Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

«Հայ երիտասարդութիւնը խորացող մարտահրաւէրներին ընդառաջ» խորագրով կլոր սեղան-քննարկում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան նախաձեռնութեամբ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում մարտի 7-ին տեղի ունեցաւ «Հայ երիտասարդութիւնը խորացող մարտահրաւէրներին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ մասնակցութեամբ շուրջ 20 տարբեր ուսումնական հաստատութիւնների ուսանողների։ Քննարկման խօսնակներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հայր Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը եւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը։

Արմենուհի Կիւրեղեանը անդրադարձաւ կրթութեան ոլորտում ծառացած մարտահրաւէրներին, ի թիւս այլնի, օրինակ, ԲՈՒՀ-երի պրոֆեսորա-դասախօսական կազմին. «Պրոֆեսորա-դասախօսական կազմում նկատում ենք ակնյայտ ծերացում: Այսօրւայ վարած քաղաքականութեան արդիւնքում երիտասարդները գրեթէ չեն ձգտում մտնել ԲՈՒՀ-ական համակարգ, որովհետեւ այդ համակարգն իրենց համար հետաքրքիր չէ նախ եւ առաջ ֆինանսական առումով: ԲՈՒՀ-ական համակարգում պրոֆեսորա-դասախօսական կազմի աշխատավարձը մեղմ ասած ծիծաղելի է: Երեւանում միջինում պրոֆեսորի աշխատավարձը 180 հազար դրամ է, իսկ Գիւմրիում, Վանաձորում՝ 150 հազար դրամի կարգի, դոցենտինը՝ 130-140 հազարի կարգի, դրա համար էլ երիտասարդը չի ուզում այդ ոլորտ մտնել: Արդիւնքում՝ ստացւում է, որ վաղը-միւս օրը չենք ունենալու այն պրոֆեսորա-դասախօսական կազմը, որը կապահովի արժանապատիւ եւ որակեալ կրթութիւն մեր ԲՈՒՀ-երում: Այս կառավարութեան առջեւ պէտք է նման հարցադրումներ դնել: Աշխատավարձի բարձրացումը շատ կարեւոր է: Նաեւ ԲՈՒՀ-երը երիտասարդին հետաքրքիր չեն, որովհետեւ մեր ԲՈՒՀ-երն աւելի շատ ակադեմիական բնոյթի են, հետազօտական մասը մի քիչ պակասում է»: Արմենուհի Կիւրեղեանը խօսեց նաեւ ԲՈՒՀ-ական համակարգում կառավարման խնդիրներից:

Հայր Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանն իր խօսքում նշեց, որ երիտասարդները ոչ միայն մեր երկրի, Եկեղեցու ապագան են, այլեւ՝ ներկան։

«2021 թւականի փետրւարի 4-ին ՀՀ կառավարութիւնը հաստատեց հանրակրթութեան պետական չափորոշիչը. գրւեցին ձեռնարկներ, դասագրքեր։ Քաղաքականութիւնը հետեւեալն է՝ ինչ տեսակ մարդ ենք ուզում պատրաստել, բայց որեւէ խօսք չկայ մարդու ինքնութեան ամրապնդման ու զօրացման մասին։ Մայր Աթոռն ասում էր, որ նախագիծը պէտք է վերանայւի, ստեղծւի չափորոշիչ, որը պէտք է դաստիարակի մի հայ, որն ամբողջովին պէտք է կապւած լինի իր հող ու ջրին… Որ դասարանում մտնում է կրթութեան չափորոշիչը, այդ դասարանից դուրս է գալիս Հայոց Եկեղեցու պատմութիւնը»,-ցաւով արձանագրում է. Զաքարիա ծ. վրդ. Բաղումեանը։

«Հայ Եկեղեցին նաեւ ազգային կառոյց է, որ մեր ժողովրդի կեանքի բոլոր փուլերում դերակատարութիւն է ունցել»,-այս մասին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնում կազմակերպւած կլոր սեղան-քննարկմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումեանը։

«Եկեղեցին, եթէ պաշտօնապէս իր մտահոգութիւններն է արտայայտում տարբեր խնդիրների վերաբերալ, եւ եթէ սա ընկալւում քաղաքականութեամբ զբաղւել, ուրեմն մենք քաղաքականութեամբ զբաղւում ենք. Եկեղեցին չի կարող չխօսել Արցախի խնդրի մասին, չի կարող չյիշեցնել մեր վանքերի, արցախցու իրաւունքների մասին, Եկեղեցին պիտի լինի բարոյականութեան պահապանը, քարոզողը»,- ասաց Հայր Սուրբը՝ նշելով. «Կարծես կորցրել ենք վտանգի զգացողութիւնը… Պէտք է հայրենասիրական ճառերից անցնենք գործնական հայրենասիրութեան»։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button