Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Հարաւկորէացիների համար խաղն սկսւում է 90-րդ րոպէին

«ԱԼԻՔ» – Կատարում ընթացող Ֆուտբոլի Ասիայի գաւաթում երէկ՝ փետրւարի 2-ին, մեկնարկեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

Օրւայ առաջին խաղում ուժերը չափեցին մրցաշարի 8 ուժեղագոյնների շարքում յայտնւած «անկոչ հիւրեր»-ը՝ Յորդանանը ու Տաջիկստանը, որոնցից իւրաքանչիւրը նպատակ ունէր պատմութիւն կերտել՝ առաջին անգամ յայտնւելով Ասիայի գաւաթի կիսաեզրափակչում: Բախտը ժպտաց յորդանանցիներին, որոնք յաղթանակ տարան 1-0 հաշւով, եւ առաջինը նւաճեցին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Օրւայ երկրորդ հանդիպումը մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից երկուսի՝ Հարաւային Կորէայի եւ Աւստրալիայի դիմակայութիւնն էր: Լարւած ու գեղեցիկ այս հանդիպումն ունեցաւ դրամատիկական աւարտ: Հանդիպման 42-րդ րոպէին «Կենգուրուներ»-ը Քրէյգ Գուդւինի խփած գնդակի շնորհիւ հաշւում առաջ անցան: Թւում էր, թէ հանդիպումն աւարտւելու է հէնց այս հաշւով, սակայն հանդիպման 90+6-րդ րոպէին Հուանգ Հի-Չանը 11 մետրանոց հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպէին Սոն Հէնունգ-Մինը խփեց յաղթական գնդակը՝ հարաւկորէացիներին պարգեւելով կիսաեզրափակչի ուղեգիր:

Ի դէպ, այս մրցաշրջանում սա երկրորդ անգամն է ինչ հարաւկորէացիներին յաջողւում է հանդիպման վերջին րոպէին խուսափել պարտութիւնից, իսկ յետոյ յաղթանակի նժարը թեքել իրենց կողմը: Նախորդը՝ Սաուդական Արաբիայի դէմ հանդիպումն էր: Այնպիսի տպաւորութիւն է, որ հարաւկորէացիների համար հանդիպումն սկսւում է 90-րդ րոպէին:

Այսօր՝ փետրւարի 3-ին, յայտնի կը դառնայ կիսաեզրափակիչ փուլի մասնակից միւս երկու թիմերի անունները: Խաղադաշտ դուրս կը գան Իրանն ու Ճապոնիան, Կատարը եւ Ուզբեկստանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button