Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձեւակերպւել»

«Ցանկացած իշխանութիւն իր գնահատականը ստանում է գրանցած արդիւնքներով։ Ցանկացած իշխանութիւն, նոյնիսկ ամենաձախողւածը, յոյս ունի գրանցած արդիւնքները բարելաւելու եւ պատմութեան մէջ ինչ-որ ձեռբքերմամբ յիշւելու՝ փորձելով ստւերում թողնել ձախողումները», – գրում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը։

«Շատերին թւում է, թէ 44-օրեայ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինեանը գիտէր՝ ինչ է անում եւ կամ գիտէր՝ ինչ պէտք է անի դրանից յետոյ։ Մի պահ պատկերացրէք հակառակ վարկածը, որ Փաշինեանը չգիտէր, թէ ինչ է անում, շարունակում է չիմանալ, թէ ինչ պէտք է անել եւ որեւէ լուրջ պայմանաւորւածութիւն որեւէ մէկի հետ չունի։

Այս համատեքսում ստացւում է, որ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ արդէն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդիւնքը, մեղմ ասած, աղէտալի է երկրի համար։ Պարտութիւն պատերազմում, հազարաւոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիութեան կորուստ եւ հետագայ կորուստների վտանգ։

Տրամաբանօրէն՝ Փաշինեանն իր առաջ խնդիր պէտք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցէ, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կեանքն է, միգուցէ՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստաւոր դիրքը։ Նա ամէն գնով պէտք է փորձի երկարացնել իր իշխանութիւնն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թէկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական եւ այլ արժէքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացութեան կը մատնի կորուստներն ու ձախողումները։

Եթէ նոյնիսկ ընդունենք, որ կայ նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանէ դժւար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթէ առնւազն նրա մտքում նման տեսլական կայ, խնդիրն այն է, որ դա հնարաւոր չէ իրականացնել, եթէ իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։

Ինչպէս արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինեանն ի սկզբանէ չի իմացել՝ ինչ է անում, ինչը յանգեցրեց պատերազմի եւ պարտութեան, այսօր եւս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նոյն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում եւ չի գիտակցում չիմանալու հետեւանքները։ Ամէն անգամ սխալւելուց եւ ձախողւելուց յետոյ, սխալն ընդունելու եւ հետեւանքները մեղմելու փոխարէն, Փաշինեանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտաւոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձեւակերպւել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական յիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պէտք է պայծառ ապագայ ունենայ։ Այն հակադիւանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականութեան մէջ, հաւանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանօրէն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։

Բայց տպաւորութիւն է, որ Փաշինեանի բանակցութեան կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղւած արտաքին քաղաքական նրա ուղերձները, եւ այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանաւորւածութիւններ։ Ողբերգութիւնն այն է, որ դա միայն իրեն է թւում։ Իրականութիւնն այն է, որ որեւէ մէկը նրան որեւէ խոստում չի տւել, բայց նա շարունակում է իր քաղաքականութիւնը կառուցել այդ թւացեալ խոստումների վրայ։

Դիւանագիտութեան մէջ ամենակարեւոր գործիքներից մէկը փոխադարձ առեւտրի (tradeoff) հնարաւորութիւն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարաւորութիւն ստեղծելով փոխադարձ առեւտրի համար։ Օրինակ, եթէ Պրագայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց յետոյ նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կը լինէինք շատ աւելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձեալ՝ իր կարծիքով երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր եւս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնւազն նւազագոյն ինքնավարութեան, Բաքւի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինեանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պէտք է ստանայ այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա յոյսը դրել է երրորդ կողմի վրայ՝ որեւէ երաշխիք չստանալով եւ, ըստ էութեան, այդ երրորդ կողմերի հետ նոյնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիւանագիտութեան գիտակ պէտք չէ լինել հասկանալու, որ եթէ բանակցային սեղանին դնում ես զրօ պահանջ, չես ձեւակերպում որեւէ խնդիր, եւ ակնկալում ես, որ քո լռելեայն զիջումները ինչ-որ մի տեղ պէտք է գնահատւեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հաւանականութեամբ կը բերի շատ աւելի փոքր, թոյլ եւ անկայուն Հայաստանի»։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button