ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ․ երկրորդ համարը

Փետրւարի 29-ից արդէն կարելի էր ընթերցել Դրօշակի 2024 թ. փետրւարի համարը: Փետրւար ամիսը, յիշարժան իրադարձութիւնների առումով, խորհրդանշական արժէք ունի հայութեան համար: Այդ իւրայատուկ շունչը ընթերցողը կը զգայ ծանօթանալով պաշտօնաթերթի ներկայ համարի հետ՝ շապիկի առաջին էջից մինչեւ վերջին էջը: Փետրւարեան սոյն համարի «Առաջնորդող»-ի վերնագիրն է «Ինչո՞ւ իշխանափոխութիւն տեղի չի ունենում»: Յօդւածում փորձ է արւում հիմնական մի քանի գործօնների ազդեցութեամբ բացատրել, թէ ինչու տեղի չի ունենում քաղաքական իշխանափոխութիւնը, երբ այն հասունացած պահանջ է Հայաստանի բնակչութեան մեծամասնութեան համար:

Երկրի ներքին մթնոլորտի ու գործընթացների պատճառները Մանուէլ Մկրտչեանը պարզաբանում է քննութեան նիւթ դարձնելով հասարակութեան մէջ իշխող մտայնութիւնները, ինչպէս եւ դրանց օրինաչափութիւնները:

Հրանտ Մելիք-Շահնազարեանը անդրադառնալով հայ-ադրբեջանական քաղաքական-դիւանագիտական գործընթացներին՝ ներկայացնում է դրանց վրայ արտաքին շահագրգիռ ուժերի ներգործութիւնը, որոնցով էլ պայմանաւորւած է տւեալ գործընթացների առկայ վիճակը:

Հայութեան համար փետրւար ամսին տեղի ունեցած ամենանշանակալից եւ պատմական իրադարձութիւններից մէկն է 1921 թւականի Փետրւարեան ապստամբութիւնը: Խմբագրութիւնը այս առիթով վերահրատարակել է «Դրօշակ»-ի 1926 թւականի մարտի համարում ազգային-պետական նշանաւոր գործիչ Կարօ Սասունու յօդւածը: Լինելով Փետրւարեան իրադարձութիւնների ուղղակի եւ ակտիւ մասնակիցներից մէկը Սասունին իր յօդւածում ներկայացնում է ապստամբութեան բռնկման դրդապտճառները, ընթացքը, ինչպէս եւ ազգային վեհ ծառացման պատմական նշանակութիւնը:

Ուշագրաւ բազմաբնոյթ այլ յօդւածների շարքում, որոնք անպայման կը հետաքրքրեն ընթերցողներին, փետրւարի այս համարում տեղ է գտել նաեւ գրականագէտ Դաւիթ Գասպարեանի յօդւածը, որը վերնագրւած է. «Չարենցը քաղաքական մեղադրեալ՝ նացիոնալիստ, դաշնակցական ժողովրդի թշնամի»: Առաջին հայեացքից ներկայացւող նիւթը չի առնչւում 1920-ականների, 1980-ականների եւ մեր օրերի անցքերի հետ, սակայն ակնյայտ է բոլոր այս իրադարձութիւնների օրգանական ներքին կապը՝ բռնութեան երեւոյթը հայ ժողովրդի ազգային եւ մարդկային իրաւունքների, նրա արժէքների եւ ազատութիւնների դէմ: Անկախ նրանից, թէ ում դէմքով են հանդէս գալիս այդ իրաւունքը բռնաբարող, հայութեան զանգւածներին ու անհատ գործիչներին քաղաքական հալածանքների ենթարկող դահիճները:

«Դրօշակ»-ի 2024 թ. երկրորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

«Դրօշակ» թիւ 2, 2024 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button