Մշակութային

Ձայնիւ երկրորդ առ Տէր կարդամ

Թողութիւն տուր, Տէ՛ր, ծանըր խաւարին,
միայն թէ թող Նա թողնի հեռանայ:
Թող ծառե՛րն անգամ (առանց եւ քամու)
յարգանքով Նրա առջեւ կեռանան,
միայն թէ թող Նա թողնի հեռանայ:
Մենք պահանջ չունենք,
մենք գոհ ենք նոյնիսկ,
միայն թէ թող Նա թողնի հեռանայ:
Մենք խոստանում ենք,
եւ մենք իսկապէ՛ս
Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանայ,
միայն թէ թող Նա թողնի հեռանայ…

Իսկ թէ հա՛րկ լինի, նամանաւանդ պէտք,
ես Խաւարի հետ կը մեկնեմ Ինքըս`
դառնալով Նրա թագաւորութեան
հին Հպատակն ու նոր Քաղաքացին`
անդարձ կը մեկնեմ Խաւարի հետ Ես,
միայն թէ մեր այդ մեկնումից յետոյ
մամանի ինքը Արշալո՜յսը,
գա՛յ,
ու եթէ մի քիչ տխրի, որ չկամ,
բայց մի քիչ յետոյ
եւ ուրախանա՜յ, որ իմ կորստով
կորել է նաեւ ինքը Խաւարը…

Արշալո՞յսը գայ,
եւ իր կտրւած պորտից պոկւելով`
նորածին օրը ալ-կարմիր շնչի
եւ ինքն էլ զգայ,
որ իր այդ շնչով խոնաւ ու տաքուկ
այնպէ՜ս է լցւում աշխարհը կրկին,
ինչպէս տկճորը արնագոյն գինով,
եւ այդ լցումի թրթիռը հսկայ
մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով`
իբրեւ մի սարսուռ,
որ մեզ կապում է անտես կապերով
Աստւածների հետ,
դարձնում նրանց հետ մեզ յարաբերող,
բայց եւ առնչում մեզ ովկիաններին,
որոնց անվախճան ու տարուբերող
մակընթացութիւն-տեղատըւութիւնն
այլ բան չէ արդէն,
քան թէ աննշան մեր զարկերակի
նշանակալից արձագանգը մեծ
մեզնից սկսւող տարածութեան մէջ…

Պարոյր Սեւակ
17.03.1967 թ.
Արզնի

Առնչւող Յօդւածներ

Back to top button