Հայաստան - Արցախ

Զատուլին. «Փաշինեանը ճարպիկ մանիպուլեատոր է. դա միակ բանն է, որ նա կարող է անել»

Համոզւած եմ, որ դասագրքերի պատմութիւնը միայն սկիզբ է։ Այս մասին «Մոսկւան խօսում է» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանի Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան որոշումը հանրապետութեան դպրոցներ ռուսաց լեզւով դասագրքերի դպրոցներին փոխանցելու գործընթացը կասեցնելու վերաբերեալ։

«Որովհետեւ մենք խօսելու ենք Գիւմրիում մեր բազայի, ՀԱՊԿ-ին անդամակցութեան, Եւրասիական միութեանն անդամակցութեան մասին։ Այս ամէնը կը գայ ժամանակի հետ։ Պարզապէս պարոն Փաշինեանը չի կարող ամէն ինչ միանգամից իրականացնել: Դէ, ոչ բոլորն են նրա յետեւից հասցնում»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։

Նրա խօսքով, Հայաստանի իշխանութիւնը որոշել է օգտւել ստեղծւած իրավիճակից՝ «Արեւմուտքի դէմ մեր պայքարից»։ «Նրանից, որ մենք յատուկ ռազմական գործողութիւն ենք իրականացնում Ուկրաինայում։ Նրանք հնարաւորութիւն ունեցան ազատւել իրենց քաղաքական հակառակորդներից՝ Ղարաբաղի հետ միասին: Նրանք դա արեցին եւ դրա պատասխանատւութիւնը գցեցին մեզ վրայ։ Իսկ հիմա շտապում են Հայաստանը որքան հնարաւոր է արագ այլ ուղղութեամբ շրջել»։

«2020 թւականին նա ձախողեց ռազմական գործողութիւնները, կարծում եմ՝ միտումնաւոր արեց, քանի որ պէտք է ազատւէր Ղարաբաղից։ Մենք ասացինք՝ դէ գիտէք, այստեղ չենք կարող…

Դրանից յետոյ նա գնաց ընտրութեան։ Ընդդիմութիւնը դիմեց մեզ եւ խնդրեց, որ ինչ-որ կերպ տեսանելիօրէն աջակցենք իրենց։ Ասացինք՝ ոչ մի դէպքում, եթէ Փաշինեանին ինչ-որ բան պատահի, նա ստորագրել է 2020 թւականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի աւարտի այս պայմանագիրը, նա ստորագրած երեքից մէկն է… Եթէ նա չկայ, ուրեմն պատերազմական գործողութիւնները նորից կը սկսւեն, մենք կը ներգրաււենք, մենք կը ներքաշւենք, մենք չենք ուզում ներգրաււել, մենք մեր գործերն ունենք, այնպէս որ ձեռք մի տւէք նրան: Իսկ հիմա հասել ենք նրան, որ դասագրքերն այլեւս չեն ընդունւում»,- նշել է Զատուլինը։

«Մենք մեր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ենք մտցրել՝ ելնելով պատերազմի արդիւնքներից եւ երկու կողմերի հետ պայմանաւորւածութիւններից, որից յետոյ Փաշինեանը յայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ ինքը կասկած չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մէջ։ Անմիջապէս մենք յայտնւեցինք շատ տարօրինակ դերում, այնտեղ մեր զինւորականները, ոչ թէ որպէս երկու կողմերի բաժանող են, այլ ընդհանրապէս որեւէ մանդատ չունեցող մարդիկ։ Եւ մենք նորից յայտնւեցինք մի իրավիճակում, որ ասացինք՝ լաւ, քանի որ Փաշինեանն ասել է, դէ, նա ամենագլխաւոր հայն է, նշանակում է՝ այդպէս է։

Ի՞նչ իմաստ ունէր, որ մենք հետեւէինք Փաշինեանին: Մենք պէտք է պաշտպանէինք մեր վարկածը՝ մենք այնտեղ ենք, քանի որ առանց մեր ներկայութեան այնտեղ մշտական բռնութեան եւ արտաքսման սպառնալիք կայ։

Ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ այսօր այս ԼՂ-ում ոչ մի հայ չկայ, հարիւր հազար մարդ գնացել է։ Սա իսկական տեղահանութիւն է Ադրբեջանի գործողութիւնների ազդեցութեան տակ, եւ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառոյթներ»։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ը նոյնպէս հարւածի տակ է յայտնւել 2022 թւականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ դէպի Հայաստանի խորքը։ Սա իսկապէս եղել է։ Պէտք էր անյապաղ արձագանգել, գոնէ զանգահարել, հրապարակային յայտարարել եւ այլն։ Սկսեցինք ուշ արձագանգել ու սրանից օգտւեց Փաշինեանը։ Նա շատ ճարպիկ մանիպուլիացիա է անում, մանիպուլեատոր է։ Սա միակ բանն է, որ նա գիտի, թէ ինչպէս անել, եւ անում է դա։ Եւ պէտք է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ վստահութեան աստիճանն, իհարկէ, նւազում է հէնց Հայաստանում՝ կապւած այն բանի հետ, որ առաւօտից երեկոյ նրանց ուղեղները լւացւում են համացանցում, հեռուստատեսութեամբ եւ այլն։ Եւ մենք պէտք է պայքարենք դրա դէմ»,- ասել է Զատուլինը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button