Մշակութային

Ադրբեջանը հիմա էլ Տաթեւի վանական համալիրն է ներկայացնում որպէս աղւանական, իբր «պատմական ադրբեջանական տարածք»

Մինչ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանաւորւածութիւնների, փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, Ալէն Սիմոնեանն էլ, թէ Հայաստանից ասել են «Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստան են», դրա համար Ալիեւն էլ հայելային կրկնում է «Էրիւանի», Սեւանի մասով, Ադրբեջանն արդէն «իրենով է անում» Հայաստանի պատմա-ճարտարապետական յուշարձանները։ «Հայքի» մշակոյթի օմբուդսմէն, ադրբեջանագէտ Յովիկ Աւանէսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թէզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։

«1918 թւականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականութեան հետեւանքով աշխարհի քարտէզի վրայ յայտնւեց Ադրբեջան արհեստածին պետութիւնը, որը չունէր սեփական ոչինչ՝ ոչ պատմութիւն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առաւել եւս Ադրբեջան անւանումը, ոչ սեփական տարածք, ոչ մշակոյթ, որպէս ադրբեջանցի ներկայացնելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին՝ թալիշներ, ուդիներ եւ այլn։ Կեղծելով այդ ամէնը եւ փորձելով ստեղծել սեփական ազգ, մինչ օրս գտնւելով ինքնութեան փնտրտուքի մէջ, առաջ քաշելով ադրբեջանցիների ծագման տասնեակ վարկածներ՝ Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգութեան իւրացման եւ ոչնչացման քաղաքականութիւն, որը, բնականաբար, իրականացնում է նաեւ հայերի նկատմամբ, որը լինելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից մէկը, ունենալով սեփական քաղաքակրթութիւնը՝ համաշխարհային քաղաքակրթութեան մաս է կազմում»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Յովիկ Աւանէսովը։

Նա նշեց, որ Ադրբեջանի՝ պատմութիւնը կեղծելու քաղաքականութեան առանցքային մասն է կազմում հայկական մշակութային ժառանգութեան աղւանականացման քաղաքականութիւնը, որը ձեւաւորւել է դեռեւս 1960-ական թւականներին. «Եթէ այդ ժամանակահատւածում որպէս աղւանական ներկայացնում էին Արցախի մի շարք պատմաճարտարապետական յուշարձաններ՝ Գանձասար, Ամարաս, Յակոբավանք, Ծիծեռնավանք, ապա այժմ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան որպէս աղւանական է ներկայացնում ոչ միայն ամբողջ Արցախի տարածքում գտնւող պատմաճարտարապետական բազմաթիւ յուշարձաններ, այլ նաեւ որպէս աղւանական է համարում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, անգամ Վրաստանի տարածքում գտնւող մի շարք հայկական եկեղեցիներ, բնականաբար, նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւող պատմաճարտարապետական յուշարձանները»։

Աւանէսովն ասաց, որ վերջերս ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակւեցին Տաթեւի վանական համալիրի պատկերով լուսանկարներ, որի վրայ գրւած է, որ «այն աղւանական մշակութային ժառանգութեան բաղկացուցիչ մաս է»։

«Բնականաբար, իրականում Տաթեւի վանական համալիրը հայկական պատմաճարտարապետական յուշարձան է եւ այն, որ այդ յուշահամալիրը հայկական է եւ ոչ մի առնչութիւն չունի աղւանականի հետ, բազմաթիւ փաստեր կան, ոչ միայն հայ, նաեւ օտար հեղինակներն են դրա մասին շեշտում։

Յատկանշական է, որ Տաթեւի վանական համալիրը ոչ միայն ինքնատիպ լուծումներով պատմաճարտարապետական յուշարաձան է, նաեւ ռազմավարական կարեւոր դիրք է զբաղեցնում, ժամանակին եղել է տարածաշրջանի կրթական, հոգեւոր խոշորագոյն կենտրոններից մէկը։ Այդ է նաեւ պատճառը, որ Ադրբեջանն այդ վանական համալիրը ներկայացնում է որպէս աղւանական։

Մէկ այլ տեսանիւնից էլ նայենք. քանի որ Տաթեւի վանական համալիրը գտնւում է Սիւնիքի տարածքում եւ մեր հայրենիքի այդ հատւածը Ադրբեջանի քարոզչամեքենան ներկայացնում է որպէս Զանգեզուր, ապա աղւանական ներկայացնելու միւս կարեւոր թէզը, որին պէտք է անդրադառնանք այն է, որ այդ քայլով Ադրբեջանը եւս մէկ անգամ տարածքային յաւականութիւն է ներկայացնում ողջ Սիւնիքի նկատմամբ։ Այդ համատեքստում է Ադրբեջանը Տաթեւի վանական համալիրը ներկայացնում որպէս աղւանական՝ իբր դրանով փորձելով ապացուցել, որ իբրեւ Տաթեւի վանական համալիրը, քանի որ աղւանական է, համարւում է «պատմական ադրբեջանական տարածք»։

Տաթեւի վանական համալիրը ոչ մի առնչութիւն չունի Ադրբեջան արհեստածին կազմաւորման հետ, քանի որ հազարամեակների պատմութիւն ունեցող բանկավայրը չի կարող պատկանել ընդամէնը 1918 թւականին քարտէզի վրայ ձեւաւորւած ցեղասպան արհեստածին պետութեանը, որի անգամ Ադրբեջան անւանումն իրենը չէ»,- ասաց նա։

Ադրբեջանագէտը մէկ այլ օրինակ էլ ներկայացրեց. «Թշնամի պետութեան տարածքային նկրտումների հաւաստիք եւ որպէս այլոց պատմաճարտարապետական յուշարձանները գրպանելու պարազիտային քաղաքականութիւն հանդիսանում է Էջմիածնի Մայր տաճարի նկատմամբ ադրբեջանական յաւակնութիւնները։ Ոչ միայն ադրբեջանական տարբեր սոցիալական հարթակներն են Էջմիածնի Մայր տաճարը ներկայացնում որպէս աղւանական մշակութային ժառանագութիւն, այլ Ադրբեջանի գործող դպրոցական դասագրքերում»։

«Արհեստածին կազմաւորումը նաեւ Հայաստանի ողջ պատմաճարտարապետական յուշարձաններն է ներկայացնում Ադրբեջանին պատկանող, հրապարակում են տարբեր լեզուներով։ Դրանցից հերթականը «արեւմտեան Ադրբեջանի պատմաճարտարապետական յուշարաձաններ» կոչւող այսպէս ասած աշխատութիւնն է, որի շապիկի վրայ անգամ Գառնիի հեթանոսական տաճարը կայ։

Սա հայկական պատմաճարտարապետական յուշարձանների եւ հայկական մշակութային ժառանագութեան իւրացման Ադրբեջանի պետական քաղաքականութեան հերթական «ապացոյցներից» մէկն է։ Այսպիսի «ապացոյցները» տասնեակներով են, որոնք խօսում են այն մասին, որ Ադրբեջանի նպատակն է նման թէզերով «պատմական հիմքեր» ստեղծել, իբր դրա վրայ յենւելով՝ ապացուցել, թէ տեսէք, սրանք փաստեր են, որոնք խօսում են, որ Հայաստանի տարածքը մեր «պատմական տարածքն է»»,- ասաց Յովիկ Աւանէսովը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button