Իրան

Դոկտոր Ահմադ Քազեմի. «Անգլօ-սակսոնական պանթուրանիզմը ձգտում է ձուլել տարածաշրջանի թալիշների եւ իրանական այլ էթնիկ խմբերի ինքնութիւնը»

«ԱԼԻՔ» – Եւրասիայի հարցերով աւագ գիտաշխատողը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում էթնիկ փոքրամասնութիւնների գոյութեան, մշակութային եւ ինքնութեան իրաւունքների համար ամենամեծ սպառնալիքն անւանել է «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի» աշխարհաքաղաքական որոգայթը, որի նպատակն է ստեղծել այսպէս կոչւած «զտւած թուրքական աշխարհ»՝ «անգլիական պանթուրանիզմի» երկու հարիւրամեայ գաղափարի հիման վրայ։

Դոկտ. Քազեմին համացանցում իր պաշտօնական կայքէջում տեղադրած տեսանիւթում յաւելել է, որ բրիտանական պանթուրանիզմի տեսանկիւնից այսպէս կոչւած «թուրքական մոնոէթնիկ աշխարհը» ձեւաւորելու համար ոչ միայն պէտք է մասնատւի Հայաստանի հարաւային հատւածը, այլ, նաեւ, մի կողմից պէտք է ձուլւեն թալիշների եւ այլ էթնիկ խմբերի ինքնութիւնները, որոնք խոչընդոտում են այս նպատակի իրականացումը, իսկ միւս կողմից՝ պէտք է փոխւի Իրանի Ատրպատականի իրանա-շիաական ինքնութիւնը՝ վերածւելով կեղծւած «Անատոլիական ու Թուրանական թուրքերի ինքնութեան»։

Դոկտ. Ահմադ Քազեմին Իրանում էթնիկ խմբերի պատմական խաղաղ գոյակցութեան փորձն անւանելով բարոյական ժառանգութիւն, այն գնահատել է, որպէս պատմական հնարաւորութիւն, որով ձեւաւորւել է  առաջընթացի իսլամա-իրանական մոդելը՝ միաժամանակ  թափ  հաղորդելով իսլամական արդիական քաղաքակրթութեան կերտման գործընթացին:

Համալսարանի միջազգային իրաւունքի գծով դասախօսն ընդգծելով, որ Իրանի տեսակէտը տարածաշրջանում իրանական փոքրամասնութիւնների եւ էթնիկ խմբերի նկատմամբ «իսլամական, պատմական, քաղաքակրթական եւ իրաւական» մօտեցում է, յաւելել է, որ իրանական բազմաթիւ էթնիկ խմբերի, այդ թւում՝ թալիշների համացրւածքը ձգւում է մինչեւ սահմաններից այն կողմ: «Ուստի իրանական հասարակութիւնը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել իր մշակութային, ինքնութեան ու հոգեւոր ճակատագրի նկատմամբ»,-ընդգծել է նա։

Եւրասիայի հարցերով աւագ գիտաշխատողը յաւելել է, որ հեռանկարային առումով անգլիական պանթուրանիզմի տարածումով Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «փոքրամասնութիւնների դէմ ատելութեան» նոր շրջան է սկսւել: Այս միտման նոր շրջանը մեկնարկել է 2023 թւականի սեպտեմբերին Արցախում բնիկ հայերի էթնիկ զտումներով, իսկ յաջորդիւ նպատակ է դրւած Ադրբեջանի Հանրապետութիւնում իրականացնել ժողովրդագրական ու ինքնութեան փոփոխութիւններ եւ մշակութային ցեղասպանութիւն՝ Ադրբեջանի Հանրապետութիւն կոչւած տարածքում գոյակցող 35-ի հասնող ազգերի ու ցեղերի, այդ թւում՝ թալիշների, լեզգիների, աւարների, քրդերի, ուդիների, թաթերի եւ վրացիների դէմ։

Քազեմին ընդգծել է, որ պատմութեան բոլոր ժամանակաշրջաններում, թալիշները միւս իրանցիների կողքին, դերակատարութիւն են ունեցել Իրանի ինքնութեան եւ աշխարհագրական սահմանների պաշտպանութեան գործում: Նա յաւելել է, որ երբ ցարական Ռուսաստանի զօրքերը հասել էին Իրանի Միանէ շրջան, «Հիւսիսային Թալիշ»-ի որոշ հատւածներ շարունակում էին մնալ Իրանի վերահսկողութեան տակ՝ նրանց օրինակելի դիմադրութեան շնորհիւ։

Գիտաշխատողը յիշեցնելով այնպիսի մարդաբանների (Անթրոպոլոգներ), ինչպիսիք են՝ Ուիլ Կիմլիկայի եւ Էնթոնի Սմիթսի ուսումնասիրութիւնների մասին, նշել է, որ ընդհանրապէս Իրանի նման հնադարեան երկրներում, պատմական պայմանների բերումով ստեղծւել է մէկ ընդհանուր ազգ հասկացութիւնը, որին մաս կազմող էթնիկ խմբերը հնարաւոր չէ տարանջատել ժողովրդից, եւ իրականում էթնիկ խմբերն ու փոքրամասնութիւնները Իրանի միասնական ազգի փոխկապակցւած մասնիկներն են։

Ընդգծելով, որ «անջատումները միշտ էլ վնասաբեր են եղել», դոկտոր Քազեմին նշել է. «Այսօր Կովկասի, Հարաւարեւելեան Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի բազմաթիւ էթնիկ խմբեր միմեանց դէմ են լարւել՝ օտարների դաւադիր ծրագրերի պատճառով։ Նախկինում Իրանի քաղաքակրթութեան շրջանակում նրանք միասին գոյակցել են խաղաղ ու օրինակելի կեանքով: Իրանական ցեղախմբերի մասին խօսելը միշտ էլ հաճելի է, քանի որ Իրանի պատմութեան ընթացքում բոլոր ցեղերը, այդ թւում՝ թալիշները, ունեցել են եւ ունեն հին ու պանծալի պատմութիւն»,- յաւելել է նա:

Ըստ նրա՝ Բաքւի ու Անկարայի դերակատարմամբ, ինչպէս նաեւ սիոնիստական ռեժիմի մասնակցութեամբ, անգլիական պանթուրանիզմի գաղափարի տարածումը տեղի է ունենում այն դէպքում, երբ ներկայումս 2 միլիոնի հասնող թալիշական համայնքը, որպէս Ադրբեջանի Հանրապետութեան ամենամեծ ազգային փոքրամասնութիւն, ներկայացւում է նոյնիսկ հայերի 150 հազարանոց համայնքից պակաս վիճակագրութեամբ, որը նոյնպէս գտնւում  է  անմխիթար վիճակում՝ փոքրամասնութիւնների միջազգային իրաւունքների եւ իսլամական մարդու իրաւունքների հիմնարար տեսանկիւնից։

Նա նկատել է տւել, որ «Փոքրամասնութիւնների միջազգային իրաւունքներում» ճանաչւած եւ ներառւած են «գոյութեան, հաւաքական ինքնութեան, մշակութային, մայրենի լեզւի, դաւանանքի, արդիւնաւէտ ներգրաււածութեան, հաղորդակցւելու, տնտեսական եւ ինտեգրման իրաւունքները։ Իրաւունքների կոպիտ ոտնահարման դէպքում Անտոնիօ Կասսէի նման իրաւաբաններն առաջարկել են անջատում՝ յանուն խնդրի լուծման դոկտրինան»,- ընդգծել է փորձագէտը։

Դոկտ. Քազեմին վերջում յաւելել է, որ  Բաքւի բանտերում թալիշ մշակութային ակտիւիստների խոշտանգումներն ու սպանդը, թալիշների բնակչութեան թւաքանակի վիճակագրութեան արհեստական նւազեցումը, թալիշ եւ շիա ակտիւիստների ձերբակալումը, թալիշաբնակ շրջաններում վահաբիզմի նպատակաուղղւած տարածումը, թալիշների ու ազերիների դէպի Իրան ճանապարհորդելու արգելքների շարունակութիւնը՝ համաճարակի պատրւակով, թալիշների դէմ ատելութեան տարածումը, Թալիշ շրջանի պատմական անւան վերականգնման կանխումը, թալիշների ԶԼՄ-ների բացակայութիւնը, արտագաղթի համար տնտեսական աղքատութեան եւ թալիշաբնակ շրջաններում հողատարածքները վաճառելու պարտադրումը եւ տասնեակ այլ իրաւական փաստեր վկայում են Ադրբեջանի Հանրապետութիւնում թալիշների իրաւունքների ակնյայտ խախտման մասին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button