Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեանի գլխաւորութեամբ կառավարութիւն ձեւաւորելու լուրը մեկնաբանել է Վազգէն Մանուկեանը

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտէի ղեկավար Վազգէն Մանուկեանը պարզաբանել է տեղեկատւութիւնը, ըստ որի, օրերս պատգամաւոր Արծւիկ Մինասեանը յայտարարեց, որ Ազգային կոմիտէի կողմից ներկայացւել է ժամանակաւոր կառավարութեան կազմ՝ Արման Թաթոյեանի գլխաւորութեամբ, եւ եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցութիւն յայտնեն այդ գաղափարին, սակայն Լեւոն Տէր-Պետրոսեանից բացասական արձագանգ են ստացել, եւ գաղափարը չի իրագործւել։ Ընդ որում, Արման Թաթոյեանն ու Լեւոն Տէր-Պետրոսեանի գրասենեակից հերքել են այդ յայտարարութիւնը։

Այս առնչութեամբ, Վազգէն Մանուկեանն ասել է. «Հաւանաբար իրար են խառնւել հետեւեալ երեք ինֆորմացիաները․

Առաջին․ կոմիտէն իսկապէս շատ կարեւորել է իր մէջ հասարակութեան լայն շերտերի հեղինակաւոր ներկայացուցիչներ ներգրաւելը, եւ քննարկւել են տարբեր անուններ, այդ թւում Արման Թաթոյեանի եւ Վարդան Օսկանեանի անունները։

Երկրորդ․ կոմիտէի անդամները ներքին խօսակցութեան մէջ նաեւ քննարկել են, թէ իշխանափոխութիւնից յետոյ ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թւում եւ Արման Թաթոյեանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկւել, եւ այդպիսի որոշում չի ընդունւել։

Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պէտք է նախեւառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, եւ երբ մօտենանք այն եզրին, որտեղից երեւում է իշխանափոխութիւնը, այդ ժամանակ հնարաւորութիւն կունենանք բնական ձեւով առաջարկել վարչապետի թեկնածու։

Երրորդ. կոմիտէի որոշ անդամների կարծիքով՝ նպատակայարմար եւ օգտակար կը լինէր, եթէ Վեհափառն ու երեք նախագահները հանդէս գային միասնական յայտարարութեամբ՝ կապւած շարժման եւ այն իրադարձութիւնների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկէ վարչապետի թեկնածուի վերաբերեալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը յետաձգւեց»:

Հարցին, թէ ի՞նչ իրավիճակում են Ազգային կոմիտէի աշխատանքները, կոմիտէն գործո՞ւմ է, Վազգէն Մանուկեանը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ կոմիտէի ամենամեծ թերութիւնն այն էր, որ չկարողացաւ իր մէջ ներգրաւել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ եւ չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։

Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբերին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մօտ 60 ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ փակ հանդիպում։ Եթէ ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխաւոր եզրակացութիւնը հետեւեալն էր․

1. Պէտք է կազմակերպւի խորհուրդ, որում ներկայացւած կը լինեն հասարակական-քաղաքական հնարաւորինս լայն շերտեր։

2. Այդ խորհուրդը պէտք է ունենայ քաղաքական պլատֆորմ, թէ ինչպէս է պատկերացնում ներկայ վիճակից դուրս գալու ելքերը եւ ինչպէս է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրայ կը ձեւակերպի եւ կը հրապարակի հռչակագիր։

3. Գործող կոմիտէն իր լիազօրութունները պէտք է վայր դնի, եւ խորհուրդը քւէարկութեան միջոցով պէտք է ձեւաւորի նոր գործադիր մարմին-կոմիտէ։ Եւ այդ նոր կոմիտէն, ունենալով արդէն լայն ներգրաււածութիւն, լեգիտիմ կը լինի ընդդիմադիր դաշտում եւ վստահութիւն կը վայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից յետոյ խորհուրդը, կոմիտէի հետ միասին, կը հռչակի շարժման սկիզբ, եւ կը սկսեն ձեւաւորւել կառոյցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկութիւններում։

Խորհուրդը նաեւ պէտք է ապահովի ցանցային համագործակցութիւն արդէն գոյութիւն ունեցող եւ նոր ձեւաւորւող երիտասարդական տարբեր կազմակերպութիւնների հետ։

Այժմ կոմիտէն այդ եզրակացութիւնների հիման վրայ փորձում է իրականացնել այդ ծրագիրը։

Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ Նիկոլ Փաշինեանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, եւ մեքենայի դէմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարաւոր չէ պայքարել։ Մեքենայի դէմ պէտք է լինի մեքենայ՝ լաւ կազմակերպւած, հզօր մեքենայ։

Եթէ դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտւած է ձախողման»:

«News.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button