Միջազգային

ՄԱԿ Մարդու իրաւունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանութեան կանխարգելում» բանաձեւը

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում ապրիլի 3-ին կոնսենսուսով ընդունւել է Հայաստանի կողմից ներկայացւած «Ցեղասպանութեան կանխարգելում» բանաձեւը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից, հիմք ընդունելով «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնւենցիան՝ երկու տարին մէկ ներկայացւող բանաձեւը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրութիւնն է հրաւիրում այս ոճրագործութեան կրկնութեան ռիսկերի եւ դրանք կանխելու անհրաժեշտութեան վրայ:

«Այս տարւայ բանաձեւի տեքստում, հաշւի առնելով ժամանակակից մարտահրաւէրները` կարեւոր դրոյթներ են աւելացւել վաղ նախազգուշացման եւ ցեղասպանութիւնների հետ կապւած ռիսկերի վերաբերեալ: Մասնաւորապէս, նման ռիսկերի շարքում նշւում  են զինւած հակամարտութիւնների օգտագործումը ցեղասպանութիւն իրականացնելու նպատակով եւ որպէս պատերազմ վարելու արգելւած միջոց խաղաղ բնակչութիւնը սովի մատնելու անթոյլատրելիութիւնը:

Բանաձեւն անպատժելիութիւնը որակում է որպէս ցեղասպանութիւնների, պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների ռիսկի զգալի գործօն` ընդգծելով, որ այն պէտք է հասցէագրւի հետաքննութեան, քրէական հետապնդման եւ պատժի միջոցով: Այս առումով յատկանշական է այն փաստը, որ բանաձեւը յատուկ նշում է Արդարադատութեան միջազգային դատարանի դերը ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի հարցերում:

Փաստաթղթով նախատեսւում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով: Կոչ է արւում ՄԱԿ Մարդու իրաւունքների բարձր յանձնակատարի գրասենեակին քաջալերել ինչպէս անդամ պետութիւնների, այնպէս էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանութեան կանխարգելման հարցով յատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, յատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակութեան, մարդու իրաւունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների եւ մասնաւոր հատւածի մասնակցութիւնը միջոցառմանը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ըստ աղբիւրի՝ Հայաստանի այս նախաձեռնութիւնը կարեւոր ներդրումն է ցեղասպանութիւնների եւ զանգւածային ոճրագործութիւնների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, ժամանակակից մարտահրաւէրներին իրաւունքակենտրոն մօտեցումներ առաջադրելու, մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի եւ միջազգային հումանիտար իրաւունքի խաչւող խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղղութեամբ:

ՀՀ ԱԳՆ-ն կարեւոր է համարել նաեւ արձանագրելը, որ Հայաստանի կողմից ներկայացւած «Ցեղասպանութեան կանխարգելում» բանաձեւը վայելում է լայն աջակցութիւն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button