործումը, կեցութեան պայմանների բարելաւման եւ զբաղւածութեան ապահովման ուղղութեամբ աշխատանքների իրականացումը։

Մտահոգութեամբ անդրադարձ է կատարւել ԼՂ հոգեւոր-մշակութային ժառանգութեան նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականութեանը։ Անհրաժեշտ է համարւել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրօնական, այլեւ բոլոր հնարաւոր այլ հարթակներում հետեւողականօրէն ներկայացւեն հայկական յուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրւած ոտնձգութիւնները եւ աշխատանքներ իրականացւեն հայկական ժառանգութեան անխաթար պահպանութեան ուղղութեամբ։

Ժողովում որոշւել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի թեմը ստեղծւած կացութեան պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը եւ գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։

Հանրակրթութեան ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկւածութեան եւ կիրակնօրեայ դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերեալ զեկոյցներով հանդէս է եկել Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկութիւններ է փոխանցել 2023-24 թթ. նոր չափորոշիչների հիման վրայ հրատարակւած հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերեալ։

Մասնաւոր անդրադարձ է կատարւել Հայոց պատմութեան 7-րդ դասարանի դասագրքին, որում առկայ են ինչպէս պատմական, այնպէս էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի է համարւել, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակութեան մէջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպէս եւ եկեղեցու կողմից նւիրագործւած սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակէտներ ու վարկածներ։

Քննարկումների արդիւնքում յանձնարարականներ են տրւել պատկան կառոյցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթութեան ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։

Կիրակնօրեայ դպրոցների ուսումնական ծրագրի առնչութեամբ ԳՀԽ-ն որոշել է թեմակալ առաջնորդների եւ համապատասխան մասնագէտների ընդլայնւած քննարկումներ կազմակերպել՝ կարեւորելով սերունդների հոգեւոր դաստիարակութեան ու կրթութեան առաքելութիւնը։

Հայաստանում ամուսնութիւնների եւ ծնելիութեան նւազման, ամուսնալուծութիւնների աճի, թմրամոլութեան տարածւածութեան, կրօնական կազմակերպութիւնների մարդորսական գործունէութեան մասին զեկոյցներով հանդէս են եկել Մայր Աթոռի Իրաւախորհրդատւական յանձնախմբի անդամ Արա Զոհրաբեանը, Կախւածութիւնների բուժման ազգային կենտրոնի տնօրէն Սուրէն Նազինեանը եւ «Գէորգեան» հոգեւոր ճեմարանի՝ աղանդագիտութեան դասախօս Տ․ Ղեւոնդ աւագ քահանայ Մայիլեանը։

Արձանագրւել է, որ երկրի ապագայի եւ ազգային անվտանգութեան համատեքստում խիստ սպառնալից են յիշեալ ոլորտներում տիրող իրավիճակները եւ ահագնացող միտումները։ Առկայ հանգամանքները նկատի առնելով՝ կարեւորւել է հովւական խնամքի եւ հոգեւոր քարոզչութեան շրջանակներում յատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զօրացում ընտանեկան, ազգային եւ բարոյական արժեհամակարգի։

Քառօրեայ ժողովի ընթացքում քննարկւել են նաեւ եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն առնչւող այլ հարցեր»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button