Միջազգային

Թուրքիան անցել է «կապոյտ ահաբեկչութեան» իրականացնելով ջրային յանցագործութիւն՝ Արաքսը, Եփրատը եւ Տիգրիսը փակելով հարեւանների վրայ

«ԱԼԻՔ» – Համաձայն նոր ուսումնասիրութիւնների Թուրքիայի ջրային նախագծերը Իրանի հիւսիս-արեւմուտքի շրջաններին կանգնեցնելու է ցամաքեցման վտանգի առաջ, ինչով շրջակայ միջավայրին հասցւող անփոխարինելի վնասների կողքին, այն ուղիղ իմաստով թիրախաւորել է երկրի պարէնային անվտանգութեանը:

Թուրքիայի ջրամբարակառուցման նախագծերը կլանելու են ընդհանուր Արաքս գետի ջրառի 83%-ը: Նոյն կապակցութեամբ «Խորասան» օրաթերթին տւած հարցազրոյցում հետազօտութեան հեղինակ դոկտ.  Հոջաթ Միանաբադին նշել է, որ Արաքսի եւ ակունքների վրայ կառուցւող ջրային նախագծերի ուսումնասիրութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ կառուցւող ամբարտակների գործարկումով  Թուրքիան կը կարողանայ վերահսկել անդրսահմանային այս ջրբաժանի 3 միլիարդ 743 միլիոն խորանարդ մետր ջրային պաշարների առիւծի բաժինը:

«Սա այն դէպքում, երբ DSI-ի տւեալներով՝ Թուրքիայում Արաքսի աւազանի միջին պոտենցիալը կազմում է 4 միլիարդ 473 միլիոն խորանարդ մետր»,- յաւելել է փորձագէտը։ Դոկտ. Միանաբադիի եւ նրա գործընկերների հետազօտութիւնից պարզ է դարձել, որ Թուրքիան ծրագրել է վերահսկել իր տարածքում եւ տարածքից դուրս հոսող Արաքս գետի աւազանի ջրբաժանի ներուժի աւելի քան 83%-ը: Խնդիր, որից խորապէս ազդւելու է գետով պայմանաւորւած կենսակերպն ու շրջակայ միջավայրը:

Միջազգային իրաւունքի փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին նոյնպէս «Խորասան»-ին յայտնել է, որ  Թուրքիան գաղտնի է պահում Արաքսի հետ կապւած իր ծրագրերը եւ Իրանի հետ համագործակցելու ցանկութիւն չունի:

Նրա կարծիքով՝ Թուրքիայի ջրային DAP եւ GAP նախագծերը, որոնք կառուցւել կամ կառուցւում են Տիգրիսի, Եփրատի եւ Արաքսի աւազանի վրայ իր տեսակի մէջ «կապոյտ ահաբեկչութիւն» է եւ շարունակութիւնն է Իրանի դէմ Օսմանեան յարձակումների։

«Այս համատեքստում, նոր ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ այս երկիրը նախատեսում է օգտագործել Արաքս գետի ներուժի 83%-ը՝ DAP-ը աւարտին հասցնելուց յետոյ: Ուսումնասիրութիւնն իրականացրել է դիւանագիտութեան ոլորտի ականաւոր հետազօտող դոկտ. Հոջաթ Միանաբադին եւ արձանագրել, որ «Թուրքիան Արաքս գետի աւազանում 621 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողութեամբ ընդամէնը չորս ամբարտակ է շահագործել մինչեւ 2000 թւականը: Սակայն յաջորդ տասնամեակներում, այսինքն՝ մինչեւ 2020 թւականը, 846 մլն. խմ ընդհանուր հզօրութեամբ եւս հինգ պատւարների կառուցմամբ կարողացել է վերահսկել Արաքս գետի 1468 մլրդ. խմ ջուր»,- նշել է դոկտ. Քազեմին:

Յիշեցնենք, որ Թուրքիայի ջրային քաղաքականութիւնը բազմիցս քննադատութեան է ենթարկւել որոշ հարեւան երկրների, այդ թւում՝ Իրանի կողմից: Սակայն Անկարան անցած տարիներին առանց համադրելու կամ նոյնիսկ տեղեկացնելու շարունակել է իրականացնել իր ամբարտակների կառուցման նախագծերը: GAP-ը շինարարական ծրագիր է, որի հիման վրայ թուրքական կառավարութիւնը նախատեսում է կառուցել աւելի քան 50 ամբարտակ եւ հիդրոէլեկտրակայան՝ Տիգրիս եւ Եփրատ գետերի վերին մասում, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Անատոլիայի լեռներից եւ այդ երկրի հարաւ-արեւելքից հոսում դէպի Սիրիա եւ Իրաք: Այս պահին կառուցւում է 14 ամբարտակ Եփրատի վրայ, եւս 8-ը Տիգրիսի վրայ եւ ընդհանուր առմամբ 19 հիդրոէլեկտրակայան:

Ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզ է դարձել, որ միայն Տիգրիսի հատւածում այս նախագծերով կը կանխւի Տիգրիսի ջրային ռեսուրսների 56%-ի մուտքը Իրաք, ստեղծելով բնապահպանական լուրջ հետեւանքներ, ինչպէս նաեւ լարւածութիւն Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի միջեւ յարաբերութիւններում։

Իսկ DAP նախագծով Իրանի հիւսիս-արեւմուտքում գտնւող Արաքս գետի ակունքների վրայ մի քանի ամբարտակների կառուցմամբ, որոնցից մինչեւ 2000 թւականը Թուրքիան շահագործման էր յանձնել 621 միլիոն խորանարդ մետր ընդհանուր հզօրութեամբ չորս ամբարտակ, այսօր արդէն՝ երկու տասնամեակ անց կառուցապատւել են եւս հինգ ամբարտակներ՝ ընդհանուր հզօրութիւնը 846 մլն. խմ, որոնք արդէն իսկ կլանում են Արաքսից 1 մլրդ. 468 մլն. խմ ջուր։ Արաքսի վրայ եւս 7 ամբարտակների կառուցման աշխատանքները շարունակւում են, իսկ եւս 7-ը կառուցւելու են յաջորդիւ, որոնց շահագործումից յետոյ Թուրքիան կլանելու է Արաքսի ջրային ներկայ տարողութեան 83%-ը:

Իր հարեւան երկրների անհրաժեշտ եւ արդիւնաւէտ դիւանագիտութեան բացակայութեան պայմաններում Թուրքիային յաջողւել է ձեւաւորել մեդիա քարոզչութեան ոլորտում գործիքակազմ, որոնք միջազգային հանրութեան վրայ ազդելու լծակների օգնութեամբ փորձում են համոզիչ երեւալով արդարացնել նախագծերի իրականացման անհրաժեշտութիւնը: «Խորասան» օրաթերթի շրջակայ միջավայրի հարցերով լրագրողն արձանագրել է, որ ապացոյցները խօսում են այն մասին, որ Անկարան մեծապէս յաջողել է այս հարցում՝ օգտագործելով ժամանակակից դիւանագիտական հնարաւորութիւնները:

Հետազօտութեան արդիւնքների համաձայն՝ Արաքսի միջսահմանային ջրբաժանում Թուրքիայի գործողութիւնները բացասաբար են անդրադառնում գետաջրի որակի ու ծաւալների վրայ։ Հետազօտութեան հեղինակները հաստատել են նաեւ, որ խնդիրը խորապէս ազդելու է նաեւ «Մաքու» եւ «Արաս»  ազատ առեւտրի գօտի կոչւող շրջանների վրայ, որոնք  կարեւոր դեր ունեն երկրի տնտեսութեան մէջ։ Տուժելու է նաեւ Դաշթէ Մողանը, որն ապահովում է Իրանի պարէնային անվտանգութեան զգալի տոկոսը:

Թուրքիան նախագծերն իրականացնում է գաղտնի կերպով՝ առանց տեղեկատւութիւն հրապարակելու: Պատճառն այն է, որ Անկարան շատ լաւ գիտի, որ Արաքս գետը միջազգային հուն է, եւ նրանց ցանկացած շահագործում որպէս գետի վերին հատւածում գտնւող երկիր պէտք է հիմնւած լինի միջազգային իրաւունքի գործող օրէնքների վրայ: Քազեմին յաւելել է, որ Արաքսը գետ է, ինչի պաշարներից Թուրքիայից բացի օգտւում են Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Նախիջեւանը: «Սակայն Թուրքիայի ջրային քաղաքականութիւնը վերջին տարիներին հիմնականում հիմնւած է միջազգային կանոնների խախտման վրայ։ Մինչդեռ միջազգային օրէնքներն ընդգծում են, որ վերին հատւածի երկրները ընդհանուր ջրային ռեսուրսներ օգտագործելիս պէտք է հետեւեն 3 սկզբունքի. հաշւի առնել ռեսուրսների ողջամիտ եւ արդարացի օգտագործումը, ռեսուրսների ոչ վնասակար օգտագործումը եւ անվտանգային ու միջազգային համագործակցութեան սկզբունքը: Սակայն, ակնյայտ է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրաւունքի կանոնները՝ կառուցելով Արաքս գետի ռեսուրսները գերազանցող ամբարտակներ, ինչպիսին է Քարկուրթը: Այս հարցը կարելի է գնահատել մարդու իրաւանց եւ բնապահպանութեան միջազգային իրաւունքի եւ այլ խնդիրների տեսանկիւնից»,- նշել է միջազգային իրաւունքի հարցերով աւագ փորձագէտը:

Թերթը փորձագէտից հետաքրքրւել է թէ ինչպիսին է եղել Արաքսին յարող միւս երկրների արձագանգը՝ Թուրքիայի այս գործողութիւնների մասին, որին պատասխանելով փորձագէտը նկատել է տւել, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը Թուրքիայի հետ իր էթնիկական կապերի պատճառով այս հարցում յստակ դիրքորոշում չունի, իսկ Հայաստանը նոյնպէս շատ չի մտնում այս հարցի մէջ՝ ղարաբաղեան հակամարտութիւնում ունեցած կոնֆլիկտների պատճառով, չնայած այդ երկիրը մեզ նման ջրի սակաւութեան ճգնաժամ չունի։ «Միեւնոյն ժամանակ, ակնկալւում է, որ այս մարտահրաւէրը պէտք է լուծել տարածաշրջանային ֆորումի տեսքով»,- նշել է դոկտ. Քազեմին միաժամանակ յիշեցնելով, որ անհրաժեշտ է, որ Իրանը հարցը բարձրացնի միջազգային ատեաններում բողոքի տեսքով, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների բնապահպանական խնդիրների տեսքով ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում՝  օգտագործելով երկկողմ եւ տարածաշրջանային հնարաւորութիւնները՝ Թուրքիային ստիպելու համար համագործակցելու Արաքսի ոլորտում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button