ԹեհրանՀարցազրոյց

Արա Շահվերդեան. «Իմ առանձնայատուկ վերաբերմունքը ժողովրդին շարունակւելու է»

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում ամփոփում է իրանական 1402 թւականը՝ առանձնացնելով, դրւագներ նախորդ տարւանից: Իրանի Իսլամականխորհրդարանի պատգամաւորը նախատեսում է յարաբերութիւնների զարգացում Իրանի եւ Հայաստանի միջեւ, եւ ակնարկում հայկական դպրոցների զարգացման, որակի բարելաււման ծրագրերին, ինչպէս նաեւ՝ համապարփակ անդրադարձ է կատարում իր ապագայ ծրագրերին:

– Պարոն Շահվերդեան, ի՞նչ դրւագներով կամփոփէք նախորդ իրանական 1402 թւականը:

– Նախորդ մէկ տարւայ ընթացքում Իրանի կառավարութիւնը իր արտաքին քաղաքականութեան մէջ առաջընթաց է ունեցել: Յիշենք, որ նախորդ տարի Իրանը դարձել է BRICS խմբի լիիրաւ անդամ: Միջազգային տնտեսութեան վրայ ազդելու մեծ կարողականութեամբ այս խումբը, որը ձեւաւորւել է զարգացող տնտեսական երկրների եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ համագործակցութեան արդիւնքում, գոյացել է Արեւմուտքի տնտեսական եւ աշխարհաքաղաքական գերակայութեան դէմ հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով: Նաեւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանն Իրանի լիակատար մասնակցութիւնը այս տարի հաստատւել է առաջնորդների կողմից Դուշանբէի գագաթնաժողովում:

Բնականաբար այստեղ կարեւոր է այդ կազմակերպութիւններին Իրանի ներգրաււումը: Դրանք միջազգային կարեւոր ձեռքբերումներ են եղել, որոնք նպաստել են Իրանի յարաբերութիւնների հարեւան երկրների հետ զարգացմանը: Իրանի ուշադրութեան կենտրոնում է եղել Հարաւային Կովկասը, մասնաւորապէս, Հայաստանը: Կառավարութիւնը եւ խորհրդարանը ինչպէս նաեւ միւս գերատեսչութիւնները նախորդ մէկ տարւայ ընթացքում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ: Կարեւորը այդ հանդիպումներից պաշտպանութեան նախարարի այցելութիւնն է եղել, միջկառավարական համատեղ յանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որի ժամանակ, բնականաբար, կարեւոր համաձայնութիւններ ձեռքբերւեց, յատկապէս, Ագարակից դէպի Քաջարան ճանապարհաշինութեան հարցով հայկական ընկերութիւնների հետ համագործակցութեան մեկնարկի մասին:

Քաղաքական առումով «3+3» ֆորմատը արձանագրել է զարգացումներ, որին նաեւ միշտ կողմ է եղել Իրանը: Այս տարւայ կարեւոր ձեռքբերումներից եղաւ նաեւ ԱԳ նախարարի այցը՝ Հայաստան, երբ ՀՀ-ում մէկօրեայ այց ունեցանք եւ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի եւ ՀՀ վարչապետի հետ հանդիպումներ ընթացան ընդհանուր քաղաքական եւ անվտանգութեան հարցերի շուրջ: Կարեւոր է արձանագրել, որ նախորդ տարի իրանահայ համայնքի եւ պետական տարբեր գերատեսչութիւնների միջեւ համագործակցութիւններ են ընթացել՝ Բարձր տեխնոլոգիական Արդիւնաբերութեան նախարարութիւն, Ֆինանսների, Կրթութեան նախարարութիւն, Ազգային անվտանգութեան գերատեսչութիւն, դատա-իրաւական մարմիններ, ոստիկանութիւն եւ այլն:

– Պարոն Շահվերդեան առաջիկայ տարւայ համար համայնքային զարգացման ի՞նչ իրավիճակ էք կանխատեսում, եւ երկու երկրների Իրանի եւ Հայաստանի միջեւ նախատեսում է՞ք կապերի զարգացում:

– Կարելի է նախատեսել յարաբերութիւնների զարգացում Իրանի եւ Հայաստանի միջեւ, որովհետեւ Հայաստանը Իրանի կարեւոր հարեւան երկրներից մէկն է, որի հետ ունեցած սահմանների անձեռնմխելիութիւնն է կարեւորւում: Յատկապէս, այսպէս ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի անհնարինութեան հարցն է առաջ քաշւում եւ շեշտադրւում է տարածաշրջանային երկրների աշխարհաքաղաքական քարտէզների անձեռնմխելիութեան կարեւորութեան մասին, որպէս Իրանի անվտանգութեան կարմիր գիծ:

Ներհամայնքային առումով նախորդ տարի ունեցել ենք համայնքային մասշտաբով Պատգամաւորական ժողով, երբ յունիս ամսին անդրանիկ նիստ գումարւեց, որից յետոյ համայնքը աշխուժացաւ, երբ տարբեր միջոցառումներ տեղի ունեցան: Այս տարի նաեւ աւելի քան 200 մարզիկ-մարզուհիներ մասնակցել են Հայաստանի Հանրապետութիւնում կայացած ամառային 8-րդ Համահայկական մրցոյթներին:

Ս. Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնն է ընթացել, եւ ինչպէս Ատրպատականի շրջանում, այնպէս էլ իրանահայութեան տարբեր համայնքներում ազգային-կրօնական եւ պետական միջոցառումներ են ընթացել:

Բնականաբար, մենք նաեւ դպրոցների հարցերն ունենք, որոնք շատ կարեւոր են, որովհետեւ դրանից է կախւած մեր աշակերտութեան, մեր երեխաների ապագան: Խնդիրն այն է, որ դպրոցները շատ են, աշակերտութեան թիւը պակսել է, դպրոցները քիչ են ստանում պետական սուբսիդներ եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Եւս մէկ փաստ արձանագրենք, որ սրանից աւելի քան 15 տարի առաջ օպտիմալացման գաղափարն է առաջ քաշւել, որպէսզի հնարաւոր դառնայ նաեւ երկսեռ դարձնել դպրոցները: Ես ուզում եմ շեշտել, որ դպրոցների հետ կապւած տարբեր ծրագրերի գործարկման պլաններ ունենք: Բնականաբար, ցանկացած բան, որ սկզբից գործարկում ես, խնդիրներ է ունենում, յատկապէս օպտիմալացման եւ ռեսուրսների կառավարման հարցով մենք փորձելու ենք նոր քայլեր իրականացնել: Առողջապահութեան ոլորտում եւս ծրագրեր ունեցել ենք, եւ ապագայում եւս շարունակւելու են, փորձելու ենք ծերանոցներին եւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանին յատկացւող պետական աջակցութեան նոր ռեսուրսներ տրամադրել, ինչպէս սոցիալական խնդիրների լուծման ոլորտում, այնպէս էլ մշակութային, թանգարանային, մարզական ասպարէզներում եւս բազում աշխատանքներ ենք կատարել եւ կը շարունակենք իրականացնել: Այստեղ ես ցանկանում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է նաեւ այն ծրագրերը, որոնք մենք պետական բիւջէի միջոցներով հայկական մարզա-մշակութային կենտրոնների համար ապահովում ենք, տրամադրելով նոր հնարաւորութիւններ:

– Ինչ էք կարծում, ո՞րն է խնդիրը հայկական դպրոցների զարգացման, որակի բարելաււման համար, որի շուրջ նաեւ դուք մեծ ջանքեր էք գործադրում, այդ մասին վկայում են Ձեր կատարած բազմաթիւ այցելութիւնները հայկական դպրոցներ եւ պետական ու կրթական գերատեսչութիւնների հետ ունեցած հանդիպումները:

– Անհրաժեշտ է աւելի լրջօրէն ուսումնասիրութիւններ իրականացնել, որպէսզի ճիշտ կառավարենք դպրոցների, մանկապարտէզների ռեսուրսները դրանք ե՛ւ կայունութիւն ունենան, ե՛ւ զարգացում: Անհրաժեշտ է գիտակցել հայկական թաղամասերում հարկաւոր է աշակերտութեան թւի աճի համար քայլեր կատարենք, հետեւաբար թաղամասի Պատգամաւորական ժողովի պատգամաւորները պէտք է ուղղակի հանդիպումներ ունենան խնդրի լուծման համար: Փոփոխութիւնների ընթացքում հնարաւոր է դժւարութիւններ, դիմադրութիւններ լինեն, բայց եթէ ամէն ինչ ճիշտ մտածւած լինի մեր ժողովուրդը գիտակից է եւ ճիշտ կը կողմնորոշւի: Հետեւաբար, հարկաւոր է նւազագոյն տոյժով կատարենք փոփոխութիւնները, որպէսզի ժողովրդին նաեւ բացատրենք տեղի ունեցածը: Այստեղ չմոռանանք, որ իրանահայութիւնը քաղաքացիական պարտաւորութիւններից ելնելով գիտակցաբար մասնակից է դարձել Իրանի Իսլամական խորհրդարանի ընտրութիւններին եւ արձանագրել է մասնակցութեան թւի աճ, համայնքում նաեւ մեծ ակտիւութիւն ենք ունեցել, այսինքն լայնածաւալ աշխատանքներ են կատարւել համայնքում. ձեռք ենք մեկնել, որպէսզի մէկս միւսին օգնելով դժւարութիւնները հարթենք: Նաեւ կրթական ոլորտում ժողովրդին միջամուխ կատարելով այդ փոփոխութիւնները հնարաւոր է իրականացնել, հետեւաբար մեր ազգային կառոյցները պէտք է նկատի առնեն իրավիճակը:

– Պարոն Շահվերդեան, որո՞նք են Ձեր ապագայ ծրագրերը գալիք տարւայ համար:

– Իրանի քաղաքականութիւնը բաւական լուրջ աշխատանքներ է իրականացրել երկրի զարգացման ուղղութեամբ: Նախորդ չորս տարիներին, հայութեան համար եւս նշանակալի քայլեր են կատարւել կապւած ժառանգութեան հարցին եւ այլն: Նախորդ մէկ տարւայ ընթացքում օրէնքներ են մշակւել եւ ընդունւել, այստեղ առկայ է նաեւ տնտեսական բարդութիւններ, պատժամիջոցներ, որոնք երկրին թուլացնելու նպատակ են հետապնդում: Հետեւաբար, ունենք նաեւ տնտեսական բարդութիւններ: Ապագայ ծրագրերից են Հայոց Ցեղասպանութեան հարցը, որպէս բանաձեւ ընդունելու գործընթացը, ընդհանրապէս, որպէսզի հնարաւոր լինի բանաձեւի ձեւաչափով անցկացնել, Պաղեստինի ժողովրդի եւ Միջին Արեւելքի տարբեր ոճրագործութիւնների համար իրականացւել է, սակայն Մեծ Եղեռնի կապակցութեամբ այն չի անցել Իրանի Իսլամական խորհրդարան: Յուսով ենք, այս տարի կը յաջողենք այդ բանաձեւն անցկացնել: Այս տարի նաեւ Թեհրանում տեղի է ունենալու Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ Հայ Առաքելական Եկեղեցու երկխօսութեան նիստ: Հետեւաբար, լիայոյս ենք, որ այս տարի այն տեղի կունենայ եւ կընթանայ երկխօսութիւն Իսլամ եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ: Առաջիկայ աշխատանքներում է նաեւ երիտասարդների եւ ընդհանրապէս այդ ոլորտի եւ գործարարների համար նոր աշխատանքի հնարաւորութիւնների ապահովման հարցը, ինովացիոն կենտրոնների ստեղծման գաղափարը, նաեւ ստարթափների համար համատեղ աշխատավայրեր կամ coworking space-ներ ստեղծելու միտքը: Յուսամ այսպիսով հնարաւոր կը դառնայ նրանց համագործակցութեամբ այդ աշխատանքներն իրականացնել: Բնականաբար, մի շարք այլ հարցեր կան իրաւական դաշտում, որոնց նաեւ հետամուտ ենք:

Վերջում եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնում մեր գիտակից ժողովրդին Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւններին մասնակցութեան համար եւ շնորհաւորում եմ Իրանական Նոռուզը եւ Ս. Յարութեան տօնների առիթով:

Նոր տարւան կրկին ցանկանում եմ, ցոյց տալ իմ առանձնայատուկ վերաբերմունքը ժողովրդին, արձանագրելով, որ այդ վերաբերմունքը շարունակւելու է:

– Շնորհակալութիւն:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button