Հայաստան - Արցախ

Արթուր Գէորգեան. ««Մենք ենք, մեր սարերը» Ձեդոյի ու Բաբոյի արձանը ՀՀ-ում նորից կառուցելու մասին»

«Մենք ենք, մեր սարերը» Ձեդոյի ու Բաբոյի արձանը ՀՀ-ում նորից կառուցելու մասին, գրում է քանդակագործ Արթուր Գէորգեանը։

«Ինչ-որ մէկը նամակ է գրել ԿԳՄՍ-ին ու ստացել դրական եզրակացութիւն եւ այդ նամակը տարածւում է համացանցում։

1. Արձանի այլ տեղում ու նոր տարբերակը կառուցելը հեղինակային իրաւունքի խախտում է։

2. Արձանի կրկնութիւնը այլ միջավայրում ժամանակից, իրականութիւնից դուրս է եւ արդիւնքում չի կարող ունենալ երբեմնի նշանակութիւնը։

Արցախում այն խորհրդանիշ էր, բայց Գորիսում այն իր նշանակութիւնը կորցնում է։

Եթէ Արցախում այն կեանքի ու յարատեւութեան խորհրդանիշ էր, այլ տեղում կը դառնայ Արցախի անկման խորհրդանիշ, ինչը հակասում է եւ հեղինակի մտայղացմանը, եւ հասարակութեան ընկալմանը։

3. Յուշարձանի կրկնութիւնը կատարւում է բացառիկ դէպքերում, մասնագիտական, կամ յատուկ կազմւած խորհրդի առաջարկով ու հանրութեան համաձայնութեամբ։

4. Հեղինակի որդին կողմ չէ այս ձեռնարկին եւ ի հաստատումն ասւածին, կարող էք դիմել Աշոտ Բաղդասարեանին, Սարգիս Բաղդասարեանի որդուն։

5. Երկրորդ տարբերակը կառուցելը թոյլ կը տայ Բաքւին առաջինի հետ վարւել ինչպէս կամենայ։ Առաջինը կը կորցնի իր արժէքը։

6. Եթէ անգամ որոշւում է, որ պէտք է կառուցւի երկրորդ տարբերակը՝ բացի ծաւալային պատկերը ստանալուց, պէտք է գունային կրկնութիւն անել, քանի որ Ձեդօն ու Բաբօն կառուցւած են ոչ միասեռ տուֆից եւ գոյնի, ծաւալի ու գաղափարի համադրութեամբ են ընկալւում, որպէս Ձեդօ ու Բաբօ։

Հասկանալով հանրութեան զգացմունքային տրամադրութիւնները, խնդրի կարեւորութիւնը, առաջարկում ենք առաջնորդւել մասնագիտական հանրութեան կողմից խնդրի շուրջ լայն քննարկման արդիւնքներով»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button