ՀարցազրոյցՄշակութային

Աւրորան՝ յանուն մարդկութեան, ինքնամոռաց նւիրումի ցուցիչ

Անիմացիա, տարրերի պատկերացում, գունային ստեղծանում. «Աւրորայի լուսաբացը» ընդլայնում է երեւակայութեան սահմանները

Հարցազրոյց՝ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակեանի հետ։

Աւրորա Մարդիգանեանն ընդամէնը 14 տարեկան էր, երբ Ցեղասպանութեան դաժանութիւնների ենթարկւելուց եւ ամբողջ արհաւիրքը ապրելուց յետոյ, նրան յաջողւում է հասնել Ամերիկա, նրա կեանքի ողբերգութեան պատմութիւնը վերածւում է մշակութային շշմեցնող սենսացիայի:

Ռեժիսոր Իննա Սահակեանի մշակած Աւրորայի՝ նոյն ինքը Արշալոյս Մարդիգանեանի կեանքի պատմութեան հիման վրայ նկարահանւած ֆիլմը, ներկայացնում է գլխաւոր հերոսուհու կերպարը, ով դառնում է ԱՄՆ-ի պատմութեան մէջ ամենամեծ բարեգործական արշաւի դէմքը՝ Մերձաւոր Արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէի բարեգործական արշաւի հիմնաքարը: Աւրորան ընդհանուր առմամբ հաւաքում է աւելի քան 116 մլն. դոլար գումար, որը յատկացւում է հայ որբերին:

Աւրորայի վաւերագրական արխիւային հարցազրոյցները ֆիլմի հիմքում են, դեռատի աղջիկը յայտնւում է Հայոց Ցեղասպանութեան սարսափելի ոճրագործութիւնների ճիրանում, թուրքական հարեմի գերութեան մէջ անցնում է ցաւագին արահետներով, սակայն իր վճռակամութեան, խոհեմութեան, եւ անշեղ կամքի շնորհիւ նրան յաջողւում է փրկւել:

Բանն այն է, որ կեանքի ամենախորը դաժանութիւնները, ամենածանր ճնշումները, նոյնիսկ չեն դրդում Աւրորային չարանալ, նա մշտապէս ապրել է յոյսով, որ կը գտնի իր եղբօրը՝ Վահանին: 1917 թւականին Զօրավար Անդրանիկի եւ Մերձաւոր Արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէի աջակցութեամբ ԱՄՆ-ում, Աւրորայի կեանքի իրական պատմութեան հիման վրայ հրատարակւում է «Յօշոտւած Հայաստան» գիրքը: 1919 թ.-ին Արշալոյսը ինքնամոռաց համաձայնում է իր կեանքի դաժան փորձութիւնների մասին պատմող հոլիվուդեան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում կերպարանաւորել ինքն իրեն: Երիտասարդ աղջնակը, լաւագոյնն է ընկալում, որ ֆիլմը մեծապէս կը նպաստի աշխարհում հայերի կոտորածների մասին մասսայական հնչեղութեան ապահովմանը: «Հոգիների աճուրդ»-ը իր ժամանակի ամենամեծածաւալ եւ յայտնի կինոստեղծագործութիւններից մէկն է, այն ցուցադրւել է ոչ միայն Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ, նաեւ, Կանադա, Ֆրանսիա, Անգլիա եւ այլ երկրներում, նոյնիսկ հասել է Աւստրալիա։

Հետաքրքրական է, որ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխութեան «լաւագոյն արտասահմանեան ֆիլմ» անւանակարգում, «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցոյթում, արժանացել է «Արծաթէ ծիրան»-ին եւ բազում այլ մրցանակների:

Աւրորան ներկայացնում է, թէ ինչպէս է հնարաւոր դիմակայել ճակատագրի դաժան հարւածներին, անցնել անասելի ցաւի ու դաժանութեան միջով, չկորցնել յանուն մարդկութեան կեանքը նւիրաբերելու առաքինութիւնը եւ ամենակարեւորը՝ մարդ մնալու ունակութիւնը:

Տիկին Սահակեան, Ձեր ֆիլմի շնորհիւ հայութիւնը կրկին վերադառնում է իր համար ցաւոտ, բայց միեւնոյն ժամանակ մեզ միմեանց ամուր կապող թեմայի՝ Ցեղասպանութեանը, 7 տարի էք աշխատել այս ֆիլմի ուղղութեամբ: Այս անգամ, մէկ դարեայ պատմութեան ներկայացման լուծումն առաւել նորարական է, անիմացիան: Ինչո՞ւ հէնց այս եղանակով, հետաքրքրական է, որ այդպիսով կարծես էկրանների յետեւից մի ամբողջ ազգի ցաւն էք ներկայացնում, ընդհուպ կարծես, դիտողին գունաւոր վահան էք տալիս, կարծես հոգ էք տանում, որ էկրանների յետեւից, չցաւեցնէք: Պաշտպանում, հոգատարութիւն էք ցուցաբերում, անիմացիայի գոյներից եւս ընկալելի է այդ բծախնդիր ուշադրութիւնը: Այսօրւայ դրութեամբ, երբ դաժանութեան առումով, մեր օրերը չեն զիջում Ցեղասպանութեան օրերին, երբ Արցախից հազարաւոր հայեր բռնի տեղահանութեան ենթարկւեցին, ֆիլմի պատգամը, նոյնն է՞: Հայերի նկատմամբ պատմութեան տարբեր էտապներում իրականացւող խտրականութիւն բարձարաձայնելն է՞, այսինքն պատգամը անփոփո՞խ է:

– Այդպէս է, անիմացիան տեխնիկական տեսակէտից, թէեւ եւս շատ բարդ լուծում էր, այնուամենայնիւ, այն հնարաւորութիւն է տալիս երեւակայութեան անսահման օգտագործմանը: Այսինքն, դու ընդհանրապէս սահմաններ չունես, թէ ինչ գործիքներով ես պատմելու այդ պատմութիւնը, անիմացիան նաեւ ստեղծագործական եւ երազային երանգների օգտագործման առիթ է տալիս՝ Աւրորայի պարագային պայծառ երանգներից մինչեւ դաժան իրավիճակները:

Անկեղծ ասած, երբ սկսել էի ֆիլմի վրայ աշխատել, ամենավատ մղձաւանջներում էլ չէի պատկերացնի, որ ֆիլմն այդքան արդիական կը դառնար այսօր, որովհետեւ նպատակն էր, պատմութեան վրայ լոյս սփռել եւ պատմական անարդարութիւնը վերականգնել որոշակիօրէն, գոնէ կինոլեզւով, գոնէ Աւրորայի պատմութեան տարածմամբ, մի տեսակ իր գործը շարունակելով, որովհետեւ իմ նպատակն էլ էր հէնց աշխարհին լուսաբանել, թէ ինչ է կատարւել հայերի հետ: Աւրորայի ամբողջ կեանքը շատ ծանր փորձութիւնների միջոցով է անցել, բայց նա երբեք չէր յանձնւում, որովհետեւ նպատակն էր օգնել ազգին, աշխարհին լսելի դարձնելով, թէ ինչ է կատարւել հայերի հետ: Ֆիլմի վերջում Աւրորայի վերջին հարցազրոյցում, նա ասում է անգամ այս ամէն ինչի միջով անցնելով չի ցանկանում, որ թուրքերը մահանան կամ սպանւեն, ցանկանում է միայն արդարութիւնը վերականգնւի եւ իր ամբողջ ցանկութիւնն է, որպէսզի պատմական արդարութիւնը վերականգնւի:

Ցաւօք նոյն իրավիճակում ենք այսօր եւ ոչ միայն Եղեռնի հետ կապւած, այլ, նաեւ, այսօրւայ իրավիճակով պայմանաւորւած: Որովհետեւ նոյն անարդարութեան չվերականգնւած Դատին, Ցեղասպանութեանը, ականատես եղանք սեպտեմբերին: Իհարկէ, ֆիլմի հնչեղութիւնը փոխւում է, որովհետեւ այս պահի դրութեամբ ցանկացած ցուցադրութեամբ, փորձում ենք համեմատութիւններ տանել այն ինչ կատարւեց այն ժամանակ եւ ինչ կատարւեց այսօր Արցախում, Արցախի ժողովրդի նկատմամբ: Նաեւ որոշակիօրէն մեր ֆիլմը զուգահեռներ տանելու միջոցով ապացուցում է, որ այսօր տեղի ունեցածը Ցեղասպանութիւն է: Ցաւօք այդ խնդիրներին քիչ են անդրադառնում միջազգային մամուլում: Կարեւոր է, որ միջազգային հանրութիւնը հասկանայ պատերազմի եւ Ցեղասպանութեան տարբերութիւնը, եւ այս օրինակով եւ քննարկումներով այդ գիծն ենք տանում, որ այն պատերազմ չէր, այն էթնիկ զտումներ էին, եւ ի սկզբանէ 10 ամիսների ընթացքում մինչեւ սեպտեմբերեան դէպքերը նպատակասլած ուղղւածութիւն էր դէպի նոր Ցեղասպանութիւն՝ Արցախի ժողովրդի եւ այդ իմաստով կարեւոր էր, եւ էմոցիոնալ իմաստով կարեւոր էր, որովհետեւ ինչքան էլ խօսքերով ասես՝ այո՛ մարդիկ լսում են, ապրումակցում են, բայց լրիւ այլ էմոցիաներ ես ունենում երբ ֆիլմը նայելուց յետոյ խօսակցութիւններ ես ունենում:

Կարծում եմ «Աւրորան» հիմնականում մարդու մէջ արթնացնում է մարդկութեան զգացումը, ապրումակցումը, չյանձնւելու, չչարանալու, լաւատես լինելու…:

– Նախ մարդկային էմպատիան է արթնացնում, երբ կարողանում ես ապրումակցել հերոսուհուն, յետոյ, բանն այն է, որ ֆիլմը կառուցւած էր մի մարդու վրայ, եւ այդ տեսակէտից ցանկացած ազգի հանդիսատես շատ էմոցիոնալ է մօտեցնում, որովհետեւ ռէալ մարդու պատմութիւն է հետեւում, որն անցնում է դժւարութիւններով եւ չի կոտրւում, յոյսը չի կորցնում, առաջ է գնում: Դրանից յետոյ խօսում է այն մասին, որ այսօր էլ են մարդիկ նոյն վիճակում, նոյն գաղթի ճանապարհով են անցնում եւ նոյն կերպ կոտրման վտանգի առջեւ են կանգնած: Լրիւ այլ ընկալում է այստեղ, քան զուտ աբստրակտ քննարկումները:

Ֆիլմի մասին պատմող այս տողերը ընթերցելուց յետոյ, մարդկանց մօտ անսահման ցանկութիւն կառաջանայ անիմացիան դիտելու, եւ հարց կառաջանայ ինչպէ՞ս է հնարաւոր դիտել:

– Սփիւռքում, ցաւօք, դեռ լայն տարածում չունենք, թէեւ, որոշ երկրներում ֆիլմը կինոթատրոններում է եղել: Բենիլուքս երկրներում՝ Բելգիա, Լուքսենբուրգ, Նիդեռլանդներ, ինչպէս նաեւ ԱՄՆ, Կանադա, տարբեր քաղաքների կինոթատրոններում, Լոնդոնում էլ է լինելու առաջիկայում, մասնաւորապէս Լոնդոնի ամենավաւերագրական կինոթատրոններից մէկում: Իրանում ունեցել ենք ցուցադրութիւն փառատօների շրջանակում, վաւերագրական եւ մի անիմացիոն փառատօնում: Քանի որ ֆիլմը դեռ փառատօնային կինոթատրոնային շրջանակում է, ի դէպ, որը արդէն վերջին է մօտենում, որովհետեւ մէկ տարուց աւելի ճանապարհին է եւ դեռ աւելի լայն հասանելիութիւն է անհրաժեշտ:

Օնլայն կամ հեռուստատեսային ցուցադրութիւնները աւելի ուշ շրջանում է լինում, բայց արդէն մօտենում է փառատօնային շրջանի աւարտին, հետեւաբար անհրաժեշտ է հասկանալ ինչպէս է յաջորդիւ ֆիլմը տարածւելու, ունենք տարբեր մտքեր ու ճանապարհներ: Սփիւռքում, ընդհանրապէս, ունենում ենք համատեղ ցուցադրութիւններ Սփիւռքի հայկական կենտրոնների հետ՝ իրենց հրաւէրով՝ կամ համատեղ առաջարկով, յատուկ ցուցադրութիւններ: Իրանի նման երկրում հեռուստատեսային ցուցադրութիւնները բարդ են, օրինակ ԱՄՆ-ում հանրային հեռուստատեսութեամբ ենք ֆիլմը հեռարձակում, կարեւորը փառատօնային կեանքն է: Բայց ամէն երկրի համար տարբեր են մօտեցումները, այնպէս որ շատ ուրախ կը լինենք Ձեզ մօտ էլ ցուցադրութիւններ ունենանք:

Տիկին Սահակեան, բարդ չէ՞ր արդեօք մէկ կերպարի միջոցով, հիմնականում կենտրոնանալով Աւրորայի վրայ ներկայացնել մի ամբողջ ազգի պատմութիւն:

– Դա որոշում եւ մօտեցում էր, ֆիլմը նկարահանւել է BARS MEDIA studio-ի կողմից, մենք վաւերագրական ֆիլմերի ստուդիա ենք եւ Հայաստանում գործող փոքր թիմով փորձում ենք նախագծեր կատարել, որոնք միջազգային հնչեղութիւն ունեն եւ ի սկզբանէ մենք նպատակ չունէինք պատմական ֆիլմ կատարելու կամ փաստավաւերագրական ֆիլմ կատարելու: Կարծում եմ բաւական շատ կան Ցեղասպանութեան մասին ֆիլմեր, բայց ցաւօք սրտի մեծ մասը խօսում են միայն հայ հանդիսատեսի հետ հիմնականում հայ հանդիսատեսի կամ շատ նեղ շրջանի հանդիսատեսների, պատմաբանների, ուսումնասիրողների հետ: Մեր նպատակն էր այնպիսի ֆիլմ ստեղծել, որը կը խօսի ցանկացած ազգի եւ հանդիսատեսի հետ, որը նեղ ազգային խնդիրներից կը բացի թեման դէպի համամարդկային ընկալում:

Այսինքն որպէս ռեժիսոր, Հայոց Ցեղասպանութեան ուղղութեամբ միջազգային եւ համամարդկային հնչեղութիւն ապահովելն է Ձեզ մոտիւացրել, ներշնչել, գործի ստիպել:

– Որպէս ռեժիսոր երբեք նպատակ չեմ ունեցել Ցեղասպանութեանն անդրադառնալու, որովհետեւ այն շատ բարդ եւ անձնական թեմա է, եւ մենք հայերս շատ սենտիմենտալ ենք դառնում այդ մասին խօսելուց, երկրորդ հերթին որպէս վաւերագրող հերոսներ չունես, որովհետեւ ցաւօք սրտի իրենք մահացել են, եւ ոչ էլ շատ պատմական, արխիւային, վիզուալ նիւթեր ունես, այսինքն ինքը պէտք է դառնար փաստավաւերագրական հեռուստատեսային ֆիլմ: Ես երբեք չեմ ցանկացել նման ֆիլմ կատարել եւ Ցեղասպանութեան թեմային անդրադառնալ, բայց երբ «Զօրեան» ինստիտուտի հետ համատեղ անում էինք մէկ այլ նախագիծ, երբ իրենք առաջարկեցին նաեւ նայել Աւրորայի հարցազրոյցները, ինձ, այն իրօք ներշնչեց: «Զօրեան» ինստիտուտը ունի աւելի քան 700 հարցազրոյցներ ձայնագրած Ցեղասպանութեան վերապրածների մասին, իրենց մէջ էր նաեւ Աւրորայի հարցազրոյցները: Երբ ես նայեցի Աւրորայի հարցազրոյցը քննարկեցինք մեր ստուդիայի եւ Զօրեանի թիմի հետ, ինքը այնքան հետաքրքիր կերպար էր որպէս մարդ՝ իր ամբողջ անցած ճանապարհով, այնքան վեր էր զուտ ազգայինից, այնքան բան էր արել դեռատի աղջիկ լինելով մեր ազգի համար, նաեւ այն, որ հոլիվուդեան աստղ էր դառել 17 տարեկանում: 1919 թւականին նկարահանւել էր իր կեանքի մասին ֆիլմում, որն ի դէպ առաջին ֆիլմերից էր հոլիվուդեան, որը նոյն հերոսուհին ինքն էր իրեն մարմնաւորում: Այնքան շերտեր ունէր, որ չխօսել ուղղակի իր պատմութեան մասին, մի տեսակ յանցագործութիւն կը լինէր, հետեւաբար այն դարձաւ նպատակ, հէնց այդ կնոջ կերպարը վերաստեղծել:

Կնոջ, որին կարող են բոլորը ապրումակցել, որի պատմութիւնը հետաքրքիր էր բոլորին, որի պատմութեան միջոցով կարելի է իր պրիզմայից տեսնել ինչ է կատարւում:

Ֆիլմի ընթացքին պատմական փաստերին, կարծես թէ այնքան էլ չէք անդրադառնում:

– Միգուցէ ես շատ փաստերի չեմ անդրադառնում, բայց քանի, որ ինքն է պատմում եւ իր տեսակէտից ես նայում, հասկանում ես ինչքան ինֆորմացիա էլ, որ ստանում ես, ստանում ես շատ անձնական եւ ինքը շատ աւելի էմոցիոնալ տեսակէտից ազդում է հանդիսատեսի վրայ, որովհետեւ բոլորը հետեւում են մի դեռատի աղջկայ փրկութեան, եւ իր ազգին օգնելու պատմութեանը: Կարծում եմ, ովքեր պատմական փաստերով են հետաքրքրւում, գնում են ու անձնական հետազօտութիւն են կատարում:

Շնորհակալ եմ, շատ:

– Աւելացնեմ, որ եթէ նայենք պատմութեան մէջ, անձնական պատմութիւններով, յաճախ են տարբեր ազգեր իրենց ցաւերը ներկայացնում, օրինակ ամբողջ աշխարհը գիտի Աննա Ֆրանկի պատմութիւնը, որպէս Հոլոկոստի ձայն, կամ քրդերի պատմութիւնը՝ Նադիա Մուրադի կողմից, այնպէս, որ հիմնականում անձնական պատմութիւնները մանաւանդ երիտասարդ աղջիկների կողմից յաճախ է վեր հանւում: Նաեւ նշեմ, որ Cinema Vérité փառատօնի շրջանակներում շուտով Documentary Animation-ի թեմայով workshop/masterclass է լինելու, որը ներկայացնելու եմ: Սփիւռքից նաեւ հնարաւոր կը լինի միանալ:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button