Հայաստան - Արցախ

Լեւոն Քոչարեան․ «Այս իշխանութեան հիմնական զէնքը սուտն է․ եթէ կարողանանք ստի շղթան կոտրել, ապա մեզ մօտ շատ բան կը ստացւի»

Ես համոզւած եմ, որ այս իշխանութեան մնալու դէպքում շատ աւելի վատ է լինելու։ Այս մասին դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանը։

«5 տարուց աւելի շատ բաների մասին խօսւել է, թէ այն քայլերը, որոնք արւում են, ուր են տանելու։ Մեծ ցաւով արձանագրում ենք, որ դրանց մեծ մասն իրականութիւն է դարձել, եւ նոյնիսկ եղաւ աւելի վատ, քան մտածում էինք՝ կարող էր լինել։ Հիմա այս իշխանութիւնը փորձում է համոզել, որ «այսքան կորուստներ ունեցանք, բայց լաւ է լինելու», դա անում էին նաեւ պատերազմից յետոյ, սակայն աւելի վատ էր լինում, նոյնը հիմա են անում, ամէն ինչ կապելով «խաղաղութեան պայմանագիր» երեւոյթին։ Համոզւած եմ, որ իրենց՝ իշխանութեան մնալու դէպքում շատ աւելի վատ է լինելու։ Այստեղ գալուց Գեղամասար գիւղում բնակիչների հետ զրոյցի ժամանակ բնակիչներից մէկն ասաց՝ «նենց են ծռել այս ամէնը, որ յետ ուղղելուց կարող է ջարդւել»․ ես համոզւած եմ, որ այդպէս չէ, նախ պէտք է չթողնել, որ շատ ծռւի, երկրորդն էլ՝ այդ ամէնն ուղղելը առանց ջարդելու՝ ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկինում եղած սխալներն ուղղելու, հետագայում թոյլ չտալու միջոցով, հնարաւոր է»,- ասաց Լեւոն Քոչարեանը։

Լեւոն Քոչարեանի համոզմամբ՝ այս իշխանութեան հիմնական զէնքը սուտն է․

«Իրենք խնդիր չունեն ստի հետ, ստում են, չեն ամաչում, ամէն օր մի բան են ասում, ու կարողանում են դա անցկացնել մեծ մասի մօտ, մարդկանց մոլորեցնելով, մարդկանց ոչ իրատեսական բաներ հրամցնելով։ Մեր խնդիրն է՝ ձեր օգնութեամբ փորձել այս սուտը կոտրել։ Համոզւած եմ, եթէ կարողանանք այս ստի շղթան կոտրել, ապա մեզ մօտ շատ բան կը ստացւի»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button