Թեհրան

Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը թեւակոխեց իր 93-ամեակը

«ԱԼԻՔ» – Թեհրանի բազմամեայ հայկական համայնքը իր դարաւոր գոյութեան տարիներին հիմքն է դրել հայկական մարզա-մշակութային միութիւնների, որոնց յարկերի տակ հայեցի դաստիարակութիւն են ստացել մեր սերունդները, նրանց փոխանցւելով հայկական մշակոյթը, գրականութիւնը եւ մի խօսքով հայկական բազմաոլորտ արւեստի պատառիկները, որոնք Սփիւռքում հայի գոյատեւման գրաւականներ են համարւում:

Ազգային ոգով տոգորւած մեր մարզա-մշակութային միութիւններից է՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը, որը բոլորեց իր 93-ամեակը:

Այդ առիթով թւականիս՝ նոյեմբերի 2-ին միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն, իսկ մուտքի մօտ Չհարմահալ գաւառի հայկական հագուստով հիւրերին դիմաւորում էր միութեան անդամուհի Լիլիան Աղանեանը (Նորաւեան):

Սկզբում միութեան անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան նախագահ Վազրիկ Յակոբեանը, ով շնորհաւորելով միութեան 93-ամեակը, ողջոյնի խօսք փոխանցեց ներկաներին: Նա ապա հակիրճ գծերով ներկայացրեց օրւայ առիթով հրաւիրւած բանախօսի կենսագրական տւեալները:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել Սպահանի հայոց թեմի ազգային-հասարակական եւ գաղափարական վաստակաւոր գործիչ Թաթուլ Օհանեանը: Բանախօսը համապարփակ գծերով ներկայացրեց Չհարմահալ գաւառի եւ ապա «Չհարմահալ» միութեան պատմական տւեալները: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց. «Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը շուրջ մէկ դար եղել է ժողովրդի կողքին, լացել է ժողովրդի հետ, խնդացել է ժողովրդի հետ, հոգացել է ժողովրդի կարիքները եւ փորձել է աջակցել, իր շրջապատին եւ անհատ հայրենակիցներին, որի մասին կարելի է երկար խօսել»: Բանախօսը ապա անդրադարձաւ Չհարմահալ գաւառի պատմական տւեալներին եւ նշեց, որ չհարմահալցիները շատ յստակ տւեալների հիման վրայ Շահ Աբբաս թագաւորի հրամանով Իրան են բերւել պատմական Հայաստանի Բասէն գաւառից: Բասէնը միշտ իր կեանքում տեսել է աւար, աւեր, բռնութիւն, տեղահանութիւն եւ կոտորած, սակայն դիմացել է մինչեւ Հայոց Ցեղասպանութեան տարիները: Բանախօսը մանրամասն անդրադարձաւ Իրանի տարբեր քաղաքներում ու տարածքներում եւ յատկապէս՝ Չհարմահալ գաւառի Հաջիաբադում բասէնցիների տեղակայման մասին: Անդրադառնալով Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սկզբնական անւանումներին, բանախօսը ընդգծեց, որ նախ այն կոչւել է «Արօր» ի յիշատակ գիւղացիութեան խորհրդանիշ արօրի, սակայն ժամանակի վարչութիւնները տեղեկանալով, որ նոյն անունով միութիւն է գործում Թաւրիզում, անւանափոխել են «Չհարմահալի ուսումնասիրաց միութիւն», յետոյ ժամանակի ընթացքում նկատի առնելով, որ այն միայն Չհարմահալին չէ, անւանափոխել են Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան: Բանախօսը կարեւորութեամբ ընդգծեց, որ միութիւնը քայլեր է կիրառել ըստ առարկայական պայմանների եւ նշեց, որ որեւէ միութիւն, ժողովուրդ կամ պետութիւն, որը առարկայական պայմանների ներքոյ չստեղծի իր ենթակայական պայմանները այն կը դատապարտւի ոչնչացման եւ յստակեցրեց, որ մեր միութիւնները հէնց այս հիմունքով են ընթանում, որը իրենց գոյատեւման գրաւականն է:

Միջոցառման հաղորդավարն էր վաստակաւոր միութենական Հայրիկ Աղանեանը, ով իր խօսքերի ընթացքում անդրադարձաւ միութեան ազգանւէր աշխատանքներին եւ գնահատանքով խօսեց թեմակալ առաջնորդի՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անվերապահ հովանաւորութեան եւ համայնքի ազգային իշխանութեան ու կառոյցների մասին, որոնք միշտ նեցուկ են հանդիսացել միութեանը, որով Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը հնարաւորութիւն է ունեցել անխափան շարունակել իր ուղին:

Հանդիսութեանը հրաւիրւել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախագահ Վրթանէս Մկրտչեանը, ով իր շնորհաւորանքը փոխանցեց եւ նշեց, որ այսօր Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնը անցեալի հսկայ փորձերով շարունակում է իր ուղին դէպի ապագայ:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորեց յանձնառու միութենականների դերը համայնքային եւ միութենական աշխատանքները սահուն ընթանալու առումով: Նա անդրադարձաւ միութեան յարկի տակ աշխատանք ծաւալած զանազան միաւորների աշխատանքներին եւ յոյս յայտնեց, որ արւեստի ու մարզանքի ոլորտում աշխատող միաւորները էլ աւելի աշխոյժ շարունակեն իրենց ընթացքը:

Ծրագրի ընթացքում, ներկաներին խօսք փոխանցեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, կարեւորելով մարզա-մշակութային միութիւնների անմնացորդ դերը համայնքային կեանքում եւ ողջունեց միութեան հիմնադրման 93-ամեակը:

Հանդիսութեանը հրաւիրւել էին ազգային մարմինների, կառոյցների, քոյր միութիւնների եւ միութեան տարբեր միաւորների ներկայացուցիչներ:

Միջոցառման գեղարւեստական յայտագրում մեներգերով ելոյթ ունեցան միութեան «Ուրարտու» երգչախմբի մեներգիչները, ղեկավարութեամբ՝ Սերժիկ Միրզայեանի, դաշնակահար Ժոզէֆ Տէր-Գալստեանի: Իրենց մեներգերով հանդէս եկան Ֆրէդ Մաւաթեանը, Լիլիան Աղանեանը, Առլետ Արամեանը, Սեդա Մկրտումեանը, Ռիմա Իսաղուլեանը եւ Էմիլի Ինջիրղուլեանը: Հանդիսութեանը հրաւիրւած էին ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ միութենականներ: Ընթացքում կատարւեց նւիրատւութիւններ, որոնք տրամադրւելու են Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Արցախի տուժած հայրենակիցներին նպաստելու յանձնախմբին:

Միջոցառումը մէկտեղւած էր ընդունելութեամբ:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button