Հայաստան - Արցախ

«Խաղաղութեան խաչմերուկ»-ի իդեաֆիքսը

Դեռեւս 2021 թւականի յունւարի 11-ին Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ Մոսկւայում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւեց համատեղ յայտարարութիւն, որտեղ նշւում էր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխաւորութեամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղւելու էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհների տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով։ Եւ պարբերաբար փոխվարչապետների մասնակցութեամբ հանդիպումներ էին տեղի ունենում, սակայն ճանապարհների ապաշրջափակման մտադրութիւնն այդպէս էլ մնում էր քննարկումների մակարդակում։ Իսկ այդ ընթացքում Փաշինեանն ու իր թիմը փորձեցին հանրութեանը ներկայացնել, որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ահռելի օգուտներ է բերելու։

Նոյնիսկ խօսւում էր այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդիւնքում Հայաստանի ՀՆԱ-ն կարճ ժամանակամիջոցում 30%-ի աճ կարձանագրի։ Ու ճանապարհների բացման ծրագրին ինստիտուցիոնալ տեսք հաղորդելու համար Փաշինեանը ներկայացրեց նոր նախագծի իրականացման գաղափարը, որը միախառնւեց «Հիւսիս-հարաւ» նախագծին եւ ստացաւ «Հիւսիս-հարաւ/Արեւելք-արեւմուտք», կամ՝ «Հայկական խաչմերուկ» անւանումը։ Փաշինեանն իր ելոյթներում ներկայացնում էր, որ «Հայկական խաչմերուկ»-ը նոր հորիզոններ է բացում ոչ միան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցութիւն հաստատելու, այլեւ Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնման համար։ Բայց պէտք է նկատի ունենալ, որ խաչմերուկի նախագիծը նշանակում է խաչւող ճանապարհներ, իսկ դրանում Վրաստանի ու Իրանի հետ մեր ուղիղ հաղորդակցութեան բարելաւման մասին խօսք չկայ, այնինչ Հայաստանը սահման ունի այդ երկրների հետ։

«Հիւսիս-հարաւ» մայրուղին էլ, որ պէտք է բարելաւի Հայաստանի հաղորդակցութիւնն Իրանի ու Վրաստանի հետ, տարիներով կառուցում են, բայց չեն վերջացնում։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ նոր հաղորդակցութեան ուղիների ստեղծմանը, ապա այս պլանն անիրատեսական է թւում։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը նախ պէտք է թողնեն, որ իրենց տարածքով ՀՀ քաղաքացիները, հայկական բեռներն ու ապրանքներն անխոչընդոտ անցնեն։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Փաշինեանի խոստացած «Հայկական խաչմերուկ»-ի նախագիծը շատ հեռու է իրականութիւն դառնալուց։ Թերեւս պատճառը պարզ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ իրենց սահմանները բացել, որպէսզի հաղորդակցութեան ուղիները գործեն։ Այլ կերպ ասած՝ եթէ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռւած լինէին ճանապարհների ապաշրջափակմամբ, ապա արդէն այդ քայլին գնացած կը լինէին։

Թուրքական եւ ադրբեջանական իշխանութիւններին պէտք է, որ Հայաստանը շրջափակման մէջ մնայ, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացւեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարաւորութիւններ ստանայ։ Պատահական չէ, որ Բաքւից ու Անկարայից անընդհատ յայտարարութիւններ են հնչում, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։ Ըստ էութեան, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողութեան տակ գտնւող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դէպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկայ։ Այնպէս որ, Փաշինեանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անւանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղութեան խաչմերուկ», այդ նախագծի մասին բրիւշուրներ կամ նոյնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխւի։

Միեւնոյնն է, ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ էլ մեր գործընկեր պետութիւնները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձեւաչափով, ինչպէս Հայաստանն է պատկերացնում։ Իսկ աւելի կոնկրետ՝ ՀՀ իշխանութիւններն ընդամէնը ժամավաճառութեամբ են զբաղւած։ «Խաղաղութեան խաչմերուկ»-ն ընդամէնը հանրութեան ուշադրութիւնը շեղելու ու փիառւելու նպատակ է հետապնդում, ինչպէս որ խաղաղութեան դարաշրջանի թէզն էր։

«Փաստ»

Առնչւող Յօդւածներ

Back to top button