Հայաստան - Արցախ

Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծւիկ Մինասեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփել են անցած քառօրեայի աշխատանքները եւ պատասխանել լրագրողների հարցերին:

«Մերժելի է այդ մօտեցումը, աւելին՝ սա շարունակութիւնն է այն ազգակործան քաղաքականութեան, որ գործող իշխանութիւնն իրականացնում է»,- ասել է Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը։

«Ակնյայտ եւ միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբիեկտայնութիւնը մատնանշող եւ նրա ներկայացուցչական բարձրագոյն մարմինն ու այն ներկայացնող ԱԺ նախագահը, արտաքին քաղաքականութիւնը ներկայացնող գերատեսչութիւնը, բազմաթիւ այլ պետական հաստատութիւններ, իհարկէ, պէտք է գործեն, այս մարմինները պէտք է կարողանան իրենց հաւաքական, անհատական բազմաթիւ հարցեր, խնդիրներ յաւուր պատշաճի ներկայացնեն»,- նշել է ընդդիմադիր պատգամաւորը։

Արթուր Խաչատրեանի խօսքով, ցանկացած գործողութիւն բխում է նպատակներից. «Այս իշխանութիւնների նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապէս։ Փաշինեանը հրապարակեց քարտէզ եւ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ Արցախը որեւէ կերպ այդ քարտէզի վրայ նշւած չէր։ Դա իրենց նպատակն է»։

Ըստ նրա, այս իշխանութիւնները շատ լաւ հասկանում են, որ եթէ Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացւածութիւնը պահի, Արցախի հարցը կը մնայ օրակարգում, հետեւաբար ամէն ինչ անելու են, որպէսզի դա տեղի չունենայ, ներառեալ պետական ինստիտուտուների՝ ՀՀ-ում գործելու համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։

«Հայաստանի իշխանութիւնների համար Արցախի իշխանութիւնների կամ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունէութիւնը ՀՀ-ում ռիսկ է, վտանգ է, բայց որ ադրբեջանցիները գրաւել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր եւ գտնւում են ՀՀ տարածքում, առնւազն այդ 250 քառակուսի կիլոմետրի վերի վրայ, մահ ու աւեր են սփռում, իրենց համար ազգային անվտանգութեան վտանգ չէ։ Դրան նորմալ են վերաբերում, եթէ նորմալ չվերաբերէին, որեւէ քայլ կը ձեռնարկէին։ Իսկ ներկայացւածութիւնը շատ կարեւոր է»,- ասել է Ա. Խաչատրեանը։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button