Հայաստան - Արցախ

«Հայաստան» խմբակցութեան անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի յանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, խմբակցութեան պատգամաւորներ՝ Արթուր Խաչատրեանը, Աննա Գրիգորեանն ու Էլինար Վարդանեանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի յանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմօ Կիլիւնենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Խմբակցութեան պատգամաւորներն արժեւորել են համազեկուցողների` ԵԽԽՎ-ում հայանպաստ գործունէութիւնը, շեշտադրել Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ցեղասպանութեան եւ հայրենազրկման, Հայաստանի Հանրապետութեան տարածքում ադրբեջանական զաւթիչ ուժերի առկայութեան միջազգային յանցագործութեան փաստերը: Պատգամաւորները կարեւորել են միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի գործողութիւնների դատապարտումն ու հետեւանքների վերացման հրատապութիւնը, արձանագրել, որ դրանք դեռեւս բաւարար չեն:

Հիւրերի խնդրանքով պատգամաւորները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան քաղաքական կարգաւորման վերաբերեալ իրենց մօտեցումները: Մասնաւորապէս, նշւել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի բռնազաւթումը եւ բնիկ հայ ազգաբնակչութեան էթնիկ զտումը որեւէ կերպ չեն կարող դիտւել որպէս հակամարտութեան վերջնական լուծում: Հակամարտութիւնը կարող է կարգաւորւել այլ հանրայայտ սկզբունքների հիման վրայ` ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը յարգելու եւ իրացնելու դէպքում: Որպէս առաջին քայլ` անհրաժեշտ է համարւել ապահովել ԼՂ մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք. վերադարձի նախապայմանները ներառում են Լեռնային Ղարաբաղին անցումային (ժամանակաւոր) կարգավիճակի շնորհումը, անվտանգութեան երաշխիքների, այդ թւում` միջազգային խաղաղապահ ուժերի ներկայութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխափան ու անվտանգ հաղորդակցութեան ապահովումը:

«Հայաստան» խմբակցութեան անդամները համազեկուցողներին ներկայացրել են նաեւ Հայաստանում քաղաքական հետապնդումների, ժողովրդավարութեան ոտնահարման, մարդու իրաւունքների խախտման դէպքերը, յատկապէս անդրադառնալով, իրենց կարծիքով, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրէական գործեր յարուցելուն, դատարանների կողմից կալանքը որպէս պատիժ կիրառելուն, փաստաբանների առջեւ յարուցած արգելքներին, հաւաքների, խօսքի եւ մամուլի ազատութիւնը սահմանափակելու դէպքերին, անկախ եւ ինքնավար պետական մարմինները քաղաքականացնելուն եւ իշխանութիւնների կողմից դրանք իւրացնելուն, ինչպէս նաեւ երկրում միահեծան կառավարում հաստատելու փորձերին, Սահմանադրութեամբ խորհրդարանական ընդդիմութեանը վերապահւած իրաւունքներն անտեսելուն: Կարեւորելով Հայաստանի դատաւորների միութեան, փաստաբանների պալատի եւ ժուռնալիստների միութեան հետ աշխատանքը` հիւրերին ներկայացւել է նշւած հարցերի վերաբերեալ ամփոփ թղթածրար:

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button