ԹեհրանՀամայնքՄշակութային

Ֆլամենգօն՝ «Կոմիտաս»-ի բեմից Գիտառի վարպետ՝ Ռոմիկ Յովհաննիսեանի բացառիկ կատարմամբ

Համերգի հասոյթը յատկացւելու է արցախահայութեանը

«ԱԼԻՔ» – Թեհրանահայ երաժշտասէրները Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահում առիթ կունենան ունկնդրելու ֆլամենգոյի վարպետ եւ անւանի գիտառահար Ռոմիկ Յակոբեանի բացառիկ կատարումներին: Նախաձեռնութիւնը Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեանն է:

Համերգը տեղի կունենայ ուրբաթ, հոկտեմբերի 13-ին, որի ընթացքում Ռոմիկ Յովհաննիսեանն իր խմբի ընկերակցութեամբ  հանդիսատեսին է ներկայացնելու իր ստեղծագործութիւններից 12-ը, որոնք, ի դէպ տեղ են գտել իր ստեղծագործութիւնների երկրորդ՝ «Էլկամինօ» (կեանքի ճանապարհ) ալբոմում:

Անւանի գիտառահարը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում կարեւորեց ներկայ իրավիճակում հայ ժողովրդի մէջքն ուղղող ծրագրերն ու միջոցները, որոնցից ամենաազդեցիկը երաժշտութիւնն է ու ստեղծագործող ոգին: Նա նշեց նաեւ, որ համերգը հասոյթը յատկացւելու է բռնի տեղահանւած արցախահայութեանը, միաժամանակ շնորհակալութիւն յայտնելով հանդիսատեսին, ով իր ներկայութեամբ աջակից է լինելու նաեւ արցախահայերին:

Նա յաւելեց, որ համերգով հանդիսատեսը կը ծանօթանայ երաժշտութեան այս տեսակի ժանրային իւրայատկութեանը, որում տեղ են գտել նաեւ հայկական երանգներով հատւածներ (ջութակի կատարմամբ): Ֆլամենգոյի ստեղծագործական բնոյթը, դժւար ռիթմը եւ կատարման յատուկ հմտութիւններ պահանջող տեսակը Ռոմիկի դէպքում քիչ առաջ իր արած մեկնաբանութիւնն է յիշեցնում. «Ամէն մէկը թող իր աշխատանքը կատարի ամենաճշգրիտ շնչով, որպէսզի վերադարձնենք մեր յաղթական ոգին»:

Արդէն իսկ իսպանացի յայտնի լեգենդներին ու գործընկերներին ծանօթ Ռոմիկ Յովհաննիսեանն  ունի աւելի քան 40 տարւայ երաժշտական անցեալ: Նա գիտառի ուսուցման ուղղութեամբ երկու գրքերի հեղինակ է նաեւ:

«ԱԼԻՔ»-ին տւած Ռոմիկ Յովհաննիսեանի բացառիկ հարցազրոյցը ընթերցողին կը ներկայացւի թերթիս առաջիկայ համարներից  մէկում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button