ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանի արտգործնախարարի երեւանեան հանդիպումները. «Թեհրանն աջակցում է Հայաստանի տարացքային ամբողջականութեանը»

Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը, Երեւան կատարած այցի ընթացքում իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ յիշեցնելով Հայաստանի տարածքային ամբողջականութեան նկատմամբ Թեհրանի յստակ դիրքորոշւածութիւնը, չբացառեց նաեւ, որ գալիք տարւայ առաջին կէսին տարածաշրջանում հաստատւի կայուն խաղաղութիւն:

Յիշեցնենք, որ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, չորեքշաբթի, դեկտ. 27-ին Երեւան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպէս նաեւ ՀՀ ազգային Անվտանգութեան խորհրդի պետի հետ:

Այցը տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի հետ Իրանի կապերի հաստատման գործընթացից անմիջապէս յետոյ, որի մասին աւելի ուշ ԻԻՀ ԱԳ նախարարն իր հրապարակած թւիթում նշել է. «ԻԻՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցութեամբ ընդլայնւելու են նաեւ Թեհրանի եւ Երեւանի միջեւ գործարար յարաբերութիւնների զարգացման հորիզոնները»:

Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ քննարկւել են երկու երկրների յարաբերութիւնների վերջին զարգացումները, ինչպէս նաեւ յարաբերութիւնների ընդլայնման եւ խորացման ուղղութիւնները:

Յատկանշական է, որ Իրանի պատւիրակութեան կազմում ընդգրկւած են եղել նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանի հայազգի պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը:

Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը մատնանշել է երկու երկրների յարաբերութիւններում նկատւող բարելաւումը, որով կարելի է ընթացք հաղորդել տնտեսական նախագծերի իրականացման աշխատանքներն, յատկապէս՝ տրանսպորտի եւ առեւտրի ոլորտներում:

Էներգետիկ, գիտական, մշակութային եւ նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցութիւնը եւս եղել են կողմերի ուշադրութեան կենտրոնում:

ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպմանը Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Իրանի վարած հարեւանութեան քաղաքականութեան հարցում Կովկասի կարեւոր դիրքին ընդգծելով Իրանի մշտական աջակցութիւնը տարածաշրջանի երկրների միջեւ մերձեցման եւ համագործակցութեան ամրապնդման հարցը։

Ամիր Աբդօլլահեանի շեշտադրումը Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը 3 միլիարդ դոլարի հասցնելու վերաբերեալ

Իրանի արտաքին գործերի նախարարը հայաստանեան կողմի հետ հանդիպումներում խորհրդակցել է նաեւ Հայաստանի Ազգային անվտանգութեան Բարձրագոյն խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ։

Հանդիպմանն Իրանի ԱԳ նախարարն իր գոհունակութիւնն է յայտնել երկու երկրների յարաբերութիւնների խորացման կապակցութեամբ եւ ընդգծել, որ ԻԻՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծւել էր, որ երկկողմ յարաբերութիւնները պէտք է լինեն թռիչքային, իսկ երկու երկրների միջեւ առեւտրա-շրջանառութեան ծաւալները 3 միլիարդ դոլարի հասցնելու ուղղութեամբ գնալը կարող է լինել դրա լաւագոյն նշաններից մէկը:

Ամիր Աբդօլլահեանն իր գոհունակութիւնն է յայտնել Երեւանում անցկացրած հանդիպումների կապակցութեամբ եւ նշել, որ Հայաստանի անվտանգութիւնն ու կայունութիւնը հէնց այն է, ինչ ցանկանում է Իրանը։

Այցի կապակցութեամբ գործընկերները մամլոյ համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել են լրատւամիջոցներին յուզող հարցերին, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարարը մատնանշել է. «Իմ հայ գործընկերոջ հետ բանակցութիւններում նկատելի էր, որ Հայաստանը լուրջ է տրամադրւած տեւական խաղաղութեան հասնելու հարցում»։

Մամլոյ ասուլիսի ժամանակ Ամիր Աբդօլլահեանն ընդգծել է. «Նախօրէին իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախօսազրոյցում պարզ դարձաւ, կողմերը պատրաստ են կայուն խաղաղութեան հասնելու ջանքերը շարունակել: Այնպէս, որ մենք լաւատես ենք, որ կողմերի միջեւ առկայ դրական մօտեցումը կարող է նպաստել այդ գործընթացին՝ առանց արտաքին միջամտութեան ու սադրիչ յայտարարութիւնների, որտեղ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանն են, որ կարող են երաշխաւորի դեր ստանձնել: Կովկասում խաղաղութիւն ու կայունութիւն պէտք է հաստատւի առանց արտաքին ուժերի միջամտութեան եւ միայն տարածաշրջանային երաշխաւորները կը կարողանան այդ խաղաղութիւնն ու անվտանգութիւնը տեւական դարձնել»։

Նա յաւելել է նաեւ, որ Իրանը աջակցել եւ շարունակելու է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։ «Իրանը միշտ պատմական յարաբերութիւններ է ունեցել Հայաստանի հետ, եւ մենք այսօր աւելին ենք ամրացնելու յարաբերութիւնների այդ սեպը»,- ընդգծել է նա:

Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատմանն աջակցելու հետ միասին, Իրանը հաստատակամ է Հիւսիս-Հարաւ տարանցիկ ուղու գործարկման հարցում եւս։ «Իրանը ողջունում է Հայաստանի վարչապետի կողմից արծարծւած նախագիծը, որը ներկայացւել է որպէս «Խաղաղութեան խաչմերուկ»։ Պատրաստ ենք հետամուտ լինել միւս նախագծերի իրականացմանը, որոնք նպաստելու են Հիւսիս-Հարաւ տարանցիկ երթուղու զարգացմանը»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաեւ յիշեցրեց. «Իմ գործընկերոջ հետ հանդիպմանը մենք յայտարարել ենք արդէն Թաւրիզում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացման հետ մեր համաձայնութեան մասին, եւ լիայոյս ենք, որ Թաւրիզում իմ գործընկերոջ ներկայութեամբ շուտով ականատեսն ենք լինելու հիւպատոսարանի պաշտօնական բացմանը»։

«Ուզում եմ ԱՄՆ-ին զգուշացնել՝ Գազայի հատւածում Իսրայէլի վարչակարգի յաղթանակ չի լինելու»,- ասուլիսի աւարտին յայտարարեց Ամիր Աբդօլլահեանը։

ՀՀ եւ Իրանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի վերջում Աբդօլլահեանը շնորհակալութիւն է յայտնել իր հայ գործընկերոջը կառուցողական դիրքորոշման համար, ինչպէս նաեւ «3+3» ֆորմատի վերաբերեալ Միրզոյեանի արտայայտած դիրքորոշման համար՝ յատկապէս Գազայի հատւածում պատերազմը դատապարտելու մասով։

Իրանի եւ Եւրասիական միութեան միջեւ համագործակցութեան ընդլայնում եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացում

Աւելի ուշ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը X սոցիալական ցանցում Հայաստան կատարած իր այցի մասին գրել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում ես հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, այդ երկրի արտաքին գործերի նախարար պրն. Արարատ Միրզոյեանի եւ ՀՀ ազգային Անվտանգութեան հարցերով խորհրդական պարոն Գրիգորեանի հետ: Քննարկւել են վերջին զարգացումների հետ կապւած հարցեր։ Քննարկւել են Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հասնելու ուղիներն ու գործնթացը, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնները»։

Նա յաւելել է, որ նոյն առնչութեամբ երեքշաբթի երեկոյեան Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարների հետ զրուցել եւ քննարկել է «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակներում վէճերի լուծման խնդիրը:

«Հաւատացած ենք, որ Կովկասում խաղաղութիւն, կայունութիւն, հանգստութիւն եւ զարգացում հնարաւոր է ունենալ հէնց նոյն տարածաշրջանի հայրենի երկրների եւ հարեւանների մասնակցութեամբ միայն»,- նշւած է գրառման մէջ:

«ԻԻՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցութեան ընդլայնումը յստակ հորիզոններ կը բացի Թեհրանի եւ Երեւանի միջեւ գործարար յարաբերութիւնների զարգացման համար»,- եզրակացրել է նախարարը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button