Հայաստան - Արցախ

Արտակ Զաքարեան. «Ո՞վ է պատրաստ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարութիւնը չի կարողանում երաշխաւորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնաւոր սեփականութեան անձեռնմխելիութիւնը»

Արտակ Զաքարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.

«Որքան էլ, որ հայրենի Արցախը յանձնած եւ հազարաւոր երիտասարդների զոհւելու պատճառ դարձած կառավարիչները խօսեն Հայաստանի ցուցանիշերի բարելաւման մասին, դրանից իրականութիւնը չի փոխւելու:

Աջ ու ձախ խօսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների` իբրեւ թէ վերացման մասին, բայց դրանից, միեւնոյն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան:

Իսկ ո՞վ կը բերի ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերեալ անորոշ պատկերացումներ ունի:

Ո՞վ է երաշխաւորելու ներդրումները, որտեղ նոյնիսկ պետութեան արտաքին անվտանգութեան հարցերը լուծւած չեն, եւ բարձրագոյն իշխանութիւններն ու քաղաքական համակարգը խօսում են հնարաւոր նոր պատերազմական ռիսկերի մասին:

Ո՞վ կը վստահի իր ներդրումները մի կառավարութեանը, որն արտաքին յարաբերութիւններում յայտնի է դարձել որպէս անվստահելի, տեղից-տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն յարաբերութիւններ չունեցող:

Ո՞վ է պատրաստ երկարաժամկէտ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարութիւնը չի կարողանում երաշխաւորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնաւոր սեփականութեան անձեռնմխելիութիւնը:

Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կը հաւատայ մի կառավարութեանը, ով իր գործունէութեան ծրագրում գրւած հիմնական դրոյթներին հակառակ ու հակասող քաղաքականութիւն է իրականացնում:

Խոշոր բիզնեսը եւ յատկապէս արտաքին ներդրումները, ցանկացած պետութեան զգայուն ոլորտներից մէկն են: Չկայ անվտանգութիւն, կայունութիւն, սոցիալական արդարութիւն, քաղաքական կանխատեսելիութիւն, արտահանման եւ ներկրման երաշխաւորւած քաղաքականութիւն՝ չի լինելու նաեւ ներդրումային գրաւչութիւն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանութիւնը ինչպէ՞ս կարող է գրաւչութիւն ապահովել արտաքին ներդրողների համար:

Հայկական «ժողովրդավարութեան» փուչիկն այլեւս գրաւիչ չէ: Այն փչւել է միայն նրա համար, որպէսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն՝ սեփական շահերի համար, բացայայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:

Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արւել են նախորդ իշխանութիւնների, մասնաւորապէս Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի կառավարման տարիներին՝ յստակ երաշխիքների եւ վստահելի գործընկերային յարաբերութիւնների պարագայում:

Արտաքին բիզնեսի համար, այսօրւայ Հայաստանն օգտագործւել եւ օգտագործւում է որպէս տրանզիտ, որից պետութիւնը որեւէ մնայուն արժէք չի շահում՝ բացի ֆինանսական շրջանառութիւնից ստացւած եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թէ ո՞ր ոլորների զարգացմանն են ծառայել կամ ծառայում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button